Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 28-12-2017
Տարվա լավագույն մարզիկները մեծարվեցին ու պարգեւատրվեցին
Հայաստանի տարվա լավագույն 10 մարզիկները մեծարվեցին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած մրցանակաբաշխության ընթացքում:
Ընդամենը հաշված օրեր առաջ հայտնի դարձավ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից առաջին անգամ անցկացված «Հայաստանի տարվա լավագույն 10 մարզիկ» մրցույթի՝ 10-յակում հայտնված մարզիկների անունները։ 

Մրցանակաբաշխությունը եւ անցնող տարվա ընթացքում հաջողությունների հասած մարզիկների մեծարումը երկար սպասեցնել չտվեցին․ այն տեղի ունեցավ դեկտեմբերի 27-ին։

Լավագույն մարզիկների տասնյակում ընդգրկված էին հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը եւ Մաքսիմ Մանուկյանը, սամբիստներ Գրիգոր Մխիթարյանը եւ Տիգրան Կիրակոսյանը, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը, մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը, ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը, հեծանվորդ Էդգար Ստեփանյանը, ինչպես նաեւ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը եւ շախմատիստ Լեւոն Արոնյանը։ Ի դեպ, վերջին երկուսը ներկա չէին միջոցառմանը։

Լեւոն Արոնյանը Էլ-Ռիադում այս օրերին մասնակցում է արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը, իսկ Հենրիխ Մխիթարյանն էլ «Մանչեսթեր Յունայթեդի» ակումբի հետ պատրաստվում է մեկնարկած «Boxing Days»-ին։ Երկու անվանի մարզիկների բացակայությունն էլ հարգելի էր։ Լեւոն Արոնյանի փոխարեն միջոցառմանը ներկա էր Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը։ Հենց Միքայել Անդրիասյանին էլ փոխանցվեց խորհրդանշական պարգեւը։

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանի փոխարեն պարգեւը հանձնվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ, գործադիր տնօրեն Արմեն Մինասյանին։ Ինքը՝ Հենրիխ Մխիթարյանը, մարզահամերգային համալիրում ներկաներին տեսաուղերձով դիմեց․ «Շնորհակալություն եմ հայտնում ջերմ վերաբերմունքի համար։ Ձեր աջակցությունն ինձ համար կարեւորագույն շարժառիթներից է միշտ հանդիսացել։ Ուրախ եմ ներկայացնելու Հայաստանը միջազգային հաթակում։ Կշարունակեմ ուրախացնել բոլորին»։




Լավագույնների տասնյակում ընդգրկվելու համար մարզիկները ստացան խորհրդանշական արձանիկներ։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից որպես նվեր ստացան «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաներ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով էլ՝ 2017 թ.-ի ընթացքում բարձր նվաճումներով աչքի ընկած բոլոր մարզիկները (ոչ միայն լավագույն տասնյակում հայտնվածները) եւ մարզիչները դրամական պարգեւներ ստացան: Այդ նպատակով հատկացվել էր 184 մլն դրամ:

Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ասպարեզում ունեցած մեծ վաստակի համար Սերժ Սարգսյանը նաեւ պատվավոր կոչումներ շնորհեց մի շարք մարզիկների եւ մարզիչների, որոնք նաեւ դրամական պարգեւներ ու նվերներ ստացան: ՀՀ սպորտի եւ ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհվեց ՀԱՕԿ նախագահի խորհրդական Ռուբեն Հակոբյանին, ՀԱՕԿ Շիրակի մարզի ներկայացուցչության տնօրեն Արմեն Բադեյանին, Ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահության անդամ Ռաֆիկ Խաչատրյանին։ ՀՀ վաստակավոր մարզչի պատվավոր կոչում շնորհվեց Գյումրիի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Իսրայել Միլիտոսյանին, ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Մելիք Ղուկասյանին, Գյումրիի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի հունահռոմեական ըմբշամարտի մարզիչ Արագ Խեբոյանին, «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» ՀԿ-ի նախագահ, հունահռոմեական ըմբշամարտի մարզիչ Գրիգոր Գրիգորյանին, Հայաստանի շախմատի ակադեմիայի մարզիչ Ռոման Հակոբովին, Հայաստանի բասկետբոլի աղջիկների հավաքականի ավագ մարզիչ Վահագն Հարությունյանին։

Նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ՝ օլիմպիական չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պարգեւատրվեց անվանական զենքով։ Ի դեպ, ըմբիշի համար այս տարվա  հիշարժան օրն աշխարհի առաջնության եզրափակչի օրն էր․ «Դարձա աշխարհի առաջնության եռակի հաղթող։ Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանը սպորտային երկիր է, եւ լինել Հայաստանի 10 լավագույն մարզիկների թվում ինձ համար պատիվ է»։

«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողների եւ ընթացիկ տարում մարզական բարձր նվաճումներ ունեցած մարզիկների պարգեւատրման ու մեծարման հանդիսավոր արարողությանը ներկա էին հայկական մարզաշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ՝ մարզիկներ, մարզիչներ, մարզական հաստատությունների ղեկավարներ։ Քիչ չէին նաեւ լրագրողները եւ լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները։

Հ․Գ․։ Հիշեցնենք, որ մրցանակաբաշխության կազմակերպիչը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն էր: Սա առաջին դեպքն էր, որ տարվա լավագույն մարզիկների տասնյակի ընտրությունը կատարվում է նախարարության կոորդինացմամբ՝ բաղկացած 2 բաղադրիչից՝ մրցույթին հավատարմագրված մարզական լրագրողների խիստ թափանցիկ ընտրություն ու հանրության SMS քվեարկություն։ Երկու բաղադրիչների համադրությամբ լավագույններին ընտրելու ձեւաչափը լիովին նորույթ է, եւ դեռ քննարկումների, զանազան մեկնաբանությունների տեղիք է տալիս։

Պատկերասրահ՝  
Պարգեւատրվեցին 2017 թ.-ի տարվա լավագույն 10 մարզիկները