Նյութը՝ ՎՎՀ Իջեւանի գրասենյակից
Լուսանկարները՝ ՎՎՀ Իջեւանի գրասենյակից
Տեղադրվել է 28-12-2017
Սարիգյուղի մարզահրապարակը բարեկարգվեց ակումբի եւ համայնքապետարանի համագործակցության արդյունքում
Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքի ԻՄՓԱՔԹ ակումբն ունի երկու տարվա պատմություն՝ ներառելով համայնքի երեխաներին, խթանելով նրանց քաղաքացիական վարքագծի ձեւավորումը եւ համախմբելով համայնքի խնդիրների լուծման գործի շուրջ:

Եվ ահա Սարիգյուղի ԻՄՓԱՔԹ ակումբն իրականացրեց իր երկրորդ համայնքային ծրագիրը՝ «Կոտրում ենք կարծրատիպերը սպորտի միջոցով» անվամբ, որի նպատակն էր համայնքի մարզահրապարակի բարելավման միջոցով տարբեր տարիքի բնակիչների շրջանում խթանել առողջ ապրելակերպը, կազմակերպել տարբեր մարզական խաղեր: Ծրագրին աջակցեց նաեւ Սարիգյուղ համայնքի ղեկավարությունը՝ ի դեմս համայնքի ղեկավար, պարոն Էլլարյանի, ով ծրագիրը համաֆինանսավորեց  համայնքի բարեգործական հիմնադրամից: 

Ակումբը մինչ այդ հանդիպել էր ղեկավարին եւ ներկայացրել ծրագիրը: Համայնքի ղեկավարը հանձն առավ բարեկարգել համայնքի սեփականություն հանդիսացող մարզահրապարակի որոշ հատվածներ, վերանորոգել վոլեյբոլի, մինի եւ մեծ ֆուտբոլի դարպասները, տեղադրել մուտքի դարպասը, նստարաններ, իսկ ակումբը «Վորլդ Վիժն»-ի աջակցությամբ տեղադրեց դարպասների ցանցերը ու կատարեց հարդարման աշխատանքներ: 

Աշխատանքներին մասնակցում էին ակումբի անդամները, կամավորներ, բնակիչներ, ՏԻՄ-ի աշխատակիցներ, ներկա էր նաեւ համայնքապետը: Համայնքի մարզահրապարակն արդեն ավելի բարվոք վիճակում է: 

Ակտիվ համագործակցության եւ ծրագրում ներդրում կատարելու առիթով ակումբի կողմից համայնքապետ Կոմիտաս Էլլարյանը ստացավ շնորհակալագիր: Շնորհակալագրեր ստացան նաեւ կամավորները, առաջնորդները, համայնքի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչը, ակումբի անդամները: