Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 28-12-2017
Հաջորդ կանգառը՝ Իջեւան
Դեկտեմբերի 28-ին «Հայաստանի տարվա երիտասարդական մայրաքաղաք» պատվավոր տիտղոսի խորհրդանշական բանալին Չարենցավանը հանձնեց 2018 թվականին ՀՀ երիտասարդական մայրաքաղաք հռչակված Իջեւանին:
Տարվա ամփոփիչ միջոցառմանը ներկա էին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանը, Չարենցավան համայնքի ղեկավարի տեղակալ Վարդգես Չիլինգարյանը, Իջեւան համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Ճաղարյանը եւ այլ պաշտոնատար անձինք: 

Թամարա Թորոսյանն իր ողջույնի խոսքում փաստեց, որ այդ հետաքրքիր ծրագրի շնորհիվ  նոր բացահայտումներ են եղել. «2014 թվականին՝ Սիսիանը, 2015 թվականին՝ Ստեփանավանը, 2016 թվականին՝ Գյումրին, 2017 թվականին՝ Չարենցավանը: Այս քաղաքներից յուրաքանչյուրն ամեն տարի իրեն յուրովի դրսեւորեց: Պետք է առանձնացնեմ հատկապես Չարենցավանի երիտասարդներին, ովքեր առանձնացան իրենց ակտիվությամբ: Այս տարվա ընթացքում բազմաթիվ երիտասարդական ծրագրեր իրականացվեցին, որոնք ներառում էին հանրապետական եւ միջազգային ձեւաչափեր: Այսօր Չարենցավանը «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» պատվավոր տիտղոսը փոխանցում է Իջեւանին: Հուսով ենք, որ 2018 թվականին կկազմակերպվեն եւ կիրականացվեն նոր ու առավել հետաքրքիր ծրագրեր ու նախագծեր»:

Չարենցավան համայնքի ղեկավարի տեղակալ Վարդգես Չիլինգարյանն իր հերթին կարեւորեց նմանօրինակ ծրագրի իրականացումը, որը ոգեւորիչ խթան է երիտասարդության համար. «Մենք այսօր հանդիսավոր կերպով նշում ենք «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի ավարտը: Ծրագիր, որը մեր քաղաքին տվեց նոր շունչ: Մենք այս պատվավոր կոչումը փոխանցում ենք Իջեւանին եւ իհարկե շնորհակալություն հայտնում ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը»:

Տոնական միջոցառման ընթացքում Թամարա Թորոսյանը եւ Վարդգես Չիլինգարյանը 2018 թվականի ՀՀ երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսը խորհրդանշող բանալին (եւ հավաստագիր) հանձնեցին Իջեւան համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Ճաղարյանին, ով շնորհակալություն հայտնեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարությանը՝ խոստանալով, որ Իջեւանի երիտասարդները բարձր կպահեն այդ պատվավոր կոչումը:

«Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Հայրապետյանը, ով մշտապես ակտիվ աշխատանքներ եւ ծրագրեր է իրականացնում երիտասարդների հետ, նշեց, որ Իջեւանի երիտասարդների հետ եւս ակտիվ աշխատանքներ կտարվեն: 

Դավիթ Հայրապետյանը շնորհակալագրեր հանձնեց Չարենցավանի համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանին, քաղաքապետարանի աշխատակազմի առաջին քարտուղար Շուշան Սարգսյանին, Չարենցավանի Գառզուի անվան արվեստի դպրոցի  տնօրեն Տատյանա Սաղաթելյանին, Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Լեւոն Պիկիչյանին,  Չարենցավանի ուսանողական, երիտասարդական կազմակերպության ղեկավար Գառնիկ Բեգլարյանին:

Տոնական համերգին ելույթ ունեցան Գառզուի անվան արվեստի դպրոցի սաները, Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի սաները, երգչուհի Սոնա Շահգելդյանը եւ այլք: 

Այսպիսով՝ նոր ծրագրերով եւ նոր նախագծերով կհանդիպենք 2018 թվականի ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Իջեւանում:

Հիշեցնենք, որ «Հայաստանի տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի նպատակներն են՝
  • խթանել Հայաստանի Հանրապետության մարզերի համաչափ զարգացումը, 
  • զարգացնել երիտասարդական նախաձեռնողականության, երիտասարդական քաղաքականության ոլորտում քաղաքների միջեւ բարեխիղճ եւ գործընկերային հարաբերությունները ինչպես տեղական եւ հանրապետական, այնպես էլ միջազգային մակարդակում, 
  • խրախուսել Հայաստանի Հանրապետության քաղաքային իշխանություններին՝ տեղերում մշակել երիտասարդական քաղաքականության իրականացման արդիական եւ արդյունավետ մոդել, 
  • նպաստել մարզերում երիտասարդական կազմակերպությունների եւ ենթակառույցների զարգացմանը:

Պատկերասրահ՝ Հաջորդ երիտասարդական մայրաքաղաքը Իջեւանն է