Նյութը՝ Ալմիրա Նիկողոսյանի, Լեհաստանում «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի» կամավոր
Լուսանկարները՝ Ալմիրա Նիկողոսյանի
Տեղադրվել է 28-12-2017
Հյուրասիրություն՝ հայկական ոգով ու շնչով
Նոյեմբերի 29-ին իմ եւ Լեհաստանում «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի» մեկ այլ կամավորի՝ Հովհաննես Կարապետյանի անմիջական նախաձեռնությամբ կազմակերպվեց հայկական հյուրասիրություն՝ հային հատուկ ճոխությամբ ու առատությամբ:
Հայկական ախորժելի կերակրատեսակների համտեսումը, որին ներկա էին Գդինյայում ԵԿԾ կամավորական տարաբնույթ ծրագրերի համակարգող CWM կազմակերպության աշխատակիցներ, ինչպես նաեւ 20 կամավորներ, ուղեկցվում էր կոմիտասյան հոգեթով մեղեդիներով: Այդ մեղմ ու աստվածային երաժշտության ելեւէջները մի տեսակ խորհրդավորություն էին հաղորդում ներկաներին: Այն տիեզերական զգացողությունն ունեի, որ կարծես «մի բուռ Հայաստան» էի ինձ հետ տարել այդ անկենդան աշխատասենյակ, որտեղ աշխատանքը միշտ եռում է, իսկ աշխատակիցներն իրար հետ մի լավ հաղորդակցվելու ժամանակ գրեթե չեն ունենում: 
 
Մեղրածոր ղափամա, անուշաբույր գաթա, հայկական ավանդական դոլմա, ինչպես նաեւ հատուկ բուսակերների համար պատրաստված պասուց դոլմա, համադամ խորտիկներ, ուրցի, դաղձի, նանայի, ռեհանի եւ երիցուկի թուրմերով պատրաստված թեյեր… Ի՜նչ է մնում ասել, քան «բարի ախորժակ»:
 
Վստահ եմ, որ պատկերացնում եք, թե ինչքան հաճելի էր, երբ օրվա ավարտին մոտենում էին կազմակերպության աշխատակիցներն ու տարբեր երկրներից ժամանած կամավորներն ու հետաքրքրվում հայկական ճաշատեսակների բաղադրատոմսերով, ինչպես նաեւ պատրաստման եղանակներով:  

Ուրախությամբ պետք է ընդգծեմ, որ շուրջ երեք ամբողջ օր եւ գիշեր տեւած նախապատրաստական աշխատանքները արդարացրին սպասելիքներս: Անտարակույս, հայկական խոհանոցը՝ իր յուրահատուկ համով ու հաճելի բույրերով, այս անգամ էլ անտարբեր չթողեց օտարազգիներին: 

Հավատացե՛ք՝ բավական դժվար էր գոհացնել «քմահաճ հյուրերին», բայց ինչպես ասում են՝ սուրը փառքով դրեցինք պատյան…