Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ հերոսների անձնական արխիվներից
Տեղադրվել է 31-12-2017
«Հաջողության գրավականը» խորագրի հերոսների շնորհավորանքները
Հաշված ժամեր են մնացել, որպեսզի 2017 թվականն իր տեղը զիջի 2018-ին: Նոր տարին իր հետ բերում է նոր շունչ, նոր հույսեր, նոր իղձեր, նոր նպատակներ…
Նոր տարին առանձնահատուկ երջանկություն է պարգեւում երեխաներին, ինչպես նաեւ երիտասարդներին: Վերջիններս Նոր տարվա հետ կապում են իրենց հաջողություններն ու երիտասարդական խենթ ու մի փոքր խելառ երազանքները:  
 
Eritasard.am-ը 2017 թվականին իր ընթերցողներին ներկայացրեց «Հաջողության գրավականը» խորագիրը կրող հեղինակային շարքը, որտեղ մենք պատմեցինք այն երիտասարդների մասին, ովքեր իրենց աշխատասիրության եւ նպատակասլացության շնորհիվ երիտասարդ տարիքում արդեն հաջողություններ են գրանցել: Նրանցից յուրաքանչյուրն առանձնանում է իր մասնագիտությամբ, նախասիրություններով, մարդկային որակներով, սակայն նրանց միավորում է մեկ բան՝ նպատակասլացությունը:
Մեր խորագրի հերոսներն իրենց շնորհավորական ուղերձներն են հղել մեր ընթերցողներին:
 

Ցանկանում եմ, որպեսզի 2018 թվականը մինչեւ տարեմուտ Նոր տարի լինի, որպեսզի ամբողջ տարվա ընթացքում այն մեզ համար լինի սիրո եւ հաջողությունների տարի, որպեսզի մենք ինքներս զարմացնենք ու զարմանանք մեր ձեռքբերումներով: Թո՛ղ մեզ հանդիպած մեծ կոնֆլիկտներն ու դրամաները միայն ֆիլմերում լինեն։ Թո՛ղ մեր բոլոր նպատակների համար այս Նոր տարին դեպի հաղթանակ տանող կարմիր գորգեր փռի։ Շնորհավո՛ր Նոր տարի…
Հարգելի՛ ընթերցողներ, սիրով շնորհավորում եմ Ձեզ Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ, մաղթում սեր եւ երջանկություն: Թո՛ղ այս տարում իրականություն դառնան բոլոր իղձերն ու սպասումները: Բոլորիս մաղթում եմ աննկուն կամք եւ անսպառ երեւակայություն: Ցանկանում եմ, որ նոր տարում նորանոր ձեռքբերումներ գրանցվեն ե՛ւ աշխատանքում ե՛ւ անձնական կյանքում: Եղե՛ք ուրախ, կենսախինդ եւ պահպանե՛ք ձեր երիտասարդությունը… Ինչպես ասում էր Ֆրանց Կաֆկան՝ «Երիտասարդներն ուրախ են, որովհետեւ նրանք ունեն գեղեցիկը տեսնելու ունակություն: Ցանկացած ոք, ով պահպանում է գեղեցիկը տեսնելու ունակությունը, երբեք չի ծերանում»: Շնորհավո՛ր Նոր տարի…
Շնորհավորում եմ բոլորիս Նոր տարին, մաղթում մեր երկրին հաղթանակներ, հպարտանալու նորանոր առիթներ։ Որպես լուսանկարիչ ցանկանում եմ, որ հայաստանյան պատմության մեջ 2018 թվականը միայն բարի եւ հաղթանակներով լեցուն կադրերով համալրվի։ Մեր բանակը ծաղկի եւ առավել հզորանա… Մենք՝ երիտասարդներս, հզոր ուժ ենք, մի յուրահատուկ բանակ: Շնորհավո՛ր Նոր տարի…
Շնորհավորում եմ բոլորին Նոր տարվա կապակցությամբ: 2018 թվականը թո՛ղ լինի երջանկության, խաղաղության, երազանքների ու նպատակների իրականացման տարի: Ցանկանում եմ, որպեսզի 2018 թվականին մենք՝ երիտասարդներս, լինենք առավել նպատակասլաց, որպեսզի նոր հաջողություններ գրանցենք, ինչը պատիվ եւ հպարտություն կբերի թե՛ մեզ, թե՛ մեր երկրին: Թո՛ղ յուրաքանչյուր երիտասարդ 2018 թվականին հասնի այն բարձունքին, որին ձգտում է, թո՛ղ յուրաքանչյուրը դեպի այդ բարձունքը տանող ճանապարհին գտնի իր հաջողության գրավականը…

Հ.Գ.: Eritasard.am-ը եւս շնորհավորում է բոլորին Նոր տարվա կապակցությամբ եւ խոստանում՝ 2018 թվականին շարունակել «Հաջողության գրավականը» խորագրի ներքո ներկայացնել եւ բացահայտել տաղանդավոր երիտասարդների: Շնորհավո՛ր Նոր տարի…