Նյութը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
Տեղադրվել է 19-01-2018
Դրամաշնորհային մրցույթ Իջեւանի երիտասարդական ՀԿ-ների համար
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության 2018 թվականի երիտասարդական մայրաքաղաք հռչակված Իջեւան քաղաքում գործող երիտասարդական ՀԿ-ների համար հայտարարում է դրամաշնորհային մրցույթ` Իջեւանում ծրագրեր իրականացնելու նպատակով:
Դրամաշնորհների չափը մինչեւ 500 000 ՀՀ դրամ է: Ներկայացվելիք ծրագրերի առաջնայնությունները պետք է համապատասխանեն հետեւյալ գերակայություններին, այն է`
 
1) Երիտասարդների  քաղաքացիական, սոցիալ-քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային եւ թվային մասնակցության մակարդակի բարձրացում,
2) Երիտասարդության զբաղվածության եւ սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ մեխանիզմների մշակում,
3) Երիտասարդական աշխատանքի կայացում եւ հետագա զարգացում,
4) Երիտասարդների առողջ ապրելակերպի խթանում, հոգեւոր-մշակութային արժեքների պահպանում եւ զարգացում, ռազմահայրենասիրական դաստիարակություն,
5) Տեղական, ազգային և միջազգային մակարդակներում երիտասարդական համագործակցության, միջմշակութային երկխոսության եւերիտասարդների շարժունության խրախուսում։
 
Մրցութային հայտերն ընդունվում են 2018 թվականի փետրվարի  12-ը ներառյալ: Ծրագրի մեկնարկը պետք է նախատեսել 2018 թվականի մարտի 20-ից 31-ը ներառյալ, իսկ ավարտը` ոչ ուշ, քան 2018 թվականի դեկտեմբերի 10-ը:
 
Դիմումներն անհրաժեշտ է հասցեագրել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեի նախագահ Արսեն Քարամյանին եւ տպագիր ու էլեկտրոնային տարբերակներով ներկայացնել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն (ք. Երեւան, Աբովյան 9):  
 
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
 
Համաձայն ՀՀ Կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի № 105-Ն որոշման 4-րդ կետի՝ ՀՀ Կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի № 441-Ն որոշումը ուժը կորցրած է ճանաչվել:
 
Մրցույթի ֆորմալ պահանջներին բավարարելու համար կազմակերպությունը ծրագրային հայտի հետ միաժամանակ պետք է կցի`
 
1. Ծրագրերի ապրանքների, ծառայությունների եւ աշխատանքների նվազագույն գները (միավորի արժեքը) որոշելու համար իրականացրած առնվազն 3 գնային հարցումները` ընտրելով ամենաէժան առաջարկված գինը: Գնային հարցում համարվում են Ձեր հարցման հիման վրա տրված գրավոր կնքված/ստորագրված (կնիքի բացակայության դեպքում) եւ ստորագրված պաշտոնական գնային առաջարկները կամ գնացուցակ (pricelist առկայության դեպքում), որը պետք է ներբեռնել էլեկտրոնային կայքէջերից: Գնային հարցումները չեն կարող համարվել իրականացված, եթե դրանք ներկայացվում են հղման տեսքով (link): Գնային հարցման արդյունքները հանդիսանում են ծրագրային հայտի հավելված, եւ անհրաժեշտ է ներկայացնել ծրագրային հայտի հետ:
2. Ծրագրի նախահաշվի xls ֆայլը (կցվում է):
3. Ծրագրի իրականացման ժամանակացույցը (Գանտի աղյուսակի տեսքով, ձեւաչափը կցվում է):
4. Կազմակերպության կանոնադրությունը:
 
Խնդրում ենք ծրագրային հայտի նախահաշիվը եւ ժամանակացույցը լրացնել հայտարարության հետ կցված ձեւաչափում: Ձեր կողմից խմբագրված, ձեւափոխված կամ այլ ֆորմատով լրացված համապատասխան ձեւաչափերը համարվելու են ֆորմալ պահանջների խախտումներ:
 
Ծրագրային հայտերի ներկայացման վերջնաժամկետից ուշ, ծրագրի մեկնարկի եւ ավարտի ժամկետի խախտմամբ, ինչպես նաեւ ծրագրերի ներկայացման վերոնշյալ ֆորմալ պահանջին չբավարարող ծրագրային հայտերը կմերժվեն, եւ էլեկտրոնային փոստով կտեղեկացվեն դիմումատու կազմակերպությանը: 
 
Ծրագրային հայտերի նախահաշիվների լրացման կարգի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ եւ պարզաբանումներ ստանալու համար կարող եք դիմել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն, հեռ.՝ 011 54-69-31:

Հատուկ հիշեցում: Ծրագրի նախահաշվում չեն կարող ընդգրկվել կապիտալ բնույթի ծախսեր: