Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 10-02-2018
Մեկնարկեցին 13-րդ Ձմեռային օլիմպիական խաղերը
Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում սկսվել է ձմեռային մարզաձեւրի խոշորագույն մարաթոնը։


13-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը կայացավ Փհենչհանի նորաբաց ու գրեթե 60 մլն դոլար արժեցած Օլիմպիական մարզադաշտում։ Դեռ ամիսներ առաջ էր հայտնի, որ մարզական կառույցը հատուկ ստեղծվել է 13-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի համար, եւ շուրջ երկու շաբաթից՝ փակման արարողությունից հետո այն քանդվելու է։ Ահա այսպիսի ճոխություն են իրենց թույլ տվել հարավկորեացիները։


Օլիմպիական ջահը փոխանցումներ հասավ Օլիմպիական մարզադաշտ, որտեղ փոխանցվեց եւ մշտավառ ջահը վառեց հարավկորեացի մարմնամարզուհի Կիմ Յեն Ան։ Բացմանը մասնակցեցին մոտ 2000 մարդ։ Ի դեպ, միջոցառման վարողները 5 երեխաներ էին։



Գեղեցիկ բացման արարողությանը հաջորդեց օլիմպիականների շքերթը, որին մասնակցեց նաեւ Հայաստանի պատվիրակությունը: Հայաստանի դրոշակակիրը դահուկորդ Միքայել Միքայելյանն էր։ Օլիմպիականների շքերթին Հայաստանից մասնակցեցին նաեւ պատվիրակության ղեկավար Գագիկ Բոլշիկյանը, օլիմպիականներ Կատյա Գալստյանը, Աշոտ Կարապետյանը, դահուկավազքի եւ լեռնադահուկային սպորտի Հայաստանի հավաքականների մարզիչներ Արթուր Միքայելյանն ու Սեյրան Հարությունյանը, ինչպես նաեւ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը։



Հավելենք, որ Հայաստանը Փհենչհանում ունի ընդամենը 3 ներկայացուցիչ՝ դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը եւ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը։ Միայն մեկը՝ Կատյա Գալստյանը, ունի Ձմեռային օլիմպիական խաղերի մասնակցության փորձ. նա մասնակցել էր նաեւ Սոչիում չորս տարի առաջ կայացած Ձմեռային օլիմպիական խաղերին:

Հայ մարզիկները օլիմպիական պայքարի մեջ կմտնեն փետրվարի 13-ին: Առաջինը հանդես կգան Միքայել Միքայելյանը եւ Կատյա Գալստյանը:



Հ.Գ.։ «Փհենչհան-2018»-ում ներառված է ձմեռային 15 մարզաձեւ եւ կվիճարկվի մեդալների 102 հավաքածու:  Ձմեռային օլիմպիական խաղերում հանդես կգան ռեկորդային թվով մարզիկներ. կմասնակցեն 92 երկրների 2925 մարզիկներ:

Ի դեպ, եւ այս ամենը անգամ դոպինգային սկանդալների պատճառով Ռուսաստանի հավաքականի մասնակցության արգելքի պայմաններում։ Չնայած արգելքին՝ 169 ռուս մարզիկներ, որոնք անմեղ են ու խթանիչներ չեն օգտագործել, չեզոք՝ Օլիմպիական դրոշի ներքո մասնակցելու թույլտվություն են ստացել: Իսկ ընդամենը ժամեր առաջ Փհենչհանում անցկացված արտագնա նիստում Սպորտի արբիտրաժային դատարանը մերժել է ռուսաստանցի 45 մարզիկների հայցը՝ չթույլատրելով նրանց եւս մասնակցել Օլիմպիական խաղերին:



Առաջին անգամ Ձմեռային օլիմպիական խաղերում հանդես կգան Մալայզիայի, Սինգապուրի, Էկվադորի, Նիգերիայի, Կոսովոյի եւ Էրիթրեայի մարզիկները: