Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 25-02-2018
Արթուր Ալեքսանյանը վերահաստատեց իր անպարտելի լինելը
Փետրվարի վերջին կայացած ըմբշամարտի Կիեւի միջազգային մրցաշարում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթող դարձավ իր քաշային կարգում՝ առավելության հասնելով բոլոր մրցակիցների նկատմամբ։

Իր քաշային կարգում լավագույնս է շարունակում հանդես գալ ըմբիշ Արթուր Ալեքսանյանը։ Կիեւի միջազգային մրցաշարի 97 կգ քաշայինների եզրափակիչում նա ոսկե մեդալ նվաճեց՝ եզրափակչում պարտության մատնելով ուկրաինացի Դմիտրի Տիմչենկոյին: Հայ ըմբիշի առավելությունը բացահայտ էր մրցակցի նկատմամբ. Արթուր Ալեքսանյանը հաղթեց 3:0 հաշվով: Մինչեւ մրցաշարի եզրափակիչ հասնելն Արթուր Ալեքսանյանը հաղթել էր եւս երեք մրցակիցների։

Բացի օլիմպիական չեմպիոնի հաջողությունից հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նաեւ 5 բրոնզե մեդալ նվաճեց: Մեդալի համար պայքարում Սլավիկ Գալստյանը հաղթեց ուկրաինացի Դմիտրի Դոբրովին:

Մինչեւ 60 կգ քաշային կարգում մրցաշարին մասնակցած Արմեն Մելիքյանը, ով քառորդ եզրափակչում պարտվել էր ուկրաինացի Անդրեյ Մարտինյուկին, սակայն մրցակցի՝ եզրափակչում հայտնվելու շնորհիվ հայ ըմբիշը հնարավորություն ստացավ պայքարելու բորնզե մեդալի համար։ Հաղթական գոտեմարտ մղելով՝ Արմեն Մելիքյանը բրոնզե մեդալի համար պայքարում հաղթեց ուկրաինացի Դենիս Չեբանովին։

Մինչեւ 77 կգ քաշային կարգում հետաքրքիր ստացվեց Կարապետ Չալյանի եւ Արսեն Ջուլֆալակյանի գոտեմարտը։ Մինչեւ քառորդ եզրափակչում միմյանց դեմ հանդիպելը, հայ ըմբիշները ստիպված եղան նախ հաղթել մրցակիցներին։ Կարապետ Չալյանը առավելության հասավ նախ ուկրաինացի Արտյոմ Ուտոչկինի, ապա լեհ Պավլո Մոլնարի նկատմամբ: Արսեն Ջուլֆալակյանն էլ նախ պարտության մատնեց ուկրաինացի Յասաֆ Զեյնալովին, ապա վրացի ըմբիշ Թոռնիկե Ձամաշվիլուն: Քառորդ եզրափակչում երկու հայերի գոտեմարտում առավելություն ուներ Կարապետ Չալյանը, ով էլ հաղթեց 2-0 հաշվով։ Կիսաեզրափակչում, սակայն, նա զիջեց մրցակցին։ Բրոնզե մեդալի համար պայքարում Կարապետ Չալյանը ոչ մի շանս չտվեց ադրբեջանցի Հասան Ալիեւին՝ հաղթելով 8։4 հաշվով։

Աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը (87 կգ) կիսաեզրափակիչ դուրս եկավ՝ մրցաշարի ընթացքում հաղթելով ուկրաինացի Սերգեյ Սեւերինին ու վրացի Ռոբերտ Կոբիաշվիլուն: Չնայած գործադրած ջանքերին՝ աշխարհի չեմպիոնը պարտվեց կիսաեզրափակչում։ Նույն քաշային կարգում լավ հանդես եկավ Արթուր Շահինյանը (87 կգ)։ Նա քառորդ եզրափակչում հաղթեց լեհ Տադեուշ Միխալիկին: Կիսաեզրափակչում, սակայն, պարտվեց Ժան Բելենյուկին: Թե՛ Մաքսիմ Մանուկյանը, թե՛ Արթուր Շահինյանը հաղթանակներ տոնեցին բրոնզե մեդալի համար պայքարում։

Բրոնզե մեդալ կարող էին նվաճել նաեւ Նորայր Հախոյանը (55 կգ) եւ Էդուարդ Սարգսյանը (82 կգ): Երկուսն էլ պարտվեցին կարեւոր գոտեմարտում:

Մինչեւ 130 կգ քաշային կարգում Էդգար Խաչատրյանը քառորդ եզրափակչում պարտվեց ուկրաինացի Վլադիսլավ Վորոնիին, սակայն մրցակիցը չկարողացավ հասնել եզրափակիչ, ինչի արդյունքում հայ ըմբիշը դուրս մնաց հետագա պայքարից: Հունահռոմեական ըմբիշների նախնական գոտեմարտերում պայքարը սպասվածից շուտ լքեցին Վաղինակ Մինասյանը (97 կգ) եւ Արման Բաղդասարյանը (72 կգ), ազատոճային ըմբիշներից՝ Միհրան Ջաբուրյանը (57 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ) եւ Գրիգոր Գրիգորյանը (74 կգ): 

Ազատոճային ըմբիշներից սփոփիչ գոտեմարտեր անցկացրին միայն Գարիկ Բարսեղյանը (61 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ) եւ Շամիր Աթյանը: Երեք մարզիկներին էլ չհաջողվեց մեդալ նվաճել։ Ավելի վաղ մրցապայքարից դուրս էին մնացել ազատոճայիններ Նարեկ Սիրունյանը (70 կգ) եւ Վարուժան Կաջոյանը։