Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Անուշավան Սաֆարյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 28-02-2018
Անուշավան Սաֆարյան. «Մանկուց ցանկացել եմ մարդկանց օգնել»
Eritasard.am-ը շարունակում է «Հաջողության գրավականը» խորագիրը կրող շարքը: Շարք, որի շրջանակում խոսվում է այն երիտասարդների մասին, ովքեր երիտասարդ տարիքում արդեն հաջողությունների են հասել: Այս անգամ ներկայացնում ենք 28-ամյա բժիշկ Անուշավան Սաֆարյանին:

Մասնագիտության ընտրության հստակ որոշում, դրդապատճառներ...

Մասնագիտություն ընտրելու ամենամեծ առիթը եղբորս՝ ԵՊԲՀ անվճար հիմունքներով ընդունվելն էր: Նա ոգեշնչեց թե՛ ինձ, թե՛ քույրիկիս: Բացի դրանից՝ մանկուց միշտ ցանկացել եմ մարդկանց օգնել: Ի սկզբանե մարդկանց օգնելու գաղափարը թերեւս ամենամեծ խթանն էր: Դպրոցում սովորելու վերջին տարիներին արդեն հստակ գիտեի, որ ցանկանում եմ դառնալ բժիշկ: Մասնագիտությանս ընտրությունը գիտակցել եմ այնքանով, որ հաշվի եմ առել 3 հանգամանք. 1-ին՝ պահանջարկը շուկայում: Պետք է փաստեմ, որ անեսթեզիոլոգների եւ ռեանիմատոլոգների մեծ պահանջ կա ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս: 2-րդը՝ մեկ օրդինատուրայի սահմաններում սովորեցնում են 2 առանձին մասնագիտություն՝ անեսթեզիա եւ ռեանիմացիա: Այսինքն՝ տվյալ բժիշկը կարող է աշխատել ե՛ւ որպես անեսթեզիոլոգ, այսինքն՝ նարկոզի բժիշկ, ե՛ւ ռեանիմատոլոգ, այսինքն՝ վերակենդանացման բաժանմունքում: 3-րդն էլ հասանելիությունն էր՝ կապված ընդունելության մրցութային շեմի հետ: 



Աշխատանքային առաջին քայլերը...

Առաջին աշխատանքային քայլերս արել եմ, երբ սովորում էի 2-րդ կուրսում: Հերթապահել եմ տարբեր հիվանդանոցների  տարբեր բաժանմունքներում եւ փորձել ամեն մեկից որեւէ բան սովորել, վերցնել եւ այդ ամենը դարձնել սեփականի ստեղծման հիմք: 


Աշխատանքային ծանր գրաֆիկ, լարված աշխատանք, անքուն գիշերներ...

Աշխատանքային գրաֆիկը, բնականաբար, ծանր է, բայց պետք է հասկանալ, որ ինքնին մասնագիտությունը եւս ծանր է եւ պատասխանատու, քանի որ մարդկային կյանքի հետ գործ ունենք: Լինում են օրեր, որ չենք կարողանում քնել, քանի որ ունենում ենք ծանր հիվանդներ: Հանգստանալ բառն ինքնին ինձ համար մի փոքր օտար է: Սակայն հետաքրքիր բան կարող եմ ասել. անգամ այդ ծանր գրաֆիկից հետո հոգնածություն անգամ չես զգում, իրավիճակը քեզ ստիպում է միշտ զգոն լինել: Որքան էլ հոգնած լինես, պետք է աշխատես: 

Բժիշկ, հոգեբան, տարբեր խառնվածքի եւ տարիքային խմբերի հիվանդների հետ աշխատանք...

Մոտ 1,5 տարի աշխատել եմ Շտապ օգնության ծառայությունում: Այդ ընթացքում շփվել եմ տարբեր խավերի, մակարդակի, բնավորության տեր մարդկանց հետ: Այդ պարագայում պետք է գիտակցել, թե ում հետ ինչպես պետք է խոսել, ինչ մոտեցում ցուցաբերել: Ինչ կապված է տարիքային խմբերի հետ, ապա երեխաների հետ աշխատելու փորձ չեմ ունեցել դեռեւս, ուստի այս պահին կդժվարանամ նրանց հետ աշխատել: 



«AAMM»-ի շրջանակում որպես կամավոր աշխատելն ու զգացողությունները...

«Հայ-ամերիկյան բժշկական առաքելություն» (AAMM) բարեգործական ծրագրին մասնակցել եմ ընկերներիս առաջարկով: Ծրագիրն իրականացվեց Գյումրիում (1 տարի) եւ Նոյեմբերյանում (3 տարի): «Glendale Adventist Medical Center» եւ «Glendale Memorial Hospital»-ի բժիշկների հետ վիրահատություններ էինք իրականացնում: Իրականում այդ ծրագրին որպես կամավոր մասնակցելը շատ բան տվեց: Հիանալի զգացողություններ ու ապրումներ ունեցա: Երբ գիտես, որ այդ ամենն անում ես մարդկանց օգնելու, նրանց ցավը որոշ աստիճանով իջեցնելու համար, քեզ սկսում ես ավելի բարձր զգալ, պարուրվում ես դրական զգացողություններով: 

Վախի զգացողություն, ռիսկային իրավիճակներ...

Վախի զգացողությունը միշտ կա: Երբ դու տիրապետում ես քո մասնագիտությանը, հասկանում ես, թե քո ամեն քայլն ինչի կհանգեցնի: Անգամ եթե գործն իդեալական է արվում, վախի գործոնը միշտ առկա է: Ռիսկային իրավիճակներում հիվանդին եւ հիվանդի հարազատներին մանրամասն բացատրվում է ամեն ինչ: Նմանօրինակ իրարամերժ իրավիճակներում հիվանդը եւ հիվանդի հարազատներն են որոշում կայացնում: Բժշկի պարտականությունն է զգուշացնել առկա ռիսկերի մասին: 



Վիրահատություններ, որոնց կցանկանար մասնակցել...

Կցանկանամ մասնակցել սրտի եւ ողնաշարի հետ կապված վիրահատություններին: 

Արտերկրում աշխատելու ցանկություն...

Կարծում եմ՝ չկա երիտասարդ բժիշկ, ով չցանկանա դրսում աշխատել նոր սարքավորումներով, ձեռք բերել նոր հմտություններ եւ իհարկե ապահովել հետադարձ կապ՝ այդ ամենը ներդնելով հայրենիքում: Կցանկանամ աշխատել Գերմանիայում եւ ԱՄՆ-ում, որովհետեւ գրավիչ են թե՛ առողջապահական համակարգի կառուցվածքը, թե՛ բժշկական գրականությունը, թե՛ ուղեցույցային աշխատանքը: 

Թե ինչ կփոխեր հայաստանյան բժշկության մեջ...

Հայաստանում անհրաժեշտ է ներդնել պարտադիր բուժապահովագրություն, որպեսզի հիվանդը բուժօգնության դիմելիս չմտածի ֆինանսի մասին, իսկ բժիշկն էլ իր հերթին հիվանդին բուժելիս չմտածի ֆինանսի մասին: Ես դրական եմ համարում նաեւ դեղատոմսերով դեղերի բաց թողնելը: Ես կարծում եմ, որ դա լուրջ եւ դրական քայլ է մեր բժշկական ոլորտում: Իհարկե, կփոխեի նաեւ սարքավորումները: Իմ բախտն այդ առումով բերել է: Ես այնպիսի հիվանդանոցում եմ աշխատում (Թիվ 1 համալսարանական հիվանդանոց), որը հագեցված է ժամանակակից տեխնիկայով, սարքավորումներով: 



Գովեստ եւ քննադատություններ...

Ցանկացած բժշկի համար հաճելի է, երբ գովեստի խոսքեր է լսում, երբ աշխատանքը գնահատվում է, երբ հնչում է  շնորհակալությունը: Դժգոհություններ եւ քննադատություններ կան բոլոր ոլորտներում, եւ բժշկական ոլորտը եւս բացառություն չէ: Միգուցե դրանց մի փոքր տոկոսը տեղին է, սակայն շատ քննադատություններ կան, որոնք արվում են քիչ տեղեկացվածության ֆոնի ներքո: Մարդիկ երբեմն միակողմանի են հարցերին նայում, չեն պատկերացնում ամբողջ համակարգը: 

Ոգեշնչման աղբյուրը...

Վաստակավոր բժիշկ Իրինա Մալխասյանը, կարելի է ասել, իմ ոգեշնչման աղբյուրն է: Նա նաեւ իմ ղեկավարն է, ումից շատ բան եմ սովորել ու սովորում: 

Այլընտրանքային մասնագիտություն, հետաքրքրություններ...

Ունեցել եմ նաեւ այլընտրանքային մասնագիտություն, որն այսօր վերածվել է հոբբիի, սակայն կարող էր դառնալ նաեւ մասնագիտություն: Ունեմ քարերի մեծ հավաքածու՝ աշխարհի մոտ 40 երկրից:  Սիրում եմ դրանք հավաքել, մշակել, զարդեր պատրաստել: Եթե լինում է ազատ ժամանակ, ապա սիրում եմ դիտել ֆանտաստիկ ֆիլմեր, հոլիվուդյան սերիալներ: Շատ եմ սիրում «Ջուզեպե Մոսկատի. ապաքինող սեր» ֆիլմը, որը բոլոր բժիշկներին խորհուրդ կտամ դիտել: Անտարբեր չեմ նաեւ լեզուների նկատմամբ: Այս պահին սովորում եմ գերմաներեն: Լեզուներ ձգտել եւ ձգտում եմ սովորել, որովհետեւ արտերկիր մեկնելու, տարբեր երկրների մասնագետների հետ շփվելու համար դա կարեւոր է:



«Հաջողության գրավականը»

Ես դեռ շատ բան ունեմ սովորելու, կարելի է ասել՝ անսահման: Ուսմանս պաշտոնական ավարտին 6 ամիս է մնացել, բայց ես այդ 6 ամիսը չեմ համարում կրթության ավարտ, քանի որ ցանկացած բժիշկ պետք է զբաղվի ինքնակրթությամբ եւ զարգանա: Եթե ես որեւէ հաջողության հասել եմ, եւ իմ ներկայիս կարգավիճակը կարելի է բնորոշել որպես հաջողություն, ապա կարող եմ նշել քրտնաջան աշխատանքի, աշխատասիրության, նպատակասլացության, գործին նվիրված լինելու գործոնները, ինչպես նաեւ լավ ուսուցիչների գործոնը: