Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 08-03-2018
Մարտի 8-ը Կանանց միջազգային օրն է
Մարտի 8-ը Կանանց միջազգային օրն է: Բազում կանանց համար դա սպասված ու սիրված տոն է. այսօր նրանք առավել գնահատված ու սիրված են զգում:

Բոլոր ժամանակներում աշխարհի տարբեր ժողովուրդներ պաշտել են կնոջը՝ համարելով նրան կյանքի եւ երջանկության խորհրդանիշ: Ու հատկանշական է, որ գրեթե բոլոր ազգային օրացույցներում կա կանանց նվիրված օր:  

1977 թ. Միավորված ազգերի կազմակերպությունը մարտի 8-ը հռչակեց  որպես Կանանց միջազգային տոն: ՀՀ անկախության հռչակումից հետո` 1996 թ., մարտի 8-ը հանվեց երկրի պետական տոնացույցից: Փոխարենն ապրիլի 7-ը հռչակվեց որպես Մայրության ու գեղեցկության օր: 2001 թ. ընդունվեց տոների եւ հիշատակի օրերի մասին նոր օրենք, որով մարտի 8-ը կրկին վերականգնվեց պետական տոնացույցում:

Այսօր արդեն մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածը վերածվել է Կանանց միամսյակի: 

Կանանց միջազգային օրվա սկզբնական անվանումը Աշխատավոր կանանց միջազգային օր էր։ Տարբեր տարածաշրջաններում տոնակատարությունների հիմքում ընկած է կանանց նկատմամբ հարգանքը տնտեսական, քաղաքական եւ հասարակական ոլորտներում նրանց ձեռքբերումների համար։

Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կանանց կոչով Նյու Յորքում 1908 թվականի մարտի 8-ին կայացավ ցույց կանանց իրավահավասարության համար։ Այդ օրը ավելի քան 15 000 կանայք շրջեցին ողջ քաղաքով՝ պահանջելով կրճատել աշխատանքային օրը եւ ստանալ այնքան աշխատավարձ, որքան տղամարդիկ։ Բացի դրանից՝ առաջ քաշվեցին կանանց՝ ընտրություններին մասնակցելու իրավունք ունենալու պահանջները։

1910 թ.-ին՝ Կոպենհագենում կանանց միջազգային կոնֆերանսի ժամանակ, գերմանացի սոցիալիստ Կլարա Ցետկինը առաջարկեց պաշտոնապես տոնել Կանանց միջազգային օրը: ԱՄՆ-ում այն սկսեց տոնվել 1977 թվականից, երբ ՄԱԿ-ը մարտի 8-ը հայտարարեց Կանանց իրավունքների եւ խաղաղության օր:

Պատերասրահ՝ 08.03.2018