Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Ռոզա Գրիգորյանի
Տեղադրվել է 14-03-2018
«Գենդերային հավասարություն կինոյի ոլորտում» խորագրով քննարկում
Մարտի 13-17-ը Երեւանում անցկացվում է «Եվրիմաժի» 150-րդ աշխատանքային նիստը: Միջոցառմանը մասնակցում են կառույցի նախագահ Կատրին Թրոտմանը, գործադիր տնօրեն Ռոբերտո Օլլան եւ անդամ երկրների ներկայացուցիչներից կազմված 65 հոգանոց աշխատանքային խումբը:

«Եվրիմաժի» 150-րդ աշխատանքային նիստը Հայաստանում անցկացվում է կառույցի հայաստանյան ներկայացուցիչներ Վրեժ Քասունու եւ Սուսաննա Հարությունյանի համառ ջանքերի ու աշխատանքի արդյունքում: Նիստի շրջանակում մարտի 13-ին «Մոսկվա» կինոթատրոնում անցկացվեցին «Գենդերային հավասարություն կինոյի ոլորտում» խորագրով ֆորում-հանրային քննարկում եւ ֆիլմի դիտում։ 

Միջոցառման բանախոսներն էին «Եվրիմաժի» գենդերային հարցերով աշխատանքային խմբի նախագահ Այրիս Զապպե-Հելլերը, UNICEF Հայաստանի գենդերային հավասարության հարցերով պատասխանատու Նվարդ Մանասյանը, «ԿԻՆ» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Մարիամ Օհանյանը,  կինոպրոդյուսեր Անի Որսկանյանը, կինոռեժիսոր Դիանա Կարդումյանը: 

Այրիս Զապպե-Հելլերը հատուկ անդրադարձ կատարեց կինոյում կին-տղամարդ փոխհարաբերություններին՝ ընդգծելով, որ ոլորտում անելիքներ շատ կան, եւ մասնավորապես ցավալի է այն փաստը, որ տղամարդիկ ավելի շատ են ֆինանսավորում ստանում: 

Նրա խոսքով՝ համաձայն «Եվրիմաժի» որդեգրած ռազմավարության՝ անդամ պետությունները քայլեր են ձեռնարկում կինոյի ոլորտում մինչեւ 2020 թվականը գենդերային հավասարություն ապահովելու նպատակով։ Այդ համատեքստում, ըստ Այրիս Զապպե-Հելլերի, հավասարությունը պետք է լինի 50/50 հարաբերակցությամբ:

Բանախոս Նվարդ Մանասյանն էլ անդրադարձ կատարեց հայաստանյան իրականությանը՝ խոսելով խնդիր դարձած սելեկտիվ աբորտների, ընտանեկան բռնությունների մասին եւ այդ համատեքստում կարեւորելով կանանց ներգրավվածությունը կինոասպարեզում: 

Քննարկմանը հաջորդեց հարցուպատասխան բանախոսների հետ, որից հետո ներկայացվեց Դիանա Կարդումյանի «Տոմբե» կարճամետրաժ ֆիլմը: 

Նշենք, որ միջոցառումն իրականացվում էր ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ: 

«Եվրիմաժը» համատեղ կինոարտադրության, կինոնկարների վարձույթի եւ ցուցադրության աջակցության հիմնադրամ է: Ստեղծվել է 1988 թվականին՝ Եվրոպայի խորհրդին առընթեր: Այսօր ունի 38 անդամ պետություն, ներառյալ՝ Հայաստանը: Հիմնադրամի ընդհանուր բյուջեն 25 միլիոն եվրո է: Յուրաքանչյուր կինոնախագծի հատկացնում է մինչեւ 500 հազար եվրո: Հայաստանը «Եվրիմաժին» անդամակցում է 2016 թվականից: Հիշյալ ժամանակահատվածում «Եվրիմաժից» ֆինանսավորում է ստացել համատեղ արտադրության երկու կինոնախագիծ. ռեժիսոր Ալեքսանդր Կոտի հայ-ռուսական համատեղ արտադրության «Սպիտակ» ֆիլմը (250 հազար եվրո) եւ ռուս-ֆրանս-հայկական «Ֆաբրիկա» նախագիծը, որի ռեժիսորն ու սցենարի հեղինակը Յուրի Բիկովն է: