Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 14-03-2018
Կայացել է «ELEVATOR» միջբուհական ուսանողական երկօրյա աշխատաժողովը
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Միջազգային ծրագրերի իրականացման կենտրոնում մարտի 10-ին մեկնարկել էր «ELEVATOR» միջբուհական ուսանողական երկօրյա աշխատաժողովը:

Աշխատաժողովը, որ կրում էր «Let’s get higher» կարգախոսը, անցկացվեց ՀՊՏՀ ուսանողական խորհրդի եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) կողմից: 

ՀՀ 8 բուհի շուրջ 100 ուսանողներ երկօրյա աշխատաժողովի ընթացքում կարողացան բացահայտել աշխատաշուկայի գաղտնիքները, սովորել ժամանակի ճիշտ կառավարման բազմաթիվ հմտություններ, ինչպես նաեւ գործնական գիտելիքներ ստանալ տարբեր ոլորտների մասնագետների օգնությամբ: 

Eritasard.am-ի թղթակցի հետ զրույցում ուսումնագիտական հանձնաժողովի նախագահ Սոնա Ոսկանյանը փաստեց, որ նմանօրինակ աշխատաժողովներ ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը հաճախ է կազմակերպում՝ դարձնելով այն համալսարանի լավագույն ավանդույթներից մեկը: 

«Ես ինքս ուսանող եմ եւ գիտեմ, թե ինչ է պակասում ուսանողությանը, ուստի այս աշխատաժողովը լավագույն տարբերակն էր առկա բացերը վեր հանելու, ինքնադրսեւորվելու, ինքնաբացահայտվելու համար»,- նշեց Սոնա Ոսկանյանը:

Վերջինս փաստեց, որ յուրաքանչյուր աշխատաժողով կազմակերպելիս աշխատում են հաշվի առնել նախորդների փորձը, բացերն ու ձեռքբերումները: Այս աշխատաժողովը նախորդներից տարբերվում էր մասնակիցների ներգրավվածությամբ: 

«Ձեւաչափն ինքնին եւս հետաքրքիր էր, քանի որ թույլ տվեց մոտ 10 մասնակցի հանդես գալ ելույթներով, զարգացնել իրենց հռետորական խոսքը: Բացի դրանից՝ աշխատաժողովում ներառված էր նաեւ թիմային աշխատանքի ձեւաչափը, որը առավել լայն հնարավորություն տվեց ինքնադրսեւորվելու թե՛ թիմերին, թե՛ թիմերի մասնակիցներին՝ անհատապես»,- նշեց Սոնա Ոսկանյանը:

Այն հարցին, թե մասնակիցներին ինչ տվեց աշխատաժողովը, եւ արդյոք արդարացան կազմակերպիչների սպասելիքները, Սոնա Ոսկանյանն ասաց. «Մոտ 800 դիմորդից ընտրվել են լավագույն 100-ը: Նպատակն այն էր, որպեսզի մասնակիցները կարողանան գոնե մի փոքր անձնային աճ ապահովել: Մենք փորձեցինք ուսանողների հետագա գործունեության համար խթան հանդիսանալ, որպեսզի նրանք լավ գիտակցեն, թե ինչ ուղղությամբ պետք է զարգանան: Մասնակիցները մեծ ոգեւորությամբ էին այդ 2 օրերին մասնակցում եւ համակ ուշադրությամբ լսում բանախոսներին: Պետք է նշեմ, որ չնայած այն հանգամանքին, որ հանդես էի գալիս որպես կազմակերպչական կողմ, սակայն անմասն չէի նաեւ աշխատաժողովին որպես մասնակից կարեւոր դրույթներ բացահայտելուց»:

Այսպիսով՝ «ELEVATOR» միջբուհական ուսանողական երկօրյա աշխատաժողովը եւս մոտիվացնող յուրահատուկ հարթակ է, որը երիտասարդներին դեպի վերելք տանող գաղտնիքները բացահայտելու հնարավորություն է տալիս: