Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 20-03-2018
Այսօր Երջանկության միջազգային օրն է
Ի՞նչ է սերը, ի՞նչ է կյանքը, ի՞նչ է երջանկությունը… Սրանք այն հարցերն են, որոնք շուրջ մենք մշտապես խորհում ենք, վերլուծում, փորձում պատասխաններ գտնել:

Ի վերջո, հասկանում ենք, որ կյանքում ամեն ինչ հիմնվում է հարաբերականության տեսության վրա: Կյանքի եւ երջանկության վերաբերյալ յուրաքանչյուրիս պատկերացումները տարբեր են, տարբեր են նաեւ դրանց չափման միավորները:
Գուցե այսօր՝ մարտի 20-ին, շատերը փորձեն հասկանալ իրենց երջանկության չափաբաժինն ու առհասարակ պատկերացումները դրա մասին: 

«Աշխատելով ուրիշների երջանկության համար՝ մենք գտնում ենք մեր սեփականը»:
Պլատոն


2012 թվականին ՄԱԿ-ը մարտի 20-ը հռչակեց Երջանկության միջազգային օր (International Day of Happiness)՝ նպատակ ունենալով պաշտպանել այն գաղափարը, որ երջանկության ձգտումը համամարդկային զգացում է եւ մարդկության հիմնական նպատակը: Ահա թե ինչու երկրներին կոչ արվեց ջանքեր գործադրել յուրաքանչյուր մարդու բարեկեցության բարելավման ուղղությամբ: 

«Երջանիկ լինելու համար հարկավոր է մշտապես ձգտել այդ երջանկությանը եւ հասկանալ այն: Այն կախված է ոչ թե հանգամանքներից, այլ քեզանից»:
Լ.Ն. Տոլստոյ


Մարտի 20-ը Երջանկության միջազգային օր ճանաչելու որոշումը միաձայն կայացվել էր ՄԱԿ-ի անդամ 193 պետությունների ներկայացուցիչների կողմից: Օրացույցում նոր տոնի ավելացմամբ պայմանավորված՝ երկրները սկսել են հաշվի առնել այնպիսի գործոն, ինչպիսին է երջանկության մակարդակը, որովհետեւ միայն տնտեսական ցուցանիշները ամբողջական պատկեր չեն ապահովում:

«Մարդն ապրում է իսկական կյանքով, եթե երջանիկ է ուրիշի երջանկությամբ»: 
Ի.Գյոթե


Նշենք, որ մարտի 20-ը պատահական չէ ընտրված։ Այն գարնանային գիշերահավասարի օրն է, երբ օրն ու գիշերը գրեթե հավասար են։ Նոր տոնի սահմանողները դրանով ընդգծել են, որ մոլորակի բոլոր մարդիկ հավասար իրավունքներ ունեն երջանիկ լինելու առումով։

«Ծնվել եմ, ուրեմն երջանիկ եմ»: 
Ա. Էյնշտեյն