Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 21-03-2018
Լեգենդար «Modern Talking»-ը Հայաստան է գալիս
Լեգենդար Թոմաս Անդերսը եւ «Modern Talking Band»-ը մարտի 27-ին ելույթ կունենան Երեւանում։

Խումբն իր համաշխարհային շրջագայության շրջանակում առաջատար վոկալիստ Թոմաս Անդերսի հետ կենդանի համերգով հանդես կգա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Խումբը Հայաստանում առաջին անգամ կկատարի 1980-ականների հիթերը։

Մինչ երեւանյան համերգը Eritasard.am-ն առաջարկում է ծանոթանալ հռչակ վայելող խմբի հետ: 

«Modern Talking»-ը գոյություն է ունեցել 1984-1987 եւ 1998-2003 թթ.: Խմբի անդամներն էին Թոմաս Անդերսը եւ Դիթեր Բոլենը: Իր գոյության ընթացքում կոլեկտիվը փոփ երաժշտության ամենասիրված խմբերից էր: Խմբի ձայնագրությունները 2003 թվականի տվյալներով ամբողջ աշխարհում վաճառվել էին ավելի քան 120 միլիոն օրինակով: 

1980-ականների կեսերից խմբի սինգլները զբաղեցնում էին առաջատար հորիզոնականներ երաժշտական հիթ-շքերթներում: Դրանք մինչ օրս հնչում են բազում ռադիոկայաններով: 

Հետաքրքրական է, որ երաժիշտները 1983 թ. ծանոթացել են բեռլինյան «Hansa» ձայնագրման ստուդիայում: Սկզբում դուետը հանդես է եկել գերմաներենով, սակայն նրանք հասկացան, որ միջազգային ասպարեզ կարելի է դուրս գալ՝ միայն ու միայն անգլալեզու երգեր ձայնագրելով: Եվ  նրանք սկսեցին աշխատել այդ ուղղությամբ: «You're My Heart, You're My Soul» սինգլը նրանց համաշխարհային ճանաչում բերեց. սկզբում, իհարկե, երգն այնքան էլ մեծ հետաքրքրություն չէր առաջացնում, սակայն հեռուստատեսային հաղորդումներից մեկի ժամանակ այն կատարելուց հետո այն դարձավ սուպերհիթ: Այդ երգին հաջորդեցին անդրանիկ ալբոմն ու քանի-քանի՜ հիթեր: 

1986-ին դուետում սկսեցին կոնֆլիկտներ ծագել. խումբը փլուզվեց: Թոմաս Անդերսը սկսեց ծավալել մենակատարի կարիերա, Դիթեր Բոլենը սկսեց զբաղվել սեփական նախագծով՝ «Blue System» խմբով, բայց նրանցից ոչ ոք չկրկնեց «Modern Talking»-ի հաջողությունը: 

Խումբը վերամիավորվեց 1998-ին՝ շարունակելով իր հաղթարշավը, ձայնագրելով նոր երգեր, թողարկելով ալբոմներ, իսկ 2003-ին Դիթերը կրկին հայտարարեց խմբի գոյության դադարեցման մասին: