Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 21-03-2018
«Կրթություն XXI դար». լայն հնարավորություններ կրթական ասպարեզում
Շուրջ 50 կրթական եւ մասնագիտական հաստատություններ երեք օր շարունակ ՀՀ Կառավարության տան նիստերի դահլիճում մասնակցում են «Կրթություն XXI դար» միջազգային կրթական ցուցահանդեսին:

Միջոցառումը ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ կազմակերպվել է Երեւանում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի եւ «Ինտեր էքսպո» ցուցահանդեսային ընկերության կողմից:  

«Կրթությունը 21-րդ դարում աստիճանաբար շեղվում է ավանդական դպրոց-միջին մասնագիտական կրթական հաստատություն-բուհ ձեւաչափից եւ հետզհետե ավելի մեծ տեղ է տրվում ոչ ֆորմալ կրթությանը: Այսօր դեռ պարզ չէ, թե, օրինակ, 50 տարի անց հիմնական ուսումնադաստիարակչական գործընթացներն ինստիտուցիոնալ ինչ ձեւեր են ունենալու: Այս տեսանկյունից էքսպո-ցուցահանդեսներն աշակերտների եւ ուսանողների համար յուրօրինակ հարթակ են կրթության ապագայի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն ստանալու առումով»,- միջոցառման մեկնարկին նշեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: 

Ցուցահանդեսի ընթացքում Երեւանում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնն ավանդաբար ներկայացնում է Ռուսաստանի Դաշնության առաջատար բուհերի անվճար ուսուցման կանոնները, ինչպես նաեւ կանցկացնի երկու հարյուրից ավելի դիմորդների մրցակցային ընտրում 2017/2018 թթ. ուսումնական տարվա համար:

Ցուցահանդեսն անցկացվում է երկու հարկերում, որոնցում տեղակայված են տասնյակ ինստիտուտների, համալսարանների, քոլեջների եւ արհեստակցական ուսումնարանների տաղավարներ: Դրանց ներկայացուցիչները դիմորդներին ներկայացնում են այն ամենը, ինչ վերաբերում է ընդունելության կանոններին, ուսուցման արտոնյալ պայմաններին, առանցքային քննությունների հանձնմանը եւ ուսանողական կյանքի առանձնահատկություններին: