Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 22-03-2018
«Աբովյան, իմ պարի քաղաք». պարի փառատոնը կանցկացվի առաջին անգամ
Ապրիլի 29-ին՝ Պարի միջազգային օրը, քաղաք Աբովյանը վերածվելու է պարի քաղաքի։

«Աբովյան, իմ պարի քաղաք» փառատոնի նպատակն է Պարի միջազգային օրը գեղեցիկ փառատոն ունենալը եւ իհարկե դրա վրա զբոսաշրջիկների ուշադրությունը սեւեռելը։

Փառատոնի պրոդյուսեր Էդգար Կարապետյանը վստահ է՝ նմանօրինակ միջոցառումները հանրության համար անչափ կարեւոր են. «Սա հիանալի հնարավորություն է մարդկանց ուշադրությունը սեւեռելու պարի, ազգային պարի կողմը, մենք նպատակ ունենք փառատոնի շրջանակում ներգրավել նաեւ զբոսաշրջիկների»։

Է․ Կարապետյանը մեզ հետ զրույցում խոսեց նաեւ փառատոնի օրակարգի եւ ծրագրերի մասին՝ նշելով, որ ապրիլի 29-ը նախատեսվում է սկսել պարով, եւ այդ գործում իրենց ներդրումն ու մասնակցությունն են ունենալու 20-ից ավելի պարային խմբեր. «Զարմանալի չէ, որ իրենց ներկայությունն ունենալու են բազմաթիվ պարային խմբեր, քանի որ սա Պարի միջազգային օրն է, այն տոն է յուրաքանչյուր պարուսույցի եւ պարի հանդեպ սեր ունեցող անձանց համար»։

Ի դեպ, միջոցառման ընթացքում շրջիկ պարողները  անցորդներին եւ զբոսաշրջիկներին են ներկայացնելու հայ պարարվեստի գաղտնիքները։

Փառատոնի մասնակիցները հանդես են գալու տարբեր վայրերում: «Ընտրվել են տարբեր վայրեր, օրինակ՝ Սուրբ Հովհաննես եկեղեցին, որտեղ դհոլ-զուռնայով, երգ ու պարով կկայանա Պարի միջազգային օրվան նվիրված ֆլեշ մոբը, իսկ միջոցառումը կամփոփվի Աբովյանի դրամատիկական թատրոնում, որտեղ կցուցադրվեն պարային խմբերի մասին պատմող փոքրիկ ֆիլմեր, յուրովի կներկայանան նաեւ մասնակից պարային համույթները»,- նշեց փառատոնի պրոդյուսերը՝ ընդգծելով, որ Աբովյանի տարբեր փողոցներ եւ մարդաշատ վայրեր են ընտրվել՝ պարելու եւ գեղեցիկ պարային օր ունենալու համար, իսկ ահա ամբողջական օրակարգի մասին հանրությունը կիրազեկվի նախօրոք։

Հիշեցնենք, որ փառատոնն անցկացվում է առաջին անգամ, ուստի հանրության հետաքրքրության դեպքում, հնարավոր է,  այն դառնա ամենամյա։