Նյութը՝ Դավիթ Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 24-03-2018
«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը՝ շուտով
2007 թ.-ից սկսած՝ ամեն տարի, Գյումրի քաղաքում հայ ժողովրդի վերածննդի գաղափարի ներքո անցկացվում է արվեստի «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը:

Մրցույթ-փառատոնի հիմնական նպատակն է խթանել դասական, ազգային արվեստի եւ մշակույթի մասսայականացմանը, տարբեր ազգերի արվեստագետների միջեւ ստեղծել նոր, ստեղծագործական եւ բարեկամական կապեր, այլազգի արվեստագետներին մերձեցնել հայ մշակույթին, ծանոթացնել Հայաստանի պատմությանը եւ մշակութային ժառանգությանը, պատանիներին եւ երիտասարդներին իրենց վարպետությունը եւ ազգային մշակույթը պատշաճ ներկայացնելու հնարավորություն տալ, գեղարվեստական կրթության բնագավառում գիտամանկավարժական փորձի փոխանակում կատարել:   

Այս տարի մրցույթ-փառատոնը նվիրվում է Հայաստանի Հանրապետության եւ Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը ՀՀ անդամագրման 10-ամյակին, Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցին եւ արվեստի «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի տասնամյա հոբելյանին:

Փառատոնն իրականացնող կազմակերպություններն են՝ ՀՀ մշակույթի նախարարությունը, Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը (հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ Լեւոն Սարգսյան), Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը (տնօրեն՝ Կարինե Ավդալյան) եւ «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ-ն:
2018 թ.-ին «Վերածնունդ» մրցույթ-փառատոնին մասնակցելու հայտեր են ներկայացրել 37 երկրներից ավելի քան 3100 անհատ կատարողներ եւ համույթներ: 

Մասնակիցները ներկայացնում են հետեւյալ երկրները՝ ԱՄՆ, ԱՄԷ, Ավստրիա, Ավստրալիա, Բելառուս, Բելգիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Էստոնիա, Իսպանիա, Իրան, Իտալիա, Լատվիա, ԼՂՀ, Լիտվա, Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Շվեյցարիա, Չինաստան, Ռուսաստան, Սերբիա, Սլովենիա, Սիրիա, Վրաստան, Ուկրաինա, Ֆրանսիա, Մոնղոլիա, Լեհաստան եւ այլն: 

Մրցույթներն անցկացվում են հինգ տարիքային խմբերով, 21  անվանակարգերով՝ դաշնամուր, լարային գործիքներ, փողային գործիքներ, ակադեմիական երգեցողություն, կամերային անսամբլ, կոնցերտմայստերական վարպետություն, վոկալ անսամբլներ, ազգային երգեցողություն, ժողովրդական գործիքներ, ժողգործիքների անսամբլներ, էստրադային երգեցողություն, էստրադային նվագախմբի գործիքներ, հեղինակային երգ, էստրադային անսամբլներ, երգչախումբ, կոմպոզիցիա, երաժշտական թատրոն, զինվորական նվագախմբեր, երգչախմբեր, պարարվեստ եւ այս տարվա նորությունը՝ կերպարվեստ:

Իրենց անվանակարգերում 21 բացարձակ հաղթողներին շնորհվելու է Մեծ մրցանակ, շուրջ յոթ տասնյակ ենթաանվանակարգերում լավագույնս հանդես եկած մասնակիցներին՝ I, II, III, IV եւ V կարգի դափնեկրի կամ դիպլոմանտի կոչում:

Բոլոր մասնակիցները ստանալու են խրախուսական մրցանակներ եւ տարբեր դիպլոմներ: Այս ամենը վկայում է այն մասին, որ «Վերածնունդ» մրցույթ-փառատոնը դարձել է Հայաստանի Հանրապետության եւ տարածաշրջանի մանկական եւ երիտասարդական արվեստի ամենախոշոր միջազգային տոնահանդեսը:

Մասնագիտական հանձնաժողովների (ժյուրիների կազմում) ընդգրկված են արվեստի ճանաչված բազմաթիվ գործիչներ 14 երկրներից: 

Այս տարի ժյուրիի կազմում են հռչակավոր արվեստագետներ Գիա Կանչելին (Վրաստան), Միխայիլ Վասկրեսենսկին (ՌԴ), Վոյզեխ Վալեցեկը (Լեհաստան), Ալեքսեյ Վասիլեւը (ՌԴ), Յուրի Ժիսլինը (Մեծ Բրիտանիա), Սուրեն Հախնազարյանը (ՌԴ), Իգոր Պետրուշեւսկին (Ավստրիա), Կլիֆ Յանգը (ԱՄՆ), Քրիստիան Շուլցը (Ավստրիա), Բորիս Պերրենոուն (Ավստրիա), Օլավի Կասսեման (Էստոնիա), Վլադիսլավ Վալսը (ՌԴ), Էլիս Շարշենբանը (Ղրղզստան), Իգոր Ֆյոդորովը (ՌԴ), Վահագն Հովենցը (ԱՄՆ), Անտրա Վիկսնեն (Էստոնիա), Նորմունդս Վիկսնեն (Էստոնիա), Ալիռեզա Շաֆախին (Իրան), Սերգեյ Մանուկյանը (ՌԴ), Ադամ Տերացույանը (ՌԴ), Մեդեա Աբրահամյանը (Հայաստան) եւ բազմաթիվ այլ ճանաչված  երաժիշտներ:

Փառատոնային օրերին ժյուրիի բոլոր անդամների եւ նշանավոր երաժիշտների կողմից Գյումրիում, Երեւանում եւ հանրապետության այլ քաղաքներում կանցկացվեն համերգներ եւ վարպետության դասեր մրցույթ-փառատոնի մասնակիցների համար: 

Փառատոնի շրջանակում կանցկացվի «Մշակույթների երկխոսություն» միջազգային 12-րդ գիտաժողովը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության եւ Մայիսյան հերոսամարտերի 100, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը ՀՀ անդամագրման 10-ամյակներին: Գիտաժողովին կմասնակցեն շուրջ երեք տասնյակ գիտնականներ ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի հեղինակավոր բուհերից:

«Վերածնունդ» մրցույթ-փառատոնի հաղթողները եւ մրցանակակիրները տարվա ընթացքում համերգներով հանդես կգան ՀՀ մարզերում, ԼՂՀ-ում, տարբեր երկրներում: Ամռան ընթացքում նրանց համար կկազմակերպվի «Վերածնունդ» մրցույթ-փառատոնի ամառային ստեղծագործական ակադեմիա:

Մրցույթ-փառատոնի պաշտոնական բացումն ապրիլի 5-ին տեղի կունենա Գյումրու պետական դրամատիկական թատրոնում: