Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 24-03-2018
Տիգրան Բարսեղյան. «Չեմ կարծում, թե մի օր կհայտնվեմ «Բարսելոնայում» կամ «Յուվենտուսում»»
«ԵՐԻՏԱՍԱՐԴ» առցանց պորտալը զրուցել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ մակեդոնական «Վարդարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանի հետ։

Էստոնիայի եւ Լատվիայի ազգային հավաքականների հետ ընկերական խաղերին մասնակցելու է եկել մակեդոնական «Վարդար» ակումբում հանդես եկող Տիգրան Բարսեղյանը։ Հարձակվողը նաեւ 2017 թ.-ի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստների եռյակում է հայտնվել՝ զբաղեցնելով 2-րդ տեղը։

- Արդեն 7-րդ անընդմեջ տարին է, ինչ Հենրիխ Մխիթարյանը լավագույնն է Հայաստանում։ Արդյո՞ք չեք ցանկանում Ձեր հաջողություններով ստվերել հավաքականի առաջատարին։ Ի՞նչ է պետք անել լավագույնը լինելու համար։

- Հիմա էլ Հենրիխ Մխիթարյանը լավագույնն է։ Նա 8 անգամ լավագույն ֆուտբոլիստ է դարձել։ Այս պահին նա մեր երկրի համար մեկն է։ Մեզ համար դա արդեն սովորական է դարձել, որովհետեւ Հենրիխ Մխիթարյանը իր ելույթներով թե՛ ազգային հավաքականում, թե՛ ակումբներում միշտ եղել է առաջատար խաղացող։ Դա նորմալ երեւույթ է, երբ այդպիսի պարագայում դառնում ես համար մեկը։ Ինձ համար արդեն մեծ պատիվ է հայտնվել այսպիսի ֆուտբոլիստների կողքին, գրավել 2-րդ տեղը։ Բոլորն էլ պրոֆեսիոնալներ են, շատ լավ անձնավորություններ ու մարզիկներ (Հ.Ծ. նկատի ունի Վարազդատ Հարոյանին եւ Հենրիխ Մխիթարյանին)։

Տեսանելի ապագայում պատկերացնո՞ւմ եք Ձեզ որպես Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։ Ի՞նչ է պետք անել դրան հասնելու համար։

- Ինձ որպես լավագույն ֆուտբոլիստ ավելի շատ կարող են տեսնել երկրպագուները, լրագրողները կամ այն թիմերի մարզիչները, որոնք աշխատում կամ աշխատել են ինձ հետ։ Ես միշտ նվիրվում են խաղին, ամեն ինչ անում եմ լավագույնս ելույթ ունենալու համար։ Ապացույցը ներկա արդյունքն է՝ ես երկրորդ տեղում եմ։ Թե՛ ակումբում, թե՛ հավաքականում խաղադաշտ մտնելիս միշտ 100 տոկոս նվիրվածությամբ եմ գործում։ Ինձ թվում է՝ դա ավելի կարեւոր է։

Երկրպագուները, կարծես թե, այդ նվիրումը գնահատում են։ Երբեք չեն բողոքել Տիգրան Բարսեղյանի նվիրվածությունից։ Մինչեւ որտե՞ղ է հասնում Ձեր ֆուտբոլային ծրագրերը։

- Համենայն դեպս չեմ պատրաստվում ձեռք բերածով կանգ առնել։ Ինչին հասել եմ լավ է, սակայն ես պատրաստ եմ ավելին անել։ Տա Աստված, որ վնասվածքներից խուսափելով շարունակեմ կարիերաս։

Տարվա 10 լավագույն մարզիկների ցանկում միայն մեկ ֆուտբոլիստ կար։ Ի՞նչ է պատճառը, որ այս մասսայական մարզաձեւից այլ ներկայացուցիչներ չկային։

- Իսկապես, ֆուտբոլին շատերն են հետեւում։ Ինձ թվում է, որ եթե մեր հավաքականն ավելի լավ ելույթներ ունենա, մենք ավելի լավ խաղանք ակումբներում, արդեն հնարավոր կլինի մի քանի այլ ֆուտբոլիստներ էլ ընդգրկվեն լավագույնների կազմում։ Գուցե անգամ նոր անուններ կլինեն։ Մեզ համար կարեւոր է Աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններին մասնակցելը։ Դա իսկապես մեծ նվաճում կլինի Հայաստանի համար։

Ֆուտբոլային ամբիցիաների վերին աստիճանը ո՞րն է՝ «Բարսելոնա», «Բավարիա», «Մանչեսթեր Յունայթեդ»...

- Չեմ մտածում այդ մասին։ Համակրում եմ «Բարսելոնային» եւ «Յուվենտուսին», սակայն չեմ մտածում, որ ինչ-որ մի օր հայտնվեմ այդ ակումբներում։ Ճիշտ է, այդ ակումբներում խաղալը կլինի երազանքի իրագործում, անհավատալի մի բան, բայց ժամանակը ցույց կտա ամեն ինչ։ Պետք է առաջ չընկնել։

Ի՞նչը թույլ կտա այդ ակումբների մակարդակում հայտնվել։ Այս պահին ի՞նչը չի բավարարում։

- Չէի ասի, թե չի բավարարում։ Ուղղակի պետք է ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում լինել, ճիշտ ակումբում հայտնվել, ճիշտ առաջնությունում խաղալ։ Ավելի շատ ես պետք է իմ ցուցանիշները բարելավեմ։ Պետք է ավելի շատ գոլեր խփեմ։ Աշխատում եմ այդ ուղղությամբ։ Հույս ունեմ, որ այդ աշխատանքը կտա իր արդյունքը։

Ազգային հավաքականի առաջիկա երկու խաղերից ի՞նչ սպասելիքներ ունի թիմը, որին միացել են նորեկ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը եւ վնասվածքից հետո ապաքինված Գեւորգ Ղազարյանը։

- Նորեկին շատ ջերմ ընդունեցինք։ Ընդհանրապես բոլոր նորեկներին պետք է ջերմ ընդունել։ Ինքս էլ երբ նոր էի տեղափոխվել «Վարդար», նորեկի զգացողություն եմ ունեցել։ Գեւորգ Ղազարյանն էլ շատ ծանր վնասվածք ուներ, երկար ապաքինվեց, ինչպես եւ ենթադրվում էր։ Նա մեր թիմին նորից մերվելու խնդիր չունի, հնաբնակներից է։ Ազգային հավաքականը մեկ ընտանիք է։

Մրցակիցների հետ խաղին ինչպե՞ս եք պատրաստվում։

- Էստոնիայի եւ Լիտվայի հետ խաղերում մենք միանշանակ դուրս ենք գալու հաղթանակի համար պայքարի։ Այդպես է բոլոր խաղերում։ Հույս ունեմ, որ այս տարին կսկսենք հաղթանակներով։ Դա կարող է շարունակական բնույթ ունենալ։ Խաղ առ խաղ առաջ շարժվելով՝ պետք է ավելի շատ երկրպագուների բերել ստադիոն։

Գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը առաջին անգամ է թիմին պատրաստում նոր շրջափուլի։ Նկատե՞լ եք մարզչական ձեռագրի փոփոխություններ, տակտիկական նոր լուծումներ։

- Նոր տակտիկա փորձելու ենք, սակայն դեռ նորություններ չեմ նկատել։ Այս խաղերում հաստատ նոր սխեմաներ կփորձարկվեն։ Այդ ամենը չպետք է խանգարի հաղթանակին։ Արթուր Պետրոսյանը եւս մեզնից հաղթանակ է սպասում։ Ընդհանրապես մեր հավաքականի հոգեբանությունը հաղթողի է։ Շատ ուրախ եմ, որ Արթուր Պետրոսյանը մնացել է հավաքականում, որովհետեւ ներկայիս մարզչական շտաբը շատ գրագետ է, լավ մարզումային ծրագրեր է իրականացնում։

Ակումբային կարիերան եւս կարծես թե վատ չի դասավորվում... Կանոնավոր հանդես եք գալիս «Վարդարի» կազմում, գոլեր եք խփում։ Փոփոխությունների ցանկություն չունե՞ք։

- Այժմ միայն ազգային հավաքականի մասին եմ մտածում։ Այս ճամբարում չեմ փորձում մտածել իմ ակումբային կարիերայի հետագա քայլերի մասին։ Երբ վերադառնամ Մակեդոնիա, այդ ժամանակ արդեն կմտածեմ այդ մասին։ Ուրախ եմ, որ Հայաստանում եմ։ Հայրենիքն ինձ համար կարեւոր է։ Միայն ազգային հավաքականի մասին եմ ուզում մտածել։

Պատկերասրահ՝ Պարգեւատրվեցին 2017 թ.-ի լավագույն ֆուտբոլիստները