Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 25-03-2018
Վարազդատ Հարոյան. «Ֆուտբոլում ամեն ինչ արագ է փոփոխվում»
«ԵՐԻՏԱՍԱՐԴ» առցանց պորտալը զրուցել է Հայաստանի 2017 թ.-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ մրցույթի արդյունքում 3-րդ տեղը զբաղեցրած պաշտպան Վարազդատ Հարոյանի հետ։
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 24-ին եւ 27-ին ընկերական հանդիպումներ է անցկացնելու։ Ազգային ընտրանուն այդ խաղերում կփորձի օգնել Ռուսաստանի Պրեմիեր լիգային հարմարված Վարազդատ Հարոյանը։ Պաշտպանը 2017 թ.-ի արդյունքներով հայտնվել էր լավագույն ֆուտբոլիստների եռյակում։
 
- Ի՞նչ պետք է անի հայ ֆուտբոլիստը Հայաստանում լավագույնը ճանաչվելու համար։ Երբ ունենք Հենրիխ Մխիթարյան, որը ինչ-որ տեղ մրցակցությունից դուրս է եւ դժվար է գրավել առաջին տեղը, ապա ի՞նչ անել դառնալու երկրորդը։
 
- Ֆուտբոլում ավելի շատ աշխատանքը հաջողություն է բերում։ Պետք է ավելի շատ աշխատեմ, շատ տանջվեմ։ Պետք է նաեւ ավելի խելացի լինել, շտկել թույլ տված սխալները։ Արդյունքում ինչու ոչ կարող եմ պայքարել երկրորդ, անգամ առաջին տեղի համար։ Ավելի շատ աշխատանքը կարող է արդյունքներ ապահովել։
 
- Ո՞ր գործոնն է ազդում. պե՞տք է ավելի լավ հանդես գալ ակումբում, տեսանելի լինել, թե՞ ավելի շատ պիտի օգտագործել ազգային հավաքականի կողմից ընձեռված հնարավորությունները։
 
- Երկու դեպքում էլ պետք է հնարավորինս լավ հանդես գալ։ Թե՛ ակումբում պետք է գերազանց գործել, քանի որ ամբողջ տարին է ամփոփովում, թե՛ ազգային հավաքականում, եթե ունես խաղալու հնարավորություն։ Երկու դեպքում էլ պետք է լավացնեմ ելույթներս, որպեսզի կարող լինեմ ավելի բարձր տեղի համար պայքարել։
 
- Հայաստանի հավաքականի կազմում նորեկ է հայտավորվել։ Մեկ տարվա ընդմիջումից հետո ազգային հավաքականի շարքերն է համալրել նաեւ Գեւորգ Ղազարյանը։ Արթուր Պետրոսյանը մնացել է գլխավոր մարզչի պաշտոնում։ Փոփոխվել է արդյո՞ք այդ ամենի արդյունքում մարզչի ձեռագիրը, աշխատելաոճը կամ հավաքականի մարտավարությունը։
 
- Մինչեւ Ազգերի լիգայի շրջափուլի մեկնարկը չորս խաղ կունենանք։ Տակտիկական փոփոխությունները կերեւան ընթացքում։ Մենք միշտ նույն ֆուտբոլն ենք խաղում։ Արդեն քանի տարի է, ինչ Հայաստանի հավաքականը ֆուտբոլ է խաղում, ոչ թե գնդակ է պահում։ Թիմը կարող է փոխանցումներով խաղալ, գրոհներ կազմակերպել։ Մենք արդեն տակտիկա գիտենք. նկատելի գրագիտություն կա մեր խաղի մեջ։ Պետք է փորձենք ավելի կատարելագործել խաղը։ Մարզչի կողմից ինչ հանձնարարություն որ տրվում է, փորձում ենք 100 տոկոսով ճիշտ կատարել։
 
- Հանդես եք գալիս պաշտպանությունում։ Հավաքականի նորեկ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը հարձակվող է։ Որպես պաշտպան՝ ինչպե՞ս եք գնահատում ֆուտբոլիստի հարձակվողական ունակություները, հմտությունները։
 
- Ճիշտն ասած, դեռեւս որեւէ հստակ գնահատական չեմ կարող տալ։ Առաջին երկու-երեք մարզումների ժամանակ այդքան էլ նկատելի չի եղել, չի առանձնացել կամ ընդգծվել։ Տեսնենք, թե առաջիկա խաղերին ինչպես կդրսեւորի իրեն։ Հաստատ հնարավորություն կստանա։
 
- Որեւէ առանձնահատկություն չունի՞, որը կարող եք նշել։
 
- Հարձակվող է։ Բոլոր հարձակվողների պես է խաղում։ Երեւի թե արագություն ունի, որը կարելի է որպես առանձնահատկություն նշել։ Տիպիկ լատինամերիկյան ֆուտբոլիստ է՝ միշտ միտված գնդակի համար պայքարի։
 
- Առջեւում երկու ընկերական հանդիպում է նախատեսված։ Մրցակիցները Էստոնիայի եւ Լիտվայի ոչ թույլ հավաքականներն են։ Ինչպիսի՞ ակնկալիքներով եք պատրաստվում խաղերին։
 
- Լիտվայի հավաքականին դեռեւս ծանոթ չեմ (Հ.Ծ. հարցազրույցը տեղի է ունեցել մարտի 22-ին)։ Առաջին մրցակիցը Էստոնիայի հավաքականն է, որի խաղերին արդեն հասցրել ենք ծանոթանալ։ Ինձ թվում է, որ երկու մրցակիցներն էլ միմյանց շատ նման ֆուտբոլ են խաղում։ Ամեն խաղում մենք պետք է հաղթանակի ձգտենք։ Խաղադաշտ պետք է մտնել հաղթելու համար։ Թե՛ Էստոնիայի, թե՛ Լիտվայի հավաքականները մեզնից բարձր մակարդակ չունեն։
 
- Էստոնիայի հավաքականի խաղում ի՞նչն է առանձնահատուկ ընդգծվել։
 
- Տեսագրությունները նայելով՝ նկատելի է, որ բարձրահասակ ֆուտբոլիստները շատ են մրցակցի կազմում։ Ֆիզիկապես ամուր թիմի հետ ենք մրցելու։
 
- Հստակ հանձնարարություն, ցուցումներ մարզչի կողմից Ձեզ տրվե՞լ է արդեն։
 
- Դեռ խաղին պատրաստվելու ժամանակ կա։ Կլինեն նաեւ ցուցումներ մարզչի ու մարզչական շտաբի կողմից։ Տեսնենք՝ ինչպես հնարավոր կլինի անսխալ կատարել դրանք։

Պատկերասրահ՝ Պարգեւատրվեցին 2017 թ.-ի լավագույն ֆուտբոլիստները