Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 27-03-2018
Հագուստի կապսուլային հավաքածուի ստեղծում՝ իսպանացի դիզայների ուղղորդմամբ
Երկու շաբաթ շարունակ իսպանացի դիզայներ Վիկտոր Նումանի ուղղորդմամբ «Թումո» ստուդիաների ուսանողները ստեղծեցին հագուստի կապսուլային հավաքածուի նախատիպեր։



Հավաքածուն ստեղծվում էր «ԼաԳալերիայի» հետ համագործակցության շրջանակում։ Նումանի գլխավորությամբ երիտասարդ դիզայներների խումբը սկսեց աշխատանքը՝ ուսումնասիրելով հայկական մշակույթի նոր ալիքները, ավելի լավ հասկանալու համար գոյացող թրենդներն ու դիզայնի ուղղությունները: Ամեն ուսանող աշխատեց անմիջապես հայտնի դիզայների հետ` գաղափարները մշակելու եւ իրականացնելու ուղղությամբ։



Իսպանացի դիզայները ներկայացնում է «Nouman» բրենդը, որը հիմնականում կենտրոնացած է տղամարդկանց հագուստի մոդելավորման վրա: «Միրզոյան» գրադարանում անցկացված շնորհանդեսի ընթացքում դիզայները շեշտեց, որ երեւանյան հավաքածուն ստեղծելիս ոգեշնչվել են Խորհրդային Հայաստանի ժամանակաշրջանի հագուստներով: Վիկտոր Նումանը հանգամանալից ներկայացրեց դասընթացը, խոսեց երկշաբաթյա կուրսի նպատակների ու խնդիրների մասին, ցուցադրեց միջոցառման լուսանկարներ: 



«Դուք պետք է պատմություն զետեղեք ձեր հագուստներում: Դուք չեք կարող սկսել զրոյից եւ պատրաստել մի բան, որը պարզապես գեղեցիկ է: Ձեր գիծը, ձեր դիզայնը` ամեն ինչ, պետք է հիմնված լինի մտքի վրա: Սակայն դա չպետք է գրված լինի ձեր դեմքին: Եթե մենք ստեղծում ենք մի բան` ոգեշնչված Հայաստանով, դա չպետք է լինի շապիկ, որի առջեւում գրված է «Հայաստան»: Ձեզ պետք է գաղափար: Ձեզ պետք է կոնցեպտ»,- իր հայ ուսանողներին հենց այսպիսի դաս էր տվել դիզայները: 



Նշենք, որ միջոցառման ընթացքում հայտարարվեց, որ հավաքածուն հունիսին վաճառվելու է «ԼաԳալերիայի» ցանցում: Կապսուլային հավաքածուից ստացված շահույթը կտրամադրվի «Թումո» ստուդիաների կրթական հնարավորությունների ընդլայնմանը, ինչը թույլ կտա ավելի մեծ թվով երիտասարդ դիզայներների ներգրավել ծրագրի շրջանակում: