Նյութը՝ Շուշանիկ Հակոբյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 27-03-2018
Գեղասահք. ռեկորդների աշխարհի առաջնությունը
Համաշխարհային նորաձեւության մայրաքաղաք Միլանում ավարտվեց գեղասահքի աշխարհի առաջնությունը:

Այդ առաջնությամբ մարզիկները եզրափակեցին իրենց 2017-2018 մրցաշրջանը: Ընդամենը մեկ ամիս առաջ ավարտված օլիմպիական խաղերից հետո աշխարհի առաջնությանը մասնակցեցին գրեթե բոլոր ֆավորիտները՝ բացառությամբ օլիմպիական չեմպիոններ Տեսա Վիրչու/Սքոթ Մոիր կանադական զույգի եւ աշխարհահռչակ մարզիչ Բրայան Օրսերի սաներ ճապոնացի Յուզուրու Հանյուի եւ իսպանացի Խավիեր Ֆերնանդեսի: Վնասվածքի պատճառով Միլան չէր մեկնել նաեւ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ռուսաստանցի Եվգենյա Մեդվեդեւան: 

Հայ մարզիկների ելույթները



Մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը կարճ ծրագրում վաստակեց 68,14 միավոր եւ զբաղեցնելով  23-րդ տեղը՝ որակավորվեց հաջորդ՝ ազատ ծրագրին, որտեղ վաստակեց 131.54 միավոր: Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան գերազանց է գնահատել հայ մարզիկի ելույթը: Հայրապետյանը հանրագումարում ստացավ 199.72 միավոր, ինչը ռեկորդային էր նրա համար: Ազատ ծրագրում նա 24 մասնակիցների շրջանում զբաղեցրեց 22, իսկ ընդհանուր՝ նախավերջին՝ 23-րդ հորիզոնականը: 

Անձնական ռեկորդ գրանցեց նաեւ Թինա Կարապետյան/Սիմոն Սենեկալ պարային զույգը: Չնայած հրաշալի ելույթին՝ Հայաստանը ներկայացնող զույգը 31 մասնակիցների շարքում զբաղեցրեց 22-րդ տեղը եւ չորակավորվեց ազատ ծրագրին (հեղ.՝ ազատ ծրագրին որակավորվում են լավագույն 20-ը): Փոխարենը բավարարվեց կարճ ծրագրի՝ իրենց լավագույն ելույթով, որը նրանց բերեց 58.64 միավոր: 

Նատան Չեն ֆենոմենը 



Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Յուզուրու Հանյուի եւ բրոնզե մեդալակիր Խավիեր Ֆերնանդեսի բացակայության պարագայում Միլանում տղամարդկանց մենասահքի ֆավորիտներն էին Փհենչանի խաղերի արծաթե մեդալակիր, ճապոնացի Շոմա Ունոն եւ ԱՄՆ-ը ներկայացնող Նատան Չենը: Պարզ էր, որ հիմնական պայքարը հենց նրանց մեջ էր ընթանալու: Օլիմպիական խաղերի կարճ ծրագիրը տապալած Նատան Չենը առավել քան վստահ ելույթ ունեցավ Միլանում: Ճիշտ է, նա վաստակեց 101.94 միավոր եւ 2-րդ տեղը զբաղեցրած ռուսաստանցի Միխայիլ Կոլյադային գերազանցեց ընդամենը 1.84 միավորով, բայց ազատ ծրագրի նրա զինանոցում 6 քառակի պտույտով թռիչք կար, եւ դա անսխալ անելու պարագայում ոսկե մեդալը, անկասկած, ուղեւորվելու էր ԱՄՆ: Ազատ ծրագրի ուժեղագույն ենթախմբում ընդգրկված գրեթե բոլոր գեղասահորդներն ընկան՝ կորցնելով կարեւոր միավորներ: Անսխալ էր Ռաֆայել Հարությունյանի սան Նատան Չենի ելույթը, ով կրկնեց օլիմպիական խաղերի յուրօրինակ ռեկորդը՝ 8 թռիչքներից 6-ը կատարելով քառակի պտույտով, արդյունքում՝ անձնական ռեկորդներ ազատ ծրագրում եւ հանրագումարում: Նա վաստակեց 321.40 միավոր եւ երկրորդ տեղը զբաղեցրած ճապոնացի Շոմա Ունոյին գերազանցեց 47.63 միավորով: 

Ալինա Զագիտովայի ֆիասկոն 



Կանանց մենասահքի օլիմպիական չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր, 15-ամյա ռուսաստանցի Ալինա Զագիտովան աշխարհի առաջնության էր մեկնել բացարձակ առաջատարի կարգավիճակով: Մասնագետների կարծիքով՝ նրա հայրենակից Եվգենյա Մեդվեդեւայի բացակայությամբ Զագիտովան «ազատ շունչ» կքաշեր ու մրցաշրջանի հերթական՝ 7-րդ ոսկե մեդալը կնվաճեր: Կարճ ծրագրում Զագիտովան չնչին տարբերությամբ պարտվեց իտալացի Կարոլինա Կոստներին: Սակայն այն, ինչ եղավ ազատ ծրագրում Զագիտովան ամենավատ երազում պատկերացնել անգամ չէր կարող. նա ընկավ: Ընկավ ոչ թե մեկ կամ երկու, այլ երեք անգամ: Կատարյալ ֆիասկո… Արցունքներն աչքերին 15-ամյա մարզիկը լքեց սառույցը: 

Մասնագետները դեռ երկար կքննարկեն նրա պարտության պատճառները: Ոմանք կարծում էին, որ ծանրաբեռնված մրցաշրջանի ավարտ էր, չդիմացավ: Որոշներն էլ խոսում էին, որ օլիմպիական խաղերից հետո Զագիտովան 3 սմ աճել է, ինչը նրան կոորդինացիայից գցել է: Իմ համեստ կարծիքով՝ պատճառն իր ուժերի նկատմամբ գերհավատն էր: Նա կարծում էր, որ իր ռեժիմով (հարցազրույցներ, շոուներ, ասուլիսներ, գովազդներ, անկանոն սննդակարգ) կարող է հանգիստ կրկնել իր ռեկորդները կամ գոնե լավագույն ելույթները: 

Վերջինը ելույթ էր ունենում Կարոլինա Կոստները, ով տանը ոսկե մեդալ նվաճելու բոլոր շանսերն ուներ: Սակայն 31-ամյա Կոստները նույնպես ընկավ, արդյունքում՝ ընդամենը 4-րդ տեղ: Չեմպիոն դարձավ կանադացի Քեյթլին Օսմոնդը:

Լավագույններից լավագույնը. Ալյոնա Սավչենկո/Բրունո Մասո



Գերմանիան ներկայացնող Ալյոնա Սավչենկո/Բրունո Մասո սպորտային զույգն ապացուցեց իր բարձր կարգը: Ազատ ծրագրի և հանրագումարում աշխարհի նոր ռեկորդներով օլիմպիական խաղերի չեմպիոնները նվաճեցին հաղթողի կոչումը: Նրանք վաստակեցին 245.84 միավոր եւ երկրորդ տեղը զբաղեցրած ռուսաստանցիներ Եվգենյա Տարասովա/Վլադիմիր Մորոզով զույգից առաջ անցան 20.31 միավոր: Լավագույն եռյակը եզրափակեց Ֆրանսիայի Վանեսա Ջեյմս/Մորգան Քրայփս զույգը:

Մեկ շնչով. Գաբրիելա Պապադակիս/Գիյոմ Սիզեղոն



Ֆրանսիան ներկայացնող օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ Գաբրիելա Պապադակիս/Գիյոմ Սիզեղոն զույգը, որոնք իսկապես արժանի էին օլիմպիական չեմպիոն դառնալուն, իսկական իրարանցում արեցին միլանյան սառույցի վրա՝ ապացուցելով, որ հենց իրենք են լավագույնը: Երեք աշխարհի ռեկորդով ֆրանսիական զույգը գերեց եւս մի քանի հազար երկրպագուի սրտեր: Երկրորդ տեղում ԱՄՆ-ը ներկայացնող  Մեդիսոն Հաբլ/Զախարի Դոնոհյու զույգն էր, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Քեյթլին Ուեվեր/Անդրյու Պոժ կանադական զույգը: