Նյութը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամից
Լուսանկարները՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամից
Տեղադրվել է 01-04-2018
Լավագույն վոկալիստները կարժանանան Նախագահի երիտասարդական մրցանակին
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բեմը վոկալի երիտասարդ վարպետներինն էր:

Կայացավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից համակարգվող ու «Պողոսյան» հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող՝ Նախագահի երիտասարդական մրցանակի «Երգեցողություն» անվանակարգի մրցույթի եզրափակիչը: 25-ից 17 կատարողի էր հաջողվել անցնել հաջորդ փուլ: 

Գագիկ Վարդանյանին դասականի սիրահար հանդիսատեսը լավ է ճանաչում: Երիտասարդը մրցույթին մասնակցում է արդեն երրորդ տարին: «Ամեն անգամ կես քայլ է պակասել լավագույն արդյունքի հասնելու համար: Ինքս ինձ հաղթելու խնդիր ունեմ եւ հուսով եմ՝ այս տարի ի վերջո կհաջողվի արժանանալ Նախագահի մրցանակին»,- նշում է Գագիկը: 

«Երրորդ մրցույթն է, որին երբեւէ մասնակցել եմ: Չեմ սիրում մրցութային լարվածությունը, բայց այս մրցանակը պատիվ է յուրաքանչյուր երգչի համար»,- ընդգծում է  Գալինա Ցոլակյանը, ով ավարտել է Կոնսերվատորիայի մագիստրատուրան եւ արդեն սկսել է կառուցել մեներգչուհու կարիերան: Նախագահի երիտասարդական մրցանակն էլ դրա ամուր հիմքը կարող է լինել:

Ժյուրին լսեց 17 վոկալիստներին, ընտրեց երկու լավագույններին: Մրցանակակիրների անունները, սակայն, կբարձրաձայնվեն ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ: Նախագահի նստավայրում հաղթողները կստանան պատվոգրեր, շքանշան եւ 2500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Հիշեցնենք, որ մրցանակը շնորհվում է 2005 թվականից: