Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 04-04-2018
Արամո. հին ու նոր երգեր հոբելյանական երեկոյին
Հին ու սիրված երգեր, նոր ստեղծագործություններ, կենդանի նվագակցություն. ապրիլի 3-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ երգիչ, դերասան Արամոյի հոբելյանական երեկոն:

«Ուրախ եմ, որ այսօր միասին ենք լինելու: Ցանկանում եմ ձեզ լավ տրամադրություն»,- միջոցառման մեկնարկին նշեց Արամոն՝ հատուկ ողջունելով իր համերգին ներկա ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին եւ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին:

Համերգային երեկոյին ՀՀ վաստակավոր արտիստը ներկայացրեց իր հեղինակային, ինչպես նաեւ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից: Նրան նվագակցեցին հանրապետության հայտնի երաժիշտներն ու երաժշտական կոլեկտիվները, նաեւ տիկինը՝ Արամոյի բնորոշմամբ՝ «միակ ու անկրկնելի» Էմմա Պետրոսյանը: Հայրիկի հետ ելույթ ունեցավ նաեւ ջութակահար Ավետիքը: Ընդ որում՝ յուրաքանչյուր երգից առաջ արտիստը ներկայացնում էր, թե որ ստեղծագործությունն է հնչելու: Երեկոն անցավ մտերմիկ ու ջերմ մթնոլորտում: 

Նշենք, որ Արամոն ծնվել է 1968 թ. հունվարի 24-ին: Արտիստն այս տարի տոնում է 50-ամյակը: Արամոն բազմաթիվ համերգներով եղել է Հայաստանի մարզերում եւ արտերկրում: Խաղացել է մի շարք թատերական ներկայացումներում՝ Ժ. Անանյանի «Կեսգիշերին», Վ. Պետրոսյանի «Մեր մանկության մանգոն» եւ այլն: Նկարահանվել է «Մխիթար սպարապետ» (1978 թ.), «Ծաղրածուի ժպիտը» (1979 թ.), «Մեր բակը» (1998 թ.), «Վոդկա լիմոն» (2003 թ.), «Սողանք» (2009 թ.), «Հովիվը» (2012 թ.), «Գնչուհին» (2013 թ.), «Սպիտակ գառան երազ» (2013 թ.), «Դիպուկահարը 2» (2013 թ.), «Ուրիշի փոխարեն» (2014 թ.), «Կռիվ եւ կյանք» (2016 թ.), «Հայրերը» (2016 թ.) եւ այլ ֆիլմերում: Արժանացել է բազմաթիվ երաժշտական մրցանակների Հայաստանում եւ արտերկրում: Թողարկել է «Սեւ ու սպիտակ» (2000 թ., Էմմա Պետրոսյանի հետ), «Երանի» (2003 թ.), «Վերադարձ դեպի տուն» (2010 թ., Էմմա Պետրոսյանի հետ) ձայնասկավառակները:

Պատկերասրահ՝ Արամոյի հոբելյանական երեկոն