Նյութը՝ «Երիտասարդ դեղագործների ասոցիացիա» ՀԿ-ից
Լուսանկարները՝ «Երիտասարդ դեղագործների ասոցիացիա» ՀԿ-ից
Տեղադրվել է 04-04-2018
Դեղատոմսի վրա պարտադիր է միայն բժշկի ստորագրությունը
Ինչպիսի՞ն են անցած մեկ ամսվա արդյունքները։ Դեղագետները որքանո՞վ են հարմարվել դեղերի դուրս գրման նոր կարգով աշխատելուն, եւ ի՞նչ խնդիրներ են ծագում քաղաքացիների հետ:
Այս հարցերի պատասխանները հստակեցնելու համար «Երիտասարդ դեղագործների ասոցիացիա» ՀԿ-ն կազմակերպեց քննարկում:

Քննարկման ընթացքում դեղերի դուրս գրման նոր կարգի վերաբերյալ պարզաբանումներ տվեց ՀՀ ԱՆ աշխատակազմի դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների վարչության դեղորայքային քաղաքականության բաժնի պետ Անահիտ Մկրտչյանը: Քննարկման արդյունքում պարզվեց, որ հիմնական խնդիրներից մեկը կնիքի շուրջ ծագած թյուրըմբռնումն է։ Անահիտ Մկրտչյանը պարզաբանեց, որ համաձայն ՀՀ կառավարության նոր կարգի՝ դեղատոմսի վրա բժշկական կազմակերպության կնիք անհրաժեշտ չէ, պարտադիր է միայն բժշկի ստորագրությունը:

Դեղագետները նշեցին, որ թեպետ դժվար է քաղաքացիներին ամեն օր բացատրել, ինտեգրել նոր համակարգին, միաժամանակ ողջունեցին դեղերը դեղատոմսով բաց թողնելու նոր կարգը, որը որոշ ժամանակ անց կտա իր դրական արդյունքները։ Կարեւորվեց հատկապես այն հանգամանքը, որ մեր երկրում կնվազի հակաբիոտիկներով անվերահսկելի ինքնաբուժումը: 

Քննարկումից հետո կազմակերպվեց դասընթաց «Հենաշարժիչ համակարգի ցավային համախտանիշները դեղատնային պրակտիկայում» թեմայով։ Զեկուցմամբ հանդես եկավ ԵՊԲՀ Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի ավագ դասախոս, դեղագործական գիտությունների թեկնածու Տիգրան Կտիկյանը:

Դասընթացն անցկացվեց ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հանրային դեղատան դեղագետի համար սահմանված դերերի եւ գործառույթների:

Դեղագետը դեղ վաճառող չէ:
 
Դեղագետն առանցքային դեր ունի առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի տրամադրման գործում: Երբ պացիենտը դիմում է դեղատուն՝ առանց դեղատոմսի դեղ ձեռք բերելու կամ առկա ախտանշանները վերացնելու նպատակով, ապա դեղագետի գործառույթներն են՝
  • Հասկանալ, թե ինչ ախտանշանների համար է պացիենտը ցանկանում ձեռք բերել առանց դեղատոմսի տրվող դեղը,
  • Տարբերակել բժշկի խորհրդատվություն պահանջող դեպքերը եւ ուղղորդել բժշկի,
  • Եթե ախտանշանները թեթեւ են, չեն պահանջում բժշկի միջամտություն, բաց թողնել տվյալ պացիենտի վիճակին համապատասխանող առանց դեղատոմսի դեղը` իրազեկելով ճիշտ կիրառման եւ պահպանման մասին։
«Երիտասարդ դեղագործների ասոցիացիա» ՀԿ-ն դեղագործական ոլորտի խնդիրների վերհանման եւ լուծման, ինչպես նաեւ նորությունների իրազեկման արդյունավետ հարթակ է: