Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 07-04-2018
«Երկինքը Բեռլինի վրա». տրվեց գերմանական ֆիլմերի ցուցադրության մեկնարկը
Երեւանում «Գյոթե» կենտրոնը եւ «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման կազմակերպությունը սկսում են գերմանական դասական եւ նոր ֆիլմերի ցուցադրությունների եւ դասախոսությունների շարք:

Գերմանական կինոակումբի մեկնարկն ապրիլի 6-ին տրվեց  նոր գերմանական կինոյի մեծագույն վարպետ Վիմ Վենդերսի հանրահայտ «Երկինքը Բեռլինի վրա» (127ր.) («Der Himmel über Berlin») կինոնկարով:

Կինոդիտմանը նախորդեց կինոռեժիսոր, կինոգետ Գարեգին Զաքոյանի դասախոսությունը: 

Նրա խոսքով՝ համաշխարհային կինոյի քարտեզի վրա գերմանական ֆիլմերն այդքան պայծառ ու գունեղ չեն նշված, ինչպես ֆրանսիական, իտալական եւ անգամ չինական ու կորեական ֆիլմերը: Սակայն խնդիրն ու մեղավորությունը գերմանական ֆիլմերինը չէ, այլ մարդկանց՝ արվեստից փախչելը: 

«Նմանօրինակ հանդիպումների շարքը շատ կարեւոր է եւ նպատակային, մասնավորապես, որպեսզի հայ հանդիսատեսը գերմանական կինոարվեստին ծանոթանա եւ, ինչու չէ, նաեւ սիրի: Իրավմամբ, գերմանական կինոն արժանի է հանդիսատեսի համակրանքին արժանանալուն, քանի որ առկա է ե՛ւ որակ, ե՛ւ խորը միտք: Եթե հայացք գցենք գերմանական երաժշտարվեստին, ապա կտեսնենք, թե ինչ մնայուն գործեր են հիմա առկա, որոնք գերմանական ֆիլմերի անբաժան մասն են կազմում»,- նշեց Գարեգին Զաքոյանը:

Նրա հավաստմաբ՝ ռեժիսոր Վիմ Վենդերսը համարվում է ամենասիրված եւ հետաքրքիր ռեժիսորներից մեկը, ում գրեթե բոլոր ֆիլմերը գլուխգործոցներ են. «Եթե ուշադիր լինեք, ապա կտեսնեք, որ ֆիլմում խոսքը շատ քիչ, սակայն շատ խորքային, դիպուկ եւ տեղին է: Ռեժիսորի նման ձեռագիրն անշուշտ նրան առանձնացնում է մյուսներից»:

Ֆիլմի ցուցադրությանը հաջորդեց քննարկում, որի ընթացքում ներկաները փոխանակվեցին կարծիքներով: 

Պատկերասրահ՝ Մեկնարկեց գերմանական ֆիլմերի ցուցադրությունների եւ դասախոսությունների շարքը