Նյութը՝ Դավիթ Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 10-04-2018
Նարեկ Դուրյանի նոր ներկայացման առանցքում հայերի վերջին տարիների հաղթանակներն ու ձեռքբերումներն են
Սիրված դերասան, ռեժիսոր Նարեկ Դուրյանը «Բոհեմ» թատրոնում կներկայացնի նոր՝ «Օրագիր» փաստավավերագրական դրաման՝ ըստ Լիանա Բաղդասարյանի անձնական օրագրի:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ բեմադրվող ներկայացման պրեմիերաները տեղի կունենան ապրիլի 24-ին, 25-ին եւ 26-ին: Բեմադրությունը, երաժշտական ձեւավորումը՝ Նարեկ Դուրյանի, ով նաեւ պիեսի հեղինակն է:

«Հերոսական ներկայացման մեջ ամփոփված են 1988-ից մինչեւ մեր օրերը տեղի ունեցած պատմական իրադարձությունները, այդ թվում՝ Ղարաբաղյան շարժումը, ապրիլյան պատերազմը: «Օրագրի» առանցքում մեր ժամանակակից պատմությունն է: 15 տարի առաջ Լիանա Բաղդասարյանը պարոն Դուրյանին է տվել իր անձնական օրագիրը՝ ասելով, որ եթե հնարավորություն լինի, Դուրյանը կարող է ներկայացում բեմադրել իր օրագրի հիման վրա: Օրագրի հերոսները 4 ընկերուհիներ են, ովքեր 1983-88 թթ. սովորել են Բաքվի մանկավարժական ինստիտուտում: Եվ Նարեկ Դուրյանը որոշեց նոր ներկայացմամբ անդրադառնալ այդ օրագրին: Ի դեպ, օրագրի հերոս չորս ընկերուհիները Ղարաբաղյան շարժման ժամանակ տեղափոխվել են հայրենիք եւ ապրում են այստեղ մինչեւ այսօր՝ դաստիարակելով նոր սերնդին»,- նշում է թատրոնի պրոդյուսեր Քրիստինա Հովհաննիսյանը:

Յուրօրինակ ու հետաքրքիր ներկայացման ամբողջ ընթացքում հանդիսատեսն ինքնատիպ պատմական էքսկուրս կկատարի՝ հայտնվելով տարբեր ժամանակահատվածներում, ականատես դառնալով վերջին տարիների մեր հերոսական հաղթանակներին, վայրէջքներին ու վերելքներին: Հանդիսատեսը եւս մեկ անգամ կգիտակցի, որ հայ ժողովուրդն ամենավճռորոշ պահին միասնական է դառնում, ու դժվար է կոտրել այս ժողովրդին:

Քրիստինա Հովհաննիսյանը փաստում է՝ «Բոհեմ» թատրոնում շատ են կարեւորում պատմական բեմադրություններ ներկայացնելն ու անցյալի պատմությունների միջոցով ներկան արժեւորելը: Պատմական իրադարձություններին հաղորդելով թարմ շունչ՝ Նարեկ Դուրյանը փորձել է հաղթանակների ու ձեռքբերումների երեք տասնամյակ տեւող պատմությունը հետաքրքիր եւ հասանելի մատուցել հայ հանդիսականին:

Նշենք, որ ներկայացման մեջ խաղում են Նարեկ Դուրյանը, Քրիստինա Հովհաննիսյանը, Թամարա Պետրոսյանը, Տաթեւ Միրումյանը, Սիրանուշ Երիկյանը, Սուսաննա Ղազարյանը, Թելման Առաքելյանը, Արտակ Մանուկյանը, Ռաֆի Թադեւոսյանը, Գարիկ Միրզոյանը: 

Թատրոնի պրոդյուսերը հատուկ շեշտում է, որ «Օրագրի» դերասանների մեծ մասը երիտասարդներ են: Ի դեպ, դերասաններից շատերը միանգամից մի քանի հերոսի են մարմնավորում: