Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի և Արծրուն Չոբանյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 10-04-2018
Արծրուն Չոբանյան. «Երբեք չպետք է դադարել սովորել»
Eritasard.am-ը շարունակում է «Հաջողության գրավականը» խորագիրը կրող շարքը: Շարք, որի շրջանակում ներկայացվում են այն երիտասարդները, ովքեր արդեն հաջողությունների են հասել: Այս անգամ մեր խորագրում անդրադարձել ենք սիրված դերասան, 27-ամյա Արծրուն Չոբանյանին:

Դերասանի մասնագիտության ընտրության ճանապարհին…

Այլընտրանք միշտ լինում է: Զարմանալի կլինի, սակայն իմ պարագայում այլընտրանքը հենց դերասանի մասնագիտությունն էր: Ի սկզբանե որոշել էի ընդունվել Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան՝ Ռազմական մանկավարժության եւ հոգեբանության բաժին, որպեսզի դառնայի ուսուցիչ: Սակայն չստացվեց միավորներս չբավականացնելու պատճառով: Դերասանի մասնագիտությունն էլ՝ որպես այդպիսին, շատ պատահական եմ ընտրել, քանի որ կարելի է ասել՝ երբեք մտքովս չի անցել: Քույրս խորհուրդ տվեց ընդունվել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի նախապատրաստական բաժին: Հետեւեցի նրա խորհրդին, սակայն ընտրեցի ոչ թե դերասանական բաժինը, այլ ռեժիսուրայի, որովհետեւ այն առավել հետաքրքիր էր ինձ համար: Նախապատրաստական բաժինն ավարտելու ժամանակ նախկին ռեկտոր Հրաչյա Գասպարյանը, տեսնելով մեր ավարտական աշխատանքը, ասաց, որ դիմեմ դերասանական բաժին: Հետեւեցի նրա խորհրդին, եւ այդպես սկսվեց իմ դերասանական կարիերան: 



Ընտանիքի վերաբերմունքը, սովորելու տարիներին աշխարհայացքի փոփոխությունը…

Սկզբում ծնողներս դեմ էին, ավելին՝ մինչեւ հիմա էլ դեմ են, սակայն հպարտանում են իմ ձեռքբերումներով: 

Ինչ կապված է աշխարհայացքի փոփոխության հետ, ապա պետք է նշեմ, որ սովորելու տարիներին այլ կերպ ես սկսում մտածել. այն է՝ սկսում ես ճանաչել եւ այլ աչքերով նայել իրականությանը: Առհասարակ արվեստն այն ոլորտն է, որին ծանոթանալ է պետք, ընդ որում՝ ընթերցելու, ուսումնասիրելու, ինչու չէ, նաեւ երաժշտություն լսելու միջոցով: Որքան էլ մենք այդ գործողությունները կատարենք մեր կյանքի ընթացքում, միեւնույնն է, յուրաքանչյուր մարդու ներսում առկա է մի ուրիշ երեւույթ, որն ամեն բան այլ ձեւ է ընկալում: Արվեստի մեջ գտնվելով՝ արվեստով ապրող մարդը պետք է սովորի ոգեղենն ընկալել, իսկ այդ գործում մեծ է այն մասնագետների դերը, ովքեր կրթում են: Պետք է աշխատել լավ մասնագետներից հնարավորինս շատ բան սովորել եւ քաղել: 


 
Առաջին բեմելը, ծառայության տարիները…

Ուսանողական տարիներին մենք մշտապես բեմում խաղում ենք: Այդ ընթացքում շարունակում ես սովորել, ընկալել, ծանոթանալ կերպարներին, բացահայտել: Երբեմն այնպես էր լինում, որ անգամ մեկ ներկայացման մեջ մարմնավորում էի մի քանի կերպար: Ինչ խոսք, դա ե՛ւ հետաքրքիր էր, ե՛ւ հաճելի: Իմ առաջին բեմելը հենց ուսանողական թատրոնում է եղել: Ավարտելուց հետո զորակոչվել եմ բանակ, ծառայել եմ Կապանում: Այնպես ստացվեց, որ ծառայության տարիներին կարողացա խաղալ նաեւ այնտեղի թատրոնում: Հայրենիքի առաջ պարտքս կատարելուց հետո վերադարձա եւ կրկին շարունակեցի խաղալ ուսանողական թատրոնում:  

Դերասանական կյանքը «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում…

Երբ Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում խաղում էինք «Հովնանը» ներկայացումը, որը բեմադրել էր Նարինե Գրիգորյանը, ինձ նկատեց ռեժիսոր Մհեր Մկրտչյանը եւ հրավիրեց թատրոն: Ես մեծ հաճույքով համաձայնեցի: Կարելի է ասել, որ հենց այդպես էլ սկսվեց իմ դերասանական կյանքը «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում: 



Թատրոնի եւ կինոյի դերը, տրամադրության ազդեցությունը կերպարի վրա…

Կինոյում կադրերն ընտրում են, եւ դրանք դառնում են հավերժ, իսկ թատրոնում ամեն օր՝ ամեն վայրկյան, նույն ներկայացումը տարբեր կերպ ես խաղում: Դա երբեմն կախված է տրամադրությունից, մտքերից: Սակայն, եթե դու պրոֆեսիոնալ դերասան ես, ապա բեմ բարձրանալուց հետո պետք է մոռանաս ամեն ինչ եւ կենտրոնանաս կերպարիդ վրա: Իրականում որքան էլ լինես պրոֆեսիոնալ, որքան էլ փորձես մոռանալ եւ ամբողջովին խորասուզվես կերպարիդ մեջ, ամեն դեպքում տրամադրությանդ որոշակի տարրեր միախառնվում են կերպարիդ: Եթե նույն ներկայացումն ամսվա ընթացքում մի քանի անգամ դիտեք, ապա կհասկանաք, որ դերասանը երբեք նույն կերպ չի խաղում, իսկ դա բնական է: 

Թատրոնը տան նման մի վայր է, որտեղ դու անցկացնում ես օրվա մեծ մասը, մտածում, քննարկում, ստեղծագործում: Թատրոնում դերասանը կենդանի շփման մեջ է հանդիսատեսի հետ:

«Կյանք ու կռիվ-2». նկարահանման գործընթացը, զգացողություններն ու ապրումները…

Մինչեւ «Կյանք ու կռիվ-2» ֆիլմը նկարահանվել եմ ուսանողական ֆիլմում, սակայն «Կյանք ու կռիվ-2»-ը եղել է հիմնական եւ լայնամասշտաբ ֆիլմը: Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում, որ ոչ միայն նկարահանվել եմ նմանօրինակ ֆիլմում, այլեւ ծանոթ եմ եղել ամբողջ սցենարին, որի ոչ բոլոր հատվածներն են ներառվել ֆիլմում: Ընթացքում, իրադարձություններին համահունչ, սցենարը փոփոխությունների էր ենթարկվում: Այնքան խորը, նուրբ եւ հուզիչ հատվածներ են եղել, որ չեն ներառվել ֆիլմում, որ խոսքերով անհնար է բացատրել: Կարող եմ կրկին ասել, որ ես երջանիկ մարդ եմ, որ ծանոթ եմ եղել այդ ամբողջ սցենարին: Զգացողություններն աննկարագրելի են… Նկարահանման օրերը ես վայելել եմ, հաճույք եմ ստացել թե՛ դերից, թե՛ սցենարից, թե՛ այն մարդկանց ներկայությունից, ովքեր աշխատել են, եւ ովքեր նկարահանվել են ֆիլմում: Ամեն բառ, խոսք, շարժում յուրահատուկ են եղել ֆիլմում: Իրականում կերպարիս հետ նման գծեր կան: Գուցե դիմացինս երբեք չկռահի՝ այդ պահին լուրջ եմ խոսում, թե՝ ոչ: 


 
Մարտահրավերներ, որոնք պետք է հաղթահարել…

Ինձ միշտ տալիս են այն հարցը, թե ինչ կերպար կցանկանայի խաղալ: Կարծում եմ, որ յուրաքանչյուր դերասան պետք է ունենա այն կերպարը, որը կուզի խաղալ: Անձամբ ես՝ չունեմ: Ես մի փոքր այլ տեսանկյունից եմ մոտենում այդ հարցին: Կարծում եմ, որ յուրաքանչյուր դեր, որը կլինի նոր կամ արդեն պատրաստի ներկայացումից մի կերպար, որը պետք է մարմնավորես, ապա դա մարտահրավեր է, որը պետք է հաղթահարել: Դա քո եւ արվեստի կռիվն է, նոր փորձություն, թե արդյոք դու կարող ես քեզ այլ տեսանկյունից ներկայացնել կամ զգալ այդ կերպարի էությունը եւ խորությունը: 

Ոգեշնչման աղբյուրը, սպորտի եւ մասնավորապես ֆուտբոլի հանդեպ սերը…

Իմ ոգեշնչման աղբյուրը բնությունն է: Նրանից զատ՝ ոչինչ ինձ այդչափ չի կարող ոգեշնչել: Բնության ուժն ու հզորությունը այլ ազդեցություն են թողնում մարդու ներաշխարհի վրա: Եթե անձնավորեմ, ապա կնշեմ Մոցարտին, որովհետեւ ես ինչ տրամադրություն էլ ունենամ, եւ ինչ էլ ինձ հետ կատարվի, Մոցարտի ստեղծագործությունները լսելուց հետո ես լրիվ փոխվում եմ: Մոցարտի ստեղծագործություններն աստվածային էներգիա ունեն, աննկարագրելի էներգիա: 

Դերասանությունից զատ՝ ունեմ այլ հետաքրքրություններ, սակայն ֆուտբոլի նկատմամբ սերս այլ հարթության վրա է: Առհասարակ այն, ինչ կապված է սպորտի հետ, սիրում եմ:  Տարիներ առաջ զբաղվել եմ նաեւ կարատեով: 



«Հաջողության գրավականը» 

Կարծում եմ՝ ես դեռ ոչնչի չեմ հասել: Ես առհասարակ երբեք չեմ պլանավորում իմ կյանքը: Կյանքիս ընթացքում որեւէ ձեռքբերում ունենալով կամ հաջողություն գրանցելով չեմ կարծում, որ պետք է դադարել աշխատել եւ սովորել: Արվեստի, խաղի տարերքը քեզ ստիպում է մշտապես առաջ գնալ, սովորել, ձգտել եւ երբեք կանգ չառնել: Դերասանը եւ առհասարակ բոլոր մասնագիտությունների տեր մարդիկ կյանքի որ էտապում էլ լինեն, պետք է չդադարեն զարգանալ եւ սովորել: 

Ես հասկանում եմ, որ եթե ձգտում ես որեւէ բանի հասնել, ապա պետք է հաղթահարես բոլոր փուլերն ու խոչընդոտները, որոնք առկա են: