Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 11-04-2018
Հոլոքոստի մասին «Խոստացա, ես կպատմեմ» գիրքն արդեն հասանելի է հայերեն տարբերակով
Հոլոքոստը վերապրած Սոնյա Վայցի «Խոստացա, ես կպատմեմ» գիրքը թարգմանվել է հայերեն: Ապրիլի 10-ին «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ հուշագրության շնորհանդեսը:

Գիրքը հայերեն թարգմանել է պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը: Նա գիրքն առաջին անգամ 2015 թվականին ընթերցել է Հարվարդի համալսարանի գրադարանում եւ միանգամից տարվել դրանով: Հեղինակի բարեկամներից հուշագրությունը թարգմանելու իրավունք ստանալուց հետո անցել է աշխատանքի: 

Թարգմանական աշխատանքի ընթացքում Աելիտա Դոլուխանյանին տարակուսանքի առիթ են տվել գրքում  անունների հայկական տառադարձությունները: Սակայն այդ գործում օգնել է թարգմանչուհու աղջիկը՝ Բոստոնի Նորթ Իստերն համալսարանի իրավագիտության դոկտոր Հասմիկ Մարտիրոսյանը, ով գրքի անգլերենի նրբությունների խորհրդատուն է:

Աելիտա Դոլուխանյանը նշում է, որ գիրքն առաջին հերթին հասցեագրված է հայ երիտասարդությանը. «Սոնյա Վայցը եղել է դասախոս: Նա Հոլոքոստի մասին դասախոսել է տարբեր համալսարաններում եւ դպրոցներում: Եթե այս գիրքը հայ երիտասարդները կարդան, կհետեւեն այն սկզբունքին, որը ընդունում են հրեաները՝ երբեք չխեղճանալ ազգի հարցում եւ երբեք չթողնել, որ իրենց ազգի նկատմամբ բռնություն գործեն»:

Սոնյա Վայցը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տառապել է Կրակովի առանձնաթաղում եւ 5 համակենտրոնացման ճամբարներում, որտեղ հրեաներին բնաջնջում էին: Հեղինակի 84 հոգանոց ընտանիքից վերապրել են միայն ինքը եւ քույրը՝ Բլանկան: Գրքում նկարագրված են ֆաշիստների ռասայական խտրականությունները եւ վայրագությունները, որոնք տեղ-տեղ ներկայացված են նաեւ  բանաստեղծությունների տեսքով: 

ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն իր մտահոգությունն է հայտնում եւ կարեւորում այն հանգամանքը, որ այն ժողովուրդները, որոնք ցեղասպանվել են, պետք է համատեղ ուժերով մեկ նպատակի համար պայքարեն՝ իրենց ազգային խնդիրները միջազգայնացնելու համար: 

«Ժողովուրդները հավաքական ուժով չարին պիտի դիմադրեն, իրենց խնդիրները քաղաքականություն դարձնեն: Ես այս գրքի հրատարակումը մեծ գործ եմ համարում: Գիրքը թարգմանված է բարձր մակարդակով, հրաշալի հայերենով»,- նշեց Էդվարդ Միլիտոնյանը: 

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դեւրիկյանն էլ փաստեց, որ գիրքն առաջին հերթին հոգեհարազատ է հայերին. «Թարգմանված ցանկացած գիրք նվազագույնը երկու արժանիք ունի: Այս դեպքում առաջինը տիկին Դոլուխանյանի սեղմ եւ տարողունակ առաջաբանն է, որում հայերի տեսանկյունից է ներկայացվում երեւույթը՝ նշելով գրքի գեղարվեստական առանձնահատկությունների մասին: Երկրորդը թարգմանության այն գեղեցիկ հայերենն է, որի շնորհիվ ստեղծվում է այն միջավայրը, որը հուզում  է ընթերցողին»: 

Հուշապատումը միաժամանակ լի է հավատով, որ մարդկությունն ի վերջո կդառնա իմաստուն, եւ այլեւս չեն լինի բռնություններ եւ ցեղասպանություններ: 

Պատկերասրահ` Սոնյա Վայցի «Խոստացա, ես կպատմեմ» հուշագրության շնորհանդեսը