Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝ Թամարա Գասպարյանի
Տեղադրվել է 11-04-2018
Ամփոփվեցին «Թելադրության» արդյունքները
ԵՊՀ միջազգային հարաբերությունների 2-րդ կուրսի ուսանողուհի Դիանա Տեր-Զաքարյանը մեծ ուշադրություն է դարձնում հայոց լեզվով ճիշտ եւ գրագետ գրելուն: Դա էր պատճառը, որ որոշեց մասնակցել «Թելադրություն» նախաձեռնությանը: Գրեց թելադրությունը, կատարեց ընդամենը մեկ կետադրական սխալ՝ գրանցելով լավագույն արդյունքը:

«Երբ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցից իմացա ծրագրի մասին, մտածեցի, որ դպրոցից դուրս թելադրությունը կարող է շատ հետաքրքիր լինել: Որոշեցի մեկ անգամ եւս փորձել ուժերս»,- մեզ հետ զրույցում նշեց նա: 

Լավագույնս ներկայանալու համար էլ Դիանան ստացավ հավաստագիր եւ գրքեր: Մրցանակների հետեւից էին եկել նաեւ միջոցառման 2 կրտսեր ու տարիքով ամենամեծ մասնակիցները: «Թելադրության» կազմակերպիչները նվեր էին նախատեսել նաեւ այն մարդու համար, ով կհիշեր մեր առօրյա խոսքում տարածված օտար որեւէ բառ, կպատրաստեր դրա հայերեն տարբերակով պաստառ՝ գրելով կարգախոս: Ամենաստեղծագործ աշխատանքի հեղինակը «Փրկենք բաղարջը» պաստառով պայքարում էր «բաղարջ» բառի փրկության համար: Նա նաեւ իր թխած բաղարջն էր բերել՝ հյուրասիրելու մրցույթի ամփոփմանը եկած մարդկանց:

Վերլուծվեց թելադրված տեքստը, մասնակիցները ծանոթացան իրենց կատարած սխալներին, կազմակերպիչները բացատրեցին, թե որ դեպքում ինչպես պետք է գրել: Մասնակիցներին թելադրվել էր Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» ստեղծագործությունից մի հատված, սակայն՝ ժամանակակից կետադրությամբ: 

Մասնակիցները միջինում կատարել էին 6 ուղղագրական, 9 կետադրական սխալ: Եղել էին նաեւ հումորային սխալներ: Կազմակերպիչները նշում են` ոչ այնքան կարեւոր է գերազանց եւ անթերի գրելը, այլ սխալները տեսնելն ու շտկելը: 

«Եկե՛ք՝ սրանք սխալներ չհամարենք, այլ բացթողումներ: Պետք չէ մտածել, որ բոլորը պետք է բացարձակ գերազանց գրեն: Ես կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր գիտակցաբար եկել եւ մասնակցել են նախագծին, իրենք սպասում էին իրենց սխալների ուղղմանը, որովհետեւ չեն եկել ինչ-որ մեկի պարտադրանքով. դա դասի ստուգողական աշխատանք չէր: Նրանք եկել էին իրենց գիտելիքները ստուգելու եւ հիմա ավելի շատ հաճույք են ստանում սխալների ուղղումը կամ վերլուծությունը տեսնելիս»,- ասաց թելադրողներից Էրիկ Անթառանյանը:

Թելադրությանը մասնակցելու հայտ էր լրացրել մոտ 750 հոգի, ներկայացել էին 350-ը:

«Ակտիվության առումով գոհ ենք արդյունքներից: Սա առաջին փորձն էր, իրականացվել է քիչ ռեսուրսներով, կամավորների ուժերով, փոքր ֆինանսավորմամբ: Ինչ վերաբերում է գրավորների արդյունքներին, ուրեմն մտածելու տեղ ունենք»,- մեզ հետ զրույցում նշեց կազմակերպիչներից Հայկ Դավեյանը: 

Հիշեցնենք, որ հայոց լեզվի գիտելիքները ստուգել ցանկացողները մարտի 17-ին եւ 18-ին թելադրություն գրեցին Երեւանում, Գյումրիում, Դիլիջանում, Մոսկվայում: Նպատակը հայոց լեզվի՝ առօրեական սխալների եւ լատինատառ գրելու վրա ուշադրության հրավիրումն էր: