Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 13-04-2018
Վերադարձ. Թամարա Գվերդցիթելին Հայաստանում էր
«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ապրիլի 12-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկայացրեց Վրաստանի եւ Ռուսաստանի ժողովրդական արտիստ, երգչուհի, երգահան եւ դերասանուհի, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր Թամարա Գվերդցիթելիի մենահամերգը: Համերգը տեղի էր ունենում «Վերադարձ» խորագրի ներքո:

Ինքը՝ երգչուհին, համերգից առաջ նշել էր, որ մեծ պատասխանատվությամբ են պատրաստվել երեւանյան համերգին եւ երջանիկ են, որ մեր երկրում են: 

«Առնո Հարությունովիչը հանճարեղ կոմպոզիտոր է, 20-րդ դարի լավագույն երաժիշտներից մեկը: Երջանիկ եմ, որ հնարավորություն եմ ունեցել ճանաչելու նրան: Նա ինձ համար գրեց «Ների՛ր ինձ» երգը, եւ ես երջանիկ եմ, որ աշխարհի որեւէ ծայրում այն հնչեցնելով՝ կարծես կապ եմ հաստատում կոմպոզիտորի հետ»,- երեւանյան համերգին ընդառաջ հրավիրված ասուլիսում ասաց երգչուհին:



Թամարա Գվերդցիթելին նաեւ անդրադարձավ մեկ այլ հայկական արմատներ ունեցող լեգենդի՝ Միշել Լեգրանի հետ համագործակցությանը: «Ձայնագրությունս ուղարկեցինք մաեստրոյի աշխատավայր, եւ ճակատագրի նվերն էր, որ այդ ձայներիզը հասավ նրան, որովհետեւ հազարավոր մարդիկ էին ուղարկում ամբողջ աշխարհից, սակայն ոչինչ չէր ստացվում: Մենք հանդիպեցինք Փարիզում, երկար զրուցեցինք, երգեցինք ու նվագեցինք։ Նա համակրանքով, հարգանքով ու ջերմությամբ էր վերաբերվում ինձ»,- ասաց Գվերդցիթելին։

Երգչուհին նշեց, որ երբ մանուկ էր, մայրը հասկացել էր, որ նա երաժշտական տաղանդ ունի. «Իմ օրը սկսվում եւ ավարտվում է երաժշտությամբ»: 



Թամարա Գվերդցիթելին ծագում է հնագույն ազնվական տոհմից: Նա դեռ վաղ տարիքից կատարում էր բազմաթիվ կոմպոզիտորների գործեր, այդ թվում՝ Առնո Բաբաջանյանի հեղինակած «Твои следы» եւ այլ ստեղծագործություններ: Գվերդցիթելին ունի հարուստ երգացանկ, որը կատարում է տարբեր լեզուներով՝ վրացերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, անգլերեն, ուկրաիներեն, հայերեն, գերմաներեն եւ այլն: Նրա համերգներն առանձնանում են իմպրովիզացիոն հզոր հնարքներով:

Նա ձայնագրել է տասից ավելի ալբոմ, մասնակցել բազմաթիվ փառատոների Սան-Ռեմոյում, Սոպոտում, Դրեզդենում եւ այլն: Երգչուհին արժանացել է բազմաթիվ պատվո շքանշանների եւ մրցանակների, նկարահանվել է ֆիլմերում: 

Պատկերասրահ՝ Թամարա Գվերդցիթելի. «Վերադարձ»