Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 14-04-2018
«Ելքեր՝ թվացյալ փակուղիներից». հանդիպում հոգեբանի հետ
Ապրիլի 13-ին «Startup Woman Armenia»-ն հյուրընկալել էր հոգեբան (խորհրդատու-հոգեթերապեւտ), «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն Անուշ Ալեքսանյանին:
Վերջինս հանդիպման ընթացքում անմիջական զրույց վարեց ներկաների հետ: Անուշ Ալեքսանյանի խոսքով՝ կյանքն առանց խնդիրների չի լինում, ոչ մի անձ ապահովվագրված չէ խնդիրներից: 

Որոշ խնդիրներ լուծվում են, եւ այդպիսով մենք փորձ ենք ձեռք բերում, ավելի ուժեղ դառնում: Սակայն պատահում են իրավիճակներ, երբ խնդիրները չեն լուծվում,  ավելի ու ավելի են խորանում, իսկ երբեմն էլ՝ դառնում կյանքի կարեւորագույն խնդիր:



«Իմ գործունեության ընթացքում առիթ եմ ունեցել շփվելու մարդկանց հետ, ովքեր տարբեր խնդիրներ են ունեցել: Փորձել ենք միասին ելքեր գտնել, որոնք դրանք լուծելու հնարավորություն կտան: Իրականում շատ կարեւոր է, որպեսզի մարդուն աջակցություն ցուցաբերեն, սակայն ոչ պակաս կարեւոր է, որպեսզի մարդն ինքը ցանկանա օգնել իրեն: Առհասարակ, մարդիկ երբեմն բախվում են այնպիսի խնդիրների հետ, որոնց լուծումը կարող են միայն իրենք տալ»,- նշեց հոգեբանը եւ հավելեց, որ շատ դեպքերում չկարողանալով որեւէ խնդրի լուծում տալ՝ մարդիկ հայտնվում են անելանելի վիճակում, սկսում մեղավորներ փնտրել, մեղադրել շրջապատի մարդկանց, իսկ երբեմն էլ՝ հենց իրենց:



«Ալբերտ Էյնշտեյնն ասում է, որ մենք չենք կարող լուծել խնդիրն այն մակարդակում, որում այն ստեղծել ենք: Միայն այդ խնդրի մակարդակից մեկ աստիճան վերեւ բարձրանալու դեպքում կարող ենք լուծել այն: Իրականում նրա այս միտքը հանճարեղ միտք է: Խնդիրների լուծման առումով մարդկանց մոտեցումները լինում են 2 տեսակ: Եվ այդ երկու մոտեցումներից էլ կախված է՝ խնդիրը կլուծվի՞, թե՞ կդառնա ավելի խորը խնդիր: Այդ երկու մոտեցումներից մեկը մեղադրանքն է, մյուսը՝ պատասխանատվությունը: Մեղադրանքը կարծես բոլորին հայտնի է, թե ինչ է, սակայն պատասխանատվությունը շատ բազմաշերտ եւ բարդ հասկացություն է: Այնուամենայնիվ, երկու մոտեցումների կիրառումից եւ հետեւանքներից է կախված մեր կյանքի արդյունավետությունը: Մոտեցումներից մեկը տանում է անձին անարգել դեգրադացիայի, իսկ մյուսը՝ զարգացման: Յուրաքանչյուրիս կյանքի իմաստը սեփական ունակությունների ու հնարավորությունների կատարելագործումն ու զարգացումն է»,- փաստեց հոգեբանը: 



Նշենք, որ հանդիպման ընթացքում նաեւ ներկաները կարողացան իրենց հուզող հարցերը հղել հոգեբանին, ստանալ պատասխաններ, ինչպես նաեւ ծավալվեց քննարկում, որի ընթացքում տեսակետներ փոխանակվեցին: