Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի և Կարեն Թռչունյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 15-04-2018
Կարեն Թռչունյան. «Դժվար է, բայց հաղթում ես. գիտության խոսքը, ի վերջո, ընդունվում է»
Eritasard.am-ը շարունակում է ներկայացնել հարցազրույցներ տարբեր ոլորտներում նշանակալի հաջողությունների հասած երիտասարդ մասնագետների հետ, պատմել նրանց ձեռքբերումների, նվաճումների մասին:
Մեր զրուցակիցը ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն եւ գիտաշխատող, կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության եւ կենսատեխնոլոգիայի ամբիոնի ասիստենտ, Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների եւ կենսավառելիքի՝ բոլորովին վերջերս բացված նորարարական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր Կարեն Թռչունյանն է: 

Նա «Եվրոպական մանրէաբանական ընկերությունների ֆեդերացիայի», «ԱՄՆ կենսաֆիզիկական ընկերության», միջազգային ու հայաստանյան մի շարք այլ գիտական կազմակերպությունների անդամ է,  Հայաստանում «Ամերիկայի մանրէաբանական ընկերության» դեսպանը: Մասնակցել է բազմաթիվ միջազգային դրամաշնորհների, գործուղվել աշխարհի հեղինակավոր համալսարաններ (այդ թվում՝ Հալլե-Վիտենբերգի Մարթին Լյութերի համալսարան, Կոնստանցի համալսարան (Գերմանիա), Վագենինգենի համալսարան (Նիդեռլանդներ) և այլն), ոլորտի՝ համաշխարհային ճանաչում ունեցող ներկայացուցիչների դատին հանձնել իր գիտական նվաճումները, որոնք նրանցից շատերի հավանությանն ու գնահատականին են արժանացել: 



- Պարո՛ն Թռչունյան, Դուք ծնվել եք գիտնականների ընտանիքում: Պատմե՛ք, խնդրում եմ, ինչպիսի՞ միջավայրում եք մեծացել:

 
- Մեր ընտանիքում ես գիտնականների 3-րդ սերնդի ներկայացուցիչն եմ եւ այդ ճանապարհը շարունակողը: Պապիկներս գիտության բնագավառի ներկայացուցիչներ են եղել, ծնողներս այսօր էլ այդ ոլորտում են: 1-ին կենսաֆիզիկոսը, ով Հայաստանում պաշտպանել է թեկնածուական թեզը, եղել է պապիկս՝ Վելլեր Վասիլյանը: Մյուս պապիկս՝ Համբարձում Թռչունյանը, եղել է Մերգելյան ինստիտուտի հիմնադիրներից մեկը: Նա քիմիկոս էր եւ զբաղվում էր ջրածնի արտադրությամբ: Հետաքրքիր օրինաչափություն եմ նկատել. այսօր իմ գործունեությունը ներառում է այնպիսի ուղղություններ, որոնցով զբաղվել են պապիկներս: 

Հայրս ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության եւ կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչն է, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր, մայրս՝ Էկոլոգիայի եւ բնության պահպանության ամբիոնի դոցենտ:  

Մանկուց երազել եմ օդաչու կամ ավիակոնստրուկտոր դառնալու մասին: Այնքան էի տարված այդ երազանքով, որ ինքնաթիռներ էի գծագրում, հետաքրքրվում դրանց կառուցվածքով, առանձնահատկություններով: Ի դեպ, Համբարձում պապս Հայրենական մեծ պատերազմի ժամանակ օդաչու է եղել, հասել է մինչեւ Բեռլին, եւ գուցե օդանավերի նկատմամբ հետաքրքրությունս եւս օրինաչափ էր: 



- Ինչպե՞ս ընտրեցիք գիտության ուղին:

 
- Դպրոցական տարիներին զբաղվում էի շախմատով եւ 10 տարեկանում ստացա որակավորման առաջին կարգ։ Երկմտանքի մեջ էի՝ շարունակե՞լ շախմատային իմ ուղին, թե՞ ընտրել բնագիտությունը։ 9-րդ դասարանում համոզվեցի, որ կենսաբանությունն ինձ կօգնի, որ գտնեմ շատ հարցերի պատասխաններ: Ցանկանում էի նաեւ ծնողներիս ուղին շարունակել, ուստի ընդունվեցի ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ:  

Դեռ 1-ին կուրսից լաբորատորիայում փորձեր էի իրականացնում՝ ցանկանալով նոր մեթոդներ սովորել եւ հասկանալ՝ ինչպե՞ս կարող եմ դրանք կիրառել: 2006 թ.-ին կարեւոր իրադարձություն տեղի ունեցավ. ամերիկացի գիտնականներն ապացուցեցին, որ կենսադիզելի արտադրության թափոն հանդիսացող գլիցերինն անթթվածին պայմաններում կարող է օգտագործվել աղիքային ցուպիկի կողմից: Այդ փորձը կրկնեցինք նաեւ մեր լաբորատորիայում եւ ցույց տվեցինք գլիցերինի խմորման ժամանակ տեղի ունեցող մեկ այլ հետաքրքիր գործընթաց՝ ֆերմենտների դարձելիությունը: Մենք երկար ժամանակ աշխատեցինք այդ ուղղությամբ՝ փորձելով ցույց տալ գլիցերինի խմորումն այլ պայմաններում եւ ապացուցել, որ բակտերիաները յուրացնում են այդ նյութը: Կապ հաստատեցինք ամերիկացի՝ հետագայում մեր գործընկերները դարձած գիտնականների հետ՝ խնդրելով ստանալ եւ ուղարկել աղիքային ցուպիկի տարբեր մուտանտներ, որտեղ բացակայում են հիդրոգենազները, որպեսզի ցույց տանք ջրածնի արտադրությանը մասնակցող ֆերմենտների դարձելիությունը: Մի շարք փորձեր կատարվեցին իմ կողմից, եւ 1-ին հոդվածս տվյալ ուղղության ազդեցության գործակից ունեցող առաջատար գիտական ամսագրում տպագրվեց 2009 թ.-ին՝ 1 տարի գիշերուզօր աշխատելուց հետո: 



- Որպես երիտասարդ գիտնական՝ հարուստ եւ հագեցած կենսագրություն ունեք: Ուշագրավ են հատկապես Ձեր գործուղումներն աշխարհի հեղինակավոր համալսարաններ: Խնդրում եմ՝ ներկայացրե՛ք դրանցից մի քանիսը: 

 
- 2010 թ.-ին «Եվրոպական կենսաքիմիական ընկերությունների ֆեդերացիայի» (FEBS) հետազոտական դրամաշնորհի շրջանակում այցելեցի Հալլե-Վիտենբերգի Մարթին Լյութերի համալսարան. այնտեղ պետք է կրկնեի փորձը, որն իրականացրել էինք Հայաստանում: Պրոֆեսոր Գերրի Սովերսն այնքան անհամբեր էր, իմ աշխատանքի նկատմամբ գիտական հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ ինձ հանդիպելուն պես ասաց. «Այն, ինչ Դուք ասում եք, հնարավոր չէ»: Ես պնդեցի, որ հնարավոր է: Աշխատանքս ներկայացրի ոլորտի շուրջ 50 մասնագետների ուշադրությանը, իսկ պրոֆեսոր Սովերսն այսպես արձագանքեց. «Նա ապացուցեց մի բան, ինչը ես չէի կարողացել 30 տարի: Պետք է հարգենք նրան»: 

2 տարի անց գործուղվեցի Նիդեռլանդներ՝ մանրէաբանության՝ Եվրոպայում մեծ հեղինակություն ունեցող լաբորատորիա, որտեղ նոր մեթոդներ սովորեցի: Նույն թվականին Գերմանիա մեկնեցի, որտեղ կրկին հանդիպեցի Սովերսին, եւ տարբեր մեթոդների կիրառմամբ մի շարք փորձեր իրականացրինք: Կար մի ֆերմենտ, որի ակտիվությունը բավարար չափով հայտնի չէր: Ես վերլուծեցի այն բոլոր մեթոդները, որ կիրառվել էին մեր գործընկերների կողմից ու մատնացույց արեցի պատճառը, թե ինչու նրանց չի հաջողվել տեսնել ֆերմենտի ակտիվությունը: Ներկայացրի ե՛ւ իրենց տվյալները, ե՛ւ իմը: Պրոֆեսորը խնդրեց կրկնել փորձը, ինչից հետո ընդունեց իմ արդյունքները: Հետագայում մենք համահեղինակությամբ տվյալ ուղղության ազդեցության գործակից ունեցող առաջատար գիտական ամսագրերում հոդվածներ տպագրեցինք: Առհասարակ իմ գրեթե բոլոր գործուղումները չափազանց արդյունավետ եմ գնահատում, քանի որ բոլոր այցելություններից հետո հոդվածներ եմ տպագրել, իսկ գիտության բնագավառում դա է իրական արդյունքը: 



- Գիտությունը մեծ արագությամբ է զարգանում, եւ այսօր առանց աշխարհի առաջավոր փորձին հաղորդակից լինելու անհնար է հաջողության հասնել: Չափազանց կարեւոր է նաեւ որպես գիտնական միջազգային հարթակում ճանաչված դառնալը: Այցելությունները, ելույթները նպաստո՞ւմ են դրան: 

- Միջազգային գիտաժողովների ժամանակ բավականին հաճախ են հետաքրքրվում իմ գործունեությամբ եւ ընդունում են ինձ որպես գլոբալ գիտության ներկայացուցիչ: Հրավիրվել եմ սեմինարներ անցկացնելու ԱՄՆ-ի տարբեր համալսարաններում, 1 տարի անց նմանօրինակ հրավեր եմ ստացել Իսպանիայից եւ այցելել մի շարք համալսարաններ։ Դա երկարատեւ ու տքնաջան աշխատանքի արդյունք է: Բնականաբար, ելույթները նպաստում են, որպեսզի առավել ճանաչելի դառնա կատարածդ աշխատանքը: Հեղինակավոր հարթակներում ներկայանալով՝ ոչ միայն երկրիդ, համալսարանիդ պատիվն ես բարձր պահում, այլեւ որպես գիտնական յուրահատուկ փորձաքննություն ես անցնում, քանի որ քեզ լսում, քո աշխատանքները քննարկում ու ընդունում են ոլորտի լավագույն մասնագետները:  



Ես միայն մի դրվագ կպատմեմ. ԱՄՆ-ում գլիցերինի խմորման հայտնաբերողը՝ Ռամոն Գոնսալեզը (Հյուստոնի Ռայսի համալսարան), իմ դոկտորական ատենախոսության սեղմագիրը որպես օրինակ ցույց է տվել իր ասպիրանտներին եւ պնդել, որ պետք է նման արդյունավետություն ապահովեն: Իմ գործունեությունն իսկապես գնահատվել է լուրջ մասնագետների կողմից, սակայն այդ գնահատականներին արժանանալն ամենեւին էլ հեշտ չի եղել: Գիտության ուղին լի է դժվարություններով: Գուցե շատերը չհավատան, որ հնարավոր է երիտասարդ տարիքում նման հաջողությունների հասնել, բայց դա ինձ քիչ է հուզում: Ոմանք անգամ հոդվածներ տպագրելն են անհնարին համարում: Ո՞վ է ասել, որ հեշտ է լինելու, բայց պետք է անպայման փորձել: Դժվար է, բայց հաղթում ես, քանի որ գիտության խոսքը, ի վերջո, ընդունվում է:

Արտերկրում ձեռք բերած փորձը մեծ պատասխանատվությամբ փոխանցում եմ ուսանողներին: Յուրաքանչյուր ուրբաթ մենք անգլերենով սեմինարներ ենք անցկացնում: Կարեւոր պայման է, որպեսզի ուսանողները տիրապետեն անգլերենին, հակառակ դեպքում չեն կարող աշխարհի մաս կազմել: 

Կոնստանցի համալսարանի մանրէաբանության ամբիոնի ղեկավար, պրոֆեսոր Բերնհարդ Շինկը, ով բազմաթիվ հայտնագործությունների հեղինակ է, Գերմանիայի կանցլերին կից գիտնականների խորհրդի անդամ (ի դեպ, Հայաստանը միակ հետխորհրդային երկիրն է, որտեղ նա այցելել է իմ հրավերով), մի առիթով ասաց. «Գիտությունը մահանում է. որքան էլ մեծ գումարներ տրամադրվեն, գիտությամբ զբաղվողները քիչ են, ուստի եթե որեւէ մեկը գիտությամբ զբաղվելու ցանկություն ունի, երբեք չպետք է այն մեռցնել»: Ես փորձում եմ առաջնորդվել նրա խորհրդով՝ ամեն կերպ ոգեւորելով ու քաջալերելով ապագա գիտնականներին: 



- ԵՊՀ-ում վերջերս սկսել է գործել Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների եւ կենսավառելիքի նորարարական կենտրոնը: Ի՞նչ գործառույթ է այն իրականացնում, ի՞նչ ծրագրեր կան առաջիկայում: 

 
- Կենտրոնը ստեղծվել է Համաշխարհային բանկի եւ ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ գործող «Կրթության բարելավում» ծրագրի՝ բուհերին տրամադրվող Նորարարությունների մրցակցային հիմնադրամի դրամաշնորհների շրջանակում: Ցանկանում էինք ստեղծել մի ենթակառուցվածք, որն իր հնարավորություններով չպետք է զիջեր եվրոպական եւ ամերիկյան համալսարանների լաբորատորիաներին: Ծրագրի ղեկավար, ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանի հետ շուրջ 2 տարի բարդ, հետեւողական աշխատանք ենք իրականացրել: 

Որպես կարեւոր նորություն՝ նշեմ, որ ունենք նոր մագիստրոսական ծրագիր՝ կիրառական մանրէաբանություն եւ նորարարական տեխնոլոգիաներ: Առաջիկայում ամբողջ ծրագիրն անգլերեն դարձնելու նպատակ ունենք, որպեսզի կարողանանք արտերկրից եւս ուսանողներ ներգրավել: Կարծում ենք, բավարար չէ ունենալ այսպիսի կենտրոն եւ սահմանափակվել միայն Հայաստանով: Մենք պետք է զարգացնենք միջազգային համագործակցությունը ոչ միայն գիտական, այլեւ կրթական առումով: 



Կենտրոնը հագեցած է թանկարժեք սարքավորումներով, որոնցից որոշները միակն են անգամ Արեւելյան Եվրոպայում: Օրինակ՝ ունենք կենսագործընթացների կառավարման համակարգ: Ինչպես գիտեք, բոլոր արտադրամասերում կան տարաներ, որոնց մեջ տեղի է ունենում խմորման գործընթացը, մենք ունենք փոքր տարա (5 լիտր տարողությամբ), որը նույն գործառույթն է իրականացնում: Այսինքն՝ նախեւառաջ փորձարկումն իրականացվում է փոքր ծավալներով: Ունենք անթթվածնային խցիկ, այսինքն՝ կարող ենք աշխատել անթթվածնային պայմաններում եւ դրանով իսկ անթթվածնային մանրէաբանության հիմնադրումն ենք իրականացնում Հայաստանում, -800C գերցածր ջերմաստիճանային տիրույթի սառնարան, տարբեր քրոմատագրեր եւ այլն: Չափազանց կարեւոր է ոչ միայն եզակի սարքերի առկայությունը, այլեւ այն հանգամանքը, որ դրանք գտնվում են մեկ վայրում, ինչը մեր լաբորատորիայում լաբորատոր փորձարկման տեխնոլոգիական ամբողջ ցիկլն ապահովելու հնարավորություն է ընձեռում: Կենտրոն արդեն այցելել են եվրոպական տարբեր երկրների առաջատար համալսարանների մասնագետներ, եւ նախանշվել են համագործակցության ծրագրեր։