Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 16-04-2018
«Բարությունը հիմա է, այստեղ». բարեգործական համերգ, որն ուղեկցվեց բարության հնչյուններով
Ապրիլի 13-ին «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում տեղի ունեցավ «Օգնենք հայ մանուկներին» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված բարեգործական համերգը։


Երեկոյին մասնակցեցին սիրված արտիստներ Արամ MP3-ը, Սոնա Ռուբենյանը, Քրիստինե Պեպելյանը, «Նեմրա» ռոք-խումբը, «Գողթ» խումբը, «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» էթնո-ջազ խումբը, «Կարինա Առուստամյան եւ The Band»-ը։ Երեկոն վարեցին Լուսինե Բադալյանը եւ Սուրեն Առուստամյանը։

Միջոցառման ներկաներին սպասվում էր նաեւ անակնկալ։ Երեկոյի ընթացքում ելույթ ունեցավ նաեւ սիրված երգչուհի Սոֆի Մխեյանը, ում ներկայությունն իրական անակնկալ էր հանդիսատեսի համար։



Քրիստինե Պեպելյանն էլ, իր ելույթի ժամանակ դիմելով դահլիճին, բեմ հրավիրեց նրանց, ովքեր իր հետ երգելու ցանկություն ունեին. «Իմ այս երգն արդեն 14 տարեկան է, եւ ես չէի կարող այսօր չկատարել այն: Մեզ համար մեծ ուրախություն է լինել հիշված ու սպասված: Սակայն գիտեք՝ բոլոր համերգները չեն, որ ունենում են նույն հույզերը. ամեն համերգ իր ասելիքն ունի, իր նպատակը, ու արտիստն էլ այդ ժամանակ մի առանձնահատուկ առաքելություն ունի կատարելու: Այսօրվա համերգը յուրահատուկ է, եւ ես շնորհակալ եմ հրավերի համար»։ Մի քանի փոքրիկներ, բեմ բարձրանալով, երգեցին երգչուհու հետ, իսկ ողջ դահլիճը ձայնակցեց։ «Մայրիկ» երգի կատարումը միջոցառման հուզիչ դրվագներից մեկն էր։



Ինչպես արդեն իսկ նշել էին կազմակերպիչները, «Բարությունը հիմա է, այստեղ» խորագրով համերգից ստացված ողջ հասույթը կփոխանցվի նյարդաբանական խնդիրներ ունեցող երեխաների բուժմանն աջակցություն ցուցաբերելուն:

«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունն իր գործունեությունը սկսել է 2011 թվականին՝ ֆինանսական եւ բարոյահոգեբանական աջակցություն ցուցաբերելով անապահով ընտանիքների երեխաներին, ինչպես նաեւ աջակցելով առավել ծանր հիվանդություններ ունեցող երեխաներին եւ նրանց ընտանիքներին: Մշտապես իրենց ուշադրության կենտրոնում են պահում նաեւ գյուղերում բնակվող այն երեխաներին, ովքեր զրկված են իրենց ժամանցը կազմակերպելու հնարավորություններից: