Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 18-04-2018
Կրթության որակի ապահովման հիմնահարցը՝ բուհերի եւ քոլեջների ներկայացուցիչների օրակարգում
Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում այսօր մեկնարկեց «Կրթություն եւ մասնագետ․ մասնագիտական կրթությունն այսօր եւ վաղը» խորագրով երկօրյա միջազգային ֆորումը, որը կազմակերպել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը։
Ֆորումի բացմանը ներկա էր նաեւ ԿԳ նախարարի պաշտոնակատար Լեւոն Մկրտչյանը:

Միջոցառումը մեկ հարկի ներքո միավորել էր բուհերի եւ քոլեջների ներկայացուցիչներին, կրթության որակի ապահովման տեղացի եւ միջազգային մասնագետներին ու գործատուներին։ Ֆորումի նպատակն է քննարկման առարկա դարձնել մասնագիտական ուսումնական հաստատությունների շնորհած որակավորումների ճանաչման խնդիրն աշխատաշուկայում։ 

«Այս ֆորումի նպատակը փաստաթղթային առաքելության ձեւով ճիշտ ճանապարհներ ցույց տալն, է, որի մի մասը մեր օրենքով  կլուծենք, իսկ մյուս հատվածը նրանք պետք է մշակեն՝ փորձելով փոխել Հայաստանի համալսարանական համակարգի տխուր վիճակը, երբ 90,000 ուսանողի համար ունենք 60-ից ավելի համալսարաններ, փոխել հավատարմագրման գործիքներով՝ ստեղծելով ուժեղ, կենսունակ համալսարան»,- ասաց Լեւոն Մկրտչյանը:

ԿԳ նախարարի պաշտոնակատարը նշեց նաեւ, որ մասնագիտական կրթության զարգացման եւ որակի համակարգերը ողջ աշխարհում արժեհամակարգային փոփոխությունների փուլում են գտնվում. «21-րդ դարն իր հետ բերում է արժեքային դինամիկ փոփոխություններ, եւ կրթության համակարգը դրան արձագանքելու պատրաստի դեղատոմսեր չունի: Նախորդ դարաշրջանում ձեւավորված մրցակցային համակարգին փոխարինելու է գալիս համագործակցային համակարգը, որի հիմքում ոչ թե մրցակցության միջոցով բոլոր ասպարեզներում լավագույնին եւ ուժեղին գտնելու սկզբունքն է, այլ նույն նպատակի համար քայլեր ձեռնարկողների ներուժի համախմբման, ռեսուրսների կենտրոնացման եւ հզորացման գաղափարը»:

Լեւոն Մկրտչյանի համոզմամբ՝ ֆորումը լավ հնարավորություն է, որպեսզի փոքր երկիր լինելով՝ կարողանանք ստեղծել բաց պլատֆորմ եւ Հայաստանը դիտել որպես մեկ միասնական գիտակրթական տարածք։

«Ես կարծում եմ, որ ասպիրանտները սերտ կապ պետք է հաստատեն ոչ միայն ֆունդամենտալ հետազոտության, այլեւ աշխատաշուկայի այսօրվա կարիքների հետ, ուստի գիտությունը պետք է աջակցի այսօրվա մեր շուկայի զարգացմանը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մասնագիտական  կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի ղեկավար Ռուբեն Թոփչյանը։

Հ․Գ․: Ի դեպ, ապրիլի 16-17-ին կայանալիք ՈԱԱԿ ֆորումին զեկույցներով հանդես կգա Նիդեռլանդների Թվենտի համալսարանի Բարձրագույն կրթության քաղաքականության ուսումնասիրության (CHEPS) ավագ գիտաշխատող Դոնալդ Վեսթերհեյդենը։

Միջազգային հեղինակավոր մասնագետը, ով կրթության կառավարման ոլորտում 20 տարուց ավելի փորձ ունի, կանդրադառնա երկու արդիական թեմաների. նա կխոսի «Թափանցիկությունը մասնագիտական կրթության ոլորտում. կրթության կառավարման նոր մոտեցումների անհրաժեշտություն: Արդյունավետության ցուցիչների վրա հիմնված պայմանագրերի համակարգի ներդրում» թեմայով, ապա կանդրադառնա «Նախաբակալավրական մասնագիտական կրթության դերը գիտելիքահենք տնտեսությունում» թեմային: