Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 20-04-2018
2 միջազգային ցուցահանդես Երեւանում
Պարային եւ ցուցադրական ելույթներով Երեւանում մեկնարկեցին «In Tour Expo» եւ «SportWay» միջազգային ցուցահանդեսները:

Առաջինը ներկայացնում է զբոսաշրջային առաջարկները, շրջագայությունների կազմակերպումը ՀՀ-ում, Արցախում եւ տարբեր երկրներում, ավիափոխադրումներ, հյուրանոցների ամրագրում, տուրեր եւ այլն: «In Tour Expo»-ին մասնակցում են ոլորտի մոտ 80 ներկայացուցիչներ աշխարհի մի շարք երկրներից:

«Նման միջոցառումները նպաստում են զբոսաշրջության ոլորտի նկատմամբ հանրային հետաքրքրվածության եւ շահագրգռվածության բարձրացմանը եւ մեր քաղաքացիներին թույլ են տալիս ծանոթանալ մեր երկրի գրավչություններին»,- ասաց ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:

Ի դեպ, արդեն 5-րդ տարին ցուցահանդեսին մասնակցում է նաեւ Արցախը:

«SportWay»-ը սպորտային մասնագիտացված ցուցահանդես է: Այն ներկայացնում է, թե ինչ մարզական ակումբ հաճախել, ինչ առողջ սնունդ օգտագործել: Կարելի է տեսնել նաեւ Հայաստանի օլիմպիական հավաքականի նոր մարզահագուստը:

Ցուցահանդեսին ներկայացված էր նաեւ Հայաստանում տարեցտարի զարգացող մի սպորտաձեւ՝ փեյնթբոլը: Դրանով կրակում են, իսկ «փամփուշտ» գնդակը հետք է թողնում թիրախի վրա: Եթե մեր երկրում նախկինում մասնակցում էին հիմնականում օտարազգի զբոսաշրջիկները, ապա արդեն հետաքրքրվածություն է նկատվում նաեւ տեղացիների կողմից:



«Փեյնթբոլը ներկայացնում է սպորտային զենքով կազմակերպվող խաղեր: Այն կազմակերպման ժամանակ մոտեցնում է պատերազմական իրավիճակին, սակայն համարվում է անվտանգ զենք, քանի որ մեր կողմից ապահովվում է անվտանգությունը. տրամադրում ենք համազգեստը, սաղավարտը, ձեռնոցները: Փեյնթբոլը համարվում է այլընտրանքային տուրիզմի կազմակերպման ամենալավ տարբերակներից մեկը»,- ասում են ցուցահանդեսում սպորտաձեւին ծանոթացնողները:

«SportWay»-ին առանձին տաղավար ունեցող «Կրավ Մագա» Հայաստանի ֆեդերացիայի սաները հանդես եկան ցուցադրական ելույթով, որի ժամանակ «առեւանգեցին» եւ փրկեցին հայտնի բլոգեր, ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինին, ով ցուցահանդեսի հատուկ հյուրն է:



«Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել այս զբոսաշրջային ցուցահանդեսին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանին, հայ ժողովրդին աջակցության համար, երբ ես ապօրինաբար ադրբեջանական բանտում էի: Ես զգում էի, որ մենակ չեմ, շնորհակալություն»,- ասաց Ալեքսանդր Լապշինը:

Ապրիլի 20-ին բացված ցուցահանդեսը կտեւի մինչեւ ապրիլի 22-ը:

Պատկերասրահ՝ 
«In Tour Expo» եւ «SportWay»