Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 23-04-2018
«Գարի Քյոսայան» ջազ քառյակի համերգը՝ նվիրված Սերգեյ Քյոսայանին
Ապրիլի 22-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ «Գարի Քյոսայան» ջազ քառյակի համերգը՝ նվիրված հայ անվանի կոմպոզիտոր Սերգեյ Քյոսայանի 100-ամյակին:

Համերգի հատուկ հյուրերից էին Իրինա Զաքյանը, օպերային երգիչ Արսեն Ստեփանյանը, Ալլա Սահակյանը, երաժիշտներ Նելլի Մանուկյանը, Արմեն Հովակիմյանը, Արմեն Մովսեսյանը, ինչպես նաեւ կիթառահար եւ վոկալիստ Դարիլ Դարդենը՝ Միացյալ Նահանգներից։ 

«Համերգը նվիրված էր հորս՝ կոմպոզիտոր Սերգեյ Քյոսայանի 100-ամյակին: Նա մեծ դեր է ունեցել իմ կայացման գործում»,-Eritasard.am-ի հետ զրույցում նշեց Գարի Քյոսայանը՝ հավելելով, որ համերգը փայլուն է անցել: 

Երգչուհի Ալլա Սահակյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք այս տարի նախատեսել էին Քյոսայանի 100-ամյակին նվիրված համերգ կազմակերպել եւ երկար պատրաստվել են այդ իրադարձությանը: «Արտասահմանից հյուր ունեինք՝ կիթառահար եւ վոկալիստ Դարիլ Դարդենը, միասին զուգերգով հանդես եկանք»,-Eritasard.am-ի հետ զրույցում նշեց Ալլա Սահակյանը՝ նշելով՝ ծրագրում ներառված ստեղծագործությունները վկայում էին այն մասին, որ համերգը նաեւ յուրահատուկ հարգանքի տուրք էր: 

Համերգին հնչեցին հին ու սիրված, նաեւ նոր ստեղծագործություններ: 

«Հայրս՝ Սերգեյ Քյոսայանը, երկար տարիներ (մոտ 30 տարի) տնօրինել է Չայկովսկու անվան միջին մասնագիտական երաժշտական դպրոցում, որտեղ սովորել եմ նաեւ ես։ Նա առանձնահատուկ վերաբերմունք ուներ ջազի նկատմամբ։ 

Հիշում եմ՝ դասերի ժամերին դպրոցում լսվում էր դասական երաժշտություն, իսկ ընդմիջումներին ընկերներիս հետ ջազ էինք նվագում։ Մանկությունից հիշում եմ, որ մեր տանը շատ երաժշտություն է եղել։ Հավաքվում էին հայտնի կոմպոզիտորներ, նկարիչներ, ճարտարապետներ, ովքեր հորս՝ Սերգեյ Քյոսայանի մտերիմներն էին։ Սերգեյ Քյոսայանը հայտնի կոմպոզիտոր եւ մանկավարժ էր, ով արվեստին ու իր գործին նվիրվելու անսահման սեր ու կարողություն ուներ»,-ավելի վաղ իր հոր մասին նշել էր Գարի Քյոսայանը: 

Պատկերասրահ՝ Համերգ՝ նվիրված Սերգեյ Քյոսայանին