Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 24-04-2018
Ապրիլի 24-ը՝ միասնականության օր
Համայն հայությունը հիշում եւ դատապարտում է Հայոց ցեղասպանությունը՝ շարունակելով հարգանքի տուրք մատուցել 103 տարի առաջ Օսմանյան կայսրությունում պետական ոճրագործության արդյունքում նահատակված ավելի քան 1,5 մլն զոհերի հիշատակին։

Վաղ առավոտից Ծիծեռնակաբերդի բարձունքին վեր խոյացող Հայոց ցեղասպանության հուշահամալիրը լեփ-լեցուն է։ Չի դադարում մարդկանց լուռ հոսքը դեպի անմար կրակը, որի շուրջ շարունակվում է ծաղիկների խոնարհումը։

Մեծ եղեռնի սրբադասված նահատակների հիշատակին նվիրված համապետական միջոցառումների շրջանակում այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքին են հասել ՀՀ պետական այրերը, Հայաստանում գործող օտարերկրյա դեսպանությունների ղեկավարները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, արտերկրից ժամանած հյուրերը, ինչպես նաեւ հարյուր հազարավոր քաղաքացիներ եւ հայկական սփյուռքից ժամանած հայեր։ Մեծ թիվ են կազմում նաեւ երիտասարդները, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները եւ օտարերկրյա երիտասարդ քաղաքացիները։ Վերջիններս Հայաստանում են միջազգային տարբեր ծրագրերի շրջանակում եւ չէին կարող իրենց երիտասարդ ընկերների հետ այս օրը չլինել հայ ժողովրդի կողքին։

«Մենք գիտենք, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին։ Դա դատապարտելի երեւույթ է։ Ոչ մի ժողովուրդ չպետք է ենթարկվի ցեղասպանության։ Գիտեմ՝ ինչքան կարեւոր են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը եւ դատապարտումը։ Իմ երկիրը ճանաչել է այն, եւ ուրախ եմ, որ այսօր Երեւանում եմ. կարող եմ ծաղիկ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»,- ասաց ֆրանսիացի Աբերի Մորտյեն, ով մեկ վայրում առաջին անգամ էր տեսնում այդքան մեծաթիվ մարդկանց։

Տասնյակ կազմակերպություններ եւ հաստատություններ վաղ առավոտից միասնական երթեր են կազմակերպում։ Խմբերով երթերի մասնակիցները հաղթահարում են Ծիծեռնակաբերդի բարձունքը՝ իրենց պարտքը համարելով մեկ րոպե լռությամբ հարգել ավելի քան 1,5 մլն նահատակների հիշատակը։ Բոլոր երթերն ուղեկցվել են լռությամբ եւ հանգստությամբ։

Պատկերասրահ՝ 24 ապրիլի 2018 թ.