Նյութը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից
Լուսանկարները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից
Տեղադրվել է 25-04-2018
Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը Մալթայում ներկայացրեց Ռիմսկի-Կորսակովի եւ Շորի ստեղծագործությունները
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ապրիլի 23-ի համերգը Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում ուղիղ եթերում հեռարձակեց դասական երաժշտության առաջատար հեռուստաալիքներից մեկը՝ «Մեդիչի» հեռուստաընկերությունը։

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ նվագախումբը կատարեց ռուս կոմպոզիտոր, մանկավարժ, դիրիժոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի չորս մասից բաղկացած «Շեհերազադե» սիմֆոնիկ պոեմը։ Ջութակի մենանվագը՝ Կարմեն Լաուրիի։ «Շեհերազադեն» ոչ միայն Ռիմսկի-Կորսակովի, այլեւ համաշխարհային սիմֆոնիկ երաժշտության լավագույն գործերից է։ Կոմպոզիտորն այն գրել է 1888 թվականին, ըստ «Հազար ու մի գիշեր» արաբական հեքիաթների։ Երեկոյի ընթացքում հնչել է նաեւ մալթյան փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորի՝ Ալեքսեյ Շորի «Ճամփորդական նոթեր» կոնցերտը՝ գրված դաշնամուրի եւ նվագախմբի համար (մենակատար՝ Դենիս Կոժուխին)։

Դաշնակահար Դենիս Կոժուխինը մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է։ Նա նշում է, որ մեծ ուրախություն է գտնվել կոմպոզիտորի կողքին, ում երաժշտությունը կատարելու է։ «Ինձ շատ հոգեհարազատ են Ալեքսեյ Շորի երաժշտական պատկերացումներն ու տպավորությունները այն վայրերի մասին, որտեղ նա ճամփորդել է։ Սա դասական կոմպոզիտորների գեղեցիկ ավանդույթներից է, եւ հաճելի է տեսնել, որ այն շարունակվում է։ Այս կոնցերտում դաշնամուրն ու նվագախումբը մի հիանալի երկխոսության մեջ են, եւ այդ երկխոսությունը ունկնդրին պարուրում է խաղաղությամբ»,- իր զգացումները ներկայացնելով կոնցերտի մասին՝ ասաց Դենիս Կոժուխինը։

Խոսելով փառատոնից իր տպավորությունների վերաբերյալ՝ դաշնակահարը նշեց, որ չնայած առաջին անգամ է Մալթայում, զգում է իրեն ինչպես տանը, ընտանիքի անդամների հետ, որոնց մի մասին արդեն գիտի, մյուսների հետ մեծ հաճույքով կծանոթանա։

Նշենք, որ ապրիլի 23-ին Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում անցկացվող Հայաստանի մշակութային օրերի հերթական միջոցառումը նվիրված էր Տիգրան Մանսուրյանի արվեստին։ Դաշնակահարուհի Նարե Արղամանյանը, ջութակահար Ֆիլիպ Օռլովը, ալտահար Նադյա Դեբոնոն եւ թավջութակահար Պիտեր Ֆլենեգենը ներկայացրին Մանսուրյանի ստեղծագործությունները։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հաջորդ ելույթը Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում այսօր է։ Նվագախմբի հետ հանդես կգա աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը։