Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Լիլիթ Բլեյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 30-04-2018
Լիլիթ Բլեյան. «Ոչինչ էլ դժվար չէ, երբ սիրով ես անում»
Լիլիթ Բլեյանը երկար ժամանակ զբաղվել է լրագրությամբ։ Տարիներ առաջ նա հասկացավ, որ երջանիկ է, երբ երգեր է գրում ու կատարում դրանք: Եվ ահա կարճ ժամանակահատվածում հանրությունը սիրեց թե՛ Լիլիթի տեսակը, թե՛ նրա կատարումները։ Eritasartd.am-ի զրուցակիցն է «մի հեքիաթի աղջիկ»՝ Լիլիթ Բլեյանը:
- Ինչո՞ւ է Լիլիթ Բլեյանն այսքան ուրիշ։
 
- Իհարկե, ես չգիտեմ՝ ինչով եմ ուրիշ, եւ արդյո՞ք «ուրիշ» եմ, պարզապես ես հնարավորություն եմ ստացել ինքս իմ մասին պատմելու այնպիսի հրաշալի մի գործիքի միջոցով, ինչպիսին երգերն են։ Շատ ավելի «ուրիշ» մարդկանց գիտեմ, որոնք չունեն այդ հնարավորությունը, չեն կարողանում որեւէ գեղարվեստական շարադրանքի միջոցով պատմել իրենց մասին, «բաց թողնել» իրենց ներսում եղած-չեղածը, բայց, միեւնույնն է, շատ ուրիշ են… Բախտս բերել է, մի խոսքով, որ կարողանում եմ բառերի, մեղեդիների միջոցով պատմել ինչ-որ բաներ: Եվ եթե այդ երգերը չլինեին, գուցե մենք երբեւէ չզրուցեինք, ու Դուք չմտածեիք, թե ես ուրիշ եմ։

Այսօր Երեւանի փողոցներն ու հրապարակները ողողված են այնպիսի հրաշք «ուրիշ»-ներով, որ մարդ ընդհանրապես անհարմար է զգում իր մասին որեւէ բան պատմել կամ խոսել։

- Ձեր երգերից, կատարումներից կարելի է հասկանալ, որ Ձեր արվեստով ապրում եք․․․

- «Արվեստը» ծանր, պատասխանատու բառ է, եւ միշտ անհարմար եմ զգում, երբ այն ինձ է առնչվում. մի քիչ «մեծ է վրայովս»: Ես ստեղծում եմ փոքրիկ երգեր, իմը «փոքրիկ արվեստ» է։ Ես շատ ուրախ եմ, որ իմ երգերը լսելիս Դուք այդպիսի զգացողություն եք ունենում: Դա նշանակում է՝ տարիներ առաջ ճիշտ եմ որոշել՝ գրել ու կատարել միայն այն երգերը, որոնց ամեն տառն իսկապես կզգամ։ Բացի դրանից՝ այդ աշխարհում արժի ապրել, այնտեղ շատ սիրուն է։

- Հնարավո՞ր է՝ մեկ օր կրկին վերադառնաք լրագրողական դաշտ։

- Միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, որը, հուսով եմ, չի ծագի։ Ամեն մեկս երեւի պետք է գտնի իր կյանքի գլխավոր գործն ու փորձի դա լավ անել, իսկ լավը նշանակում է նաև սիրով։ Ես ինչ-որ պահից արդեն չէի կարող լավ լրագրող լինել, որովհետեւ դադարել էի սիրել այդ ամենը, լրահոսի մեջ գտնվելու պահանջ չէի զգում, հակառակը՝ ամբողջ ուժով ուզում էի փախչել այնտեղից։ Ուրեմն պետք է զբաղվես սիրելի գործով, ապրես լիարժեք կյանքով, փորձես երջանիկ լինել, որ հասկանաս՝ ինչ է երջանկությունը, որի մասին այդքան երգվում է։



- Հայերեն, իսպաներեն, իտալերեն, անգլերեն, ֆրանսերեն. այս լեզուներով երգեր կատարելը դժվա՞ր չէ։
 
- Երեւի ոչինչ էլ դժվար չէ, երբ սիրով ես անում։ Եթե ստիպված լինեի այդ լեզուներով նոտարական թարգմանություններ անել, հաստատ երկրորդ օրն արդեն ինձ համար տառապանք կդառնար։ Քեզ սիրելի լեզուներով երգեր գրելն այնպիսի մի «դրայվ» է, այնպես է դա կլանում ու լցնում ինձ, որ դժվար կհամեմատեմ որեւէ այլ զբաղմունքի հետ։ Ես խաղեր չեմ սիրում. Ա՛յ դա իմ միակ սիրելի խաղն է երեւի։ Այնուամենայնիվ, վերջին շրջանում կենտրոնացել եմ հիմնականում հայերեն երգեր գրելու վրա ու որոշել եմ, որ դա իմ փոքրիկ առաքելությունն է՝ հնարավորինս շատ հայերեն երգեր գրել ու ձայնագրել, ստեղծել իմ բաժին հայալեզու երաժշտական «կոնտենտը»։ Նույն տրամաբանությամբ էլ հենց թարգմանեցի (եւ շարունակում եմ թարգմանել) ֆրանսերեն երգերի մի մեծ շարք. թարգմանությունների միջոցով նույնպես հայերեն երգերի քանակն է ավելանում։ Գուցե այսօրվա գիժ տեմպի մեջ մեզնից ամեն մեկի փոքրիկ գործը միանգամից չի երեւում, բայց երգերը ժամանակի ընթացքում ոչ մի տեղ չեն կորչում, ու գոնե մի փոքրիկ բան կթողնեմ այսօրվա իմ աշխատանքով։ 

- Լիլի՛թ, 11-12 տարեկանում տարվելով իսպանալեզու երգերով՝ Դուք սկսել եք ինքնուրույն սովորել լեզուն եւ դպրոցն ավարտելով՝ կրթությունը շարունակել եք ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի իսպանական բաժնում։ Ի՞նչն է Ձեզ այդչափ գրավում իսպաներենում։

- Իսպաներենն այդպիսին է. ինչքան սովորում ես, այնքան սիրահարվում ես այդ լեզվին։ Համենայն դեպս, իմ պարագայում այդպես էր։ Ես դա չեմ կարող բացատրել։

- Առաջին ձայնասկավառակն անվանեցիք «Ուրիշ քաղաքում». դա՞ այն քաղաքն է, որտեղ ապրում է Լիլիթը։

- Իհարկե։ Քաղաքը, որը տանում ենք մեզ հետ, ուր էլ գնանք, քաղաքը, որտեղ մեր ապրումներն են, մեր ցանկություններն են, մեր հետքերն են՝ թողած տարբեր անկյուններում։ Տարբեր քաղաքների միքսն է այդ քաղաքը, տարբեր քաղաքներում ունեցած պահերի ու զգացողությունների միքսը։ Ինչ փողոց, շենք, գետ ու կամուրջ ասես չկա այդ քաղաքում։ Այնքան տարբեր հանդիպումներ, հրաժեշտներ, մարդիկ, զրույցներ, սուրճի բաժակներ, հյուրանոցներում մոռացված հովանոցներ… Մեր ապրած ամեն օրվա հետ այդ քաղաքը մեծանում, լցվում է, նաեւ՝ երգերով։

- Հաճախ Հայաստանում չեք լինում, բայց երբ վերադառնում եք, վերադառնում եք նոր կատարումներով, նոր ձայնասկավառակով։ Հայրենիքից հեռու գտնվելը արդյո՞ք չի  խանգարում ստեղծագործելուն։

- Հայաստանից դուրս լինում եմ միշտ կարճատեւ ուղեւորություններով, այնպես որ միայն օգնում է, «ռեստարտի» պես մի բան է ամեն ճամփորդությունը, գլուխդ մաքրում է ու օգնում սովորական դարձած առօրյային ինչ-որ նոր կերպ նայել։


 
-Ի՞նչն է Ձեզ առհասարակ «ստիպում» ստեղծագործել։
 
- Ամենահրաշալին հենց այն է, որ ոչինչ ինձ չի ստիպում։ Ազատությունն է, որն առաջացնում է ինչ-որ նոր բան անելու ցանկություն։ Ապրում եմ իմ ամենօրյա կյանքը, որը, բարեբախտաբար, լի է սիրելի մարդկանցով ու աշխույժ իրադարձություններով, տպավորություններով ու հազար ու մի մտքերով։ Այդ ամենը երեւի սինթեզվում է ներսում՝ ինչ-որ տեղ, ու հանկարծ լինում է այնպիսի մի պահ, երբ ներսում ինչ-որ բան նվվում է, չեմ հասկանում՝ ինչ է, բայց զգում եմ՝ անպայման պետք է դուրս պրծնի, որեւէ կերպ ես պետք է իրենից ազատվեմ։ Ու ասենք գիշերվա ժամը երկուսին կարող է մի քանի րոպեում գրվել երգ կամ գոնե բանաստեղծության պես մի բան: Ու քանի որ մենք բոլորս այսօր մեր հրատարակիչներն ենք, այդ բանաստեղծության նման բաները ես անմիջապես կարող եմ տեղադրել իմ ֆեյսբուքյան էջում եւ հանգիստ քնել։ Երգի դեպքում մի քիչ ավելի բարդ է իհարկե։ Եվ դա լավ է, քանի որ ժամանակ եմ ունենում՝ հաջորդ օրն արդեն այլ տրամադրությամբ ուսումնասիրելու, հասկանալու՝ իրո՞ք հաջողված է, հետո՝ օնլայն քննարկում Տիգրանի՝ կիթառիստ-գործիքավորող գործընկերոջս հետ /ով Հայաստանում չի բնակվում/, որից հետո արդեն սկսում ենք աշխատել, երգը պատրաստել ձայնագրության համար, եւ այդպես շարունակ։ Այս պահին մեզ համար էլ աննկատ քայլերով արդեն մոտեցել ենք հինգերորդ սկավառակի ավարտական փուլին։

- «Ամենակարեւորը երազանք ունենալու հանգամանքն է». հարցազրույցներից մեկի ժամանակ ասել եք Դուք: Ինչի՞ մասին է այսօր երազում հեքիաթային Լիլիթ Բլեյանը։

- Երազանք, նպատակ, ցանկություն… Անպայման պետք է լինի մի բան, որ մեզ կմոտիվացնի ամեն օր դուրս գալ ու քայլել կոնկրետ ճանապարհով, գնալ հստակ ուղղությամբ։ Ես այս պահին գտնվում եմ կոնկրետ ցանկությունների ու նպատակների փուլում, պատրաստում եմ նոր սկավառակը, մտածում եմ՝ ինչպես այն հետաքրքիր ու նոր ձեւաչափով հասցնել լսողին։ Երազանքներն այդպես բաժանում եմ իրականանալի մասերի, հերթով փորձում իրականացնել։

- Լիլի՛թ, ստեղծագործական ի՞նչ փուլում եք գտնվում, ի՞նչ սպասենք Ձեզանից։

- Նոր նախագիծը, որի ձայնագրությունը գրեթե ավարտեցինք, նախնական անվանել եմ «Փոքրիկ երգեր»։ Այնտեղ ներառված են երգեր, որոնք իրարից որոշ առումներով տարբեր են, բայց ունեն միավորող երկու կայուն բան՝ նույն ձայնն ու նույն կիթառը։ Կան երգեր, որոնք ամբողջությամբ ես եմ գրել, կան երգեր, որոնց խոսքերը գրել եմ Տիգրանի մեղեդիների վրա, կան ֆրանսերենից թարգմանված նոր երգեր, անգամ մանկական երգեր ենք ներառել, կան երգեր, որոնք առաջ միայն համերգային ակուստիկ տարբերակով էինք կատարում, իսկ այժմ լարային քառյակով ենք ձայնագրել, եւ հակառակը՝ կան երգեր, որոնք ներառված էին իմ նախորդ սկավառակներում՝ «մեծ» տարբերակով, իսկ այժմ ներկայացնելու ենք դրանց փոքր՝ ակուստիկ տարբերակները՝ միայն կիթառի ու ձայնի համար։ Տարբեր ռիթմեր են, տարբեր տրամադրություններ, բայց՝ բոլորը հայերեն։ Թողարկման ժամկետը եւ ձեւաչափն առայժմ քննարկման փուլում են։ Հուսամ՝ շատ չենք ուշացնի։