Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 03-05-2018
Հենրիխ Մխիթարյանը կարող է մասնակցել «Աթլետիկոյի» հետ խաղին
Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպանը ամբողջական մարզում է անցկացրել Անգլիայում եւ թիմի հետ մեկնել է Իսպանիա, որտեղ կարող է մասնակցել Եվրոպա լիգա մրցաշարի կիսաեզրափակչին։

Օրեր առաջ պնդումներ կային, թե Հենրիխ Մխիթարյանը գուցե չկարողանա մասնակցել Եվրոպա լիգայի ընթացիկ մրցաշրջանի Մադրիդի «Ատլետիկոյի» հետ մայիսի 3-ին կայանալիք կիսաեզրափակիչ պատասխան հանդիպմանը: Նմանօրինակ մտավախություն ուներ նաեւ թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, քանի որ վնասվածքից ապաքինվելուց հետո հայ ֆուտբոլիստն անցկացրած իր առաջին՝ նախկին թիմի հետ խաղում կրկին վնասվածք ստացավ ու փոխարինվեց հանդիպման 76-րդ րոպեին:  

Բրիտանական լրատվամիջոցները երեկ փոխանցում էին, որ Հենրիխ Մխիթարյանի մոտ որեւէ լուրջ խնդիր չկա եւ ֆուտբոլիստը ամբողջական մարզում է անցկացրել «Արսենալի» մյուս ֆուտբոլիստների հետ։ Հատկանշական է, որ հայ ֆուտբոլիստը ծնկի հատվածում կրել է հատուկ փաթաթան։ Նախկինում կասկածվում էր, թե կրկնվել է ծնկի վնասվածքը: Իր անցկացրած վերջին խաղում գոլի հեղինակ դարձած կիսապաշտպանը ամենայն հավանականությամբ կկարողանա մասնակցել նաեւ «Աթլետիկոյի» հետ խաղին։ Ֆուտբոլիստը թիմի հետ մեկնել է Իսպանիա։



Բացի Հենրիխ Մխիթարյանից վնասվածքից ապաքինվել եւ թիմին է միացել Ալեքս Իվոբին։ Ի դեպ, հայ ֆուտբոլիստը ծնկի կապանները վնասել էր ապրիլի 5-ին տեղի ունեցած Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի Մոսկվայի «ԲԿՄԱ»-ի հետ առաջին խաղում: Ըստ նախնական կանխատեսումների՝ նա չպետք է խաղադաշտ վերադառնար այս մրցաշրջանում, սակայն արագ ապաքինվեց։

«Ատլետիկո»-«Արսենալ» հանդիպումը կայանալու է մայիսի 3-ին երեւանյան ժամանակով՝ 23:05-ին: Առաջին խաղում սեփական հարկի տակ «Արսենալը» ոչ ոքի՝ 1-1 է խաղացել «աթլետիների» հետ: