Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 06-05-2018
«Աթլետիկոն» եւ «Մարսելը» կվիճարկեց Եվրոպա լիգայի գավաթը
Մադրիդում «Աթլետիկոն» առավելության հասավ «Արսենալի» նկատմամբ, իսկ Ավստրիայում «Մարսելը» կարողացավ լրացուցիչ խաղաժամանակում գրավել «Զալցբուրգի» դարպասը։

Իսպանական «Աթլետիկոյին» հաջողվեց 2010 թ.-ից այս կողմ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերում 5-րդ եզրափակիչի մասնակցության ուղեգիր նվաճել։ Դիեգո Կոստան կարողացավ առաջին խաղակեսի վերջում գրավել լոնդոնյան «Արսենալի» դարպասը եւ ի չիք դարձրեց Արսեն Վենգերի՝ անգլիական ակումբից՝ այս տարի որեւէ մրցաշարում հաղթանակած հեռանալու իղձը։

Արսեն Վենգերի համար «Աթլետիկոյի» հետ կայացած հանդիպումը հոբելյանական 250-րդն էր ՈՒԵՖԱ-ի հովանտու տակ անցկացվող մրցաշարերում, սակայն «զինագործներին» չհաջողվեց երջանկություն պարգեւել իրենց մարզչին՝ խաղային առավելությունը նյութականացնելով եւ գոլ խփելով մրցակցի հարկի տակ, մինչդեռ Կոկեն եւ Անտուան Գրիզմանը կարողացան այնպես անել, որ Դիեգո Կոստան հայտնվի նպաստավոր հարվածային դիրքում։ Առաջին խաղակեսի ավելացված րոպեին «ատլետիները» առաջ անցան հաշվի մեջ։ Երկորդ խաղակեսում հաջողվեց անառիկ պահել սեփական դարպասը եւ երկու խաղերի արդյունքում Մադրիդը ներկայացնող երկրորդ ակումբն էլ կխաղա ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող կարեւորությամբ երկրորդ ակումբային մրցաշարի եզրափակիչում։

Հատկանշական է, որ Մադրիդի «Աթլետիկոն» այս տարվա հունվարից սկսած սեփական հարկի տակ դեռեւս գնդակ բաց չի թողել՝ անցկացնելով 12 խաղ։ Բացի այդ, եթե Դիեգո Սիմեոնեի թիմին հաջողվի հաղթանակի հասնել Լիոնում կայանալիք եզրափակիչում, ապա դա կլինի երրորդ մեծ նվաճումը «աթլետիների» համար։ Նախկինում իսպանական ակումբն արդեն երկու անգամ նվաճել է ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգա մրցաշարի գավաթը։ Ցավալի է, որ Արսեն Վենգերը թողնում է Լոնդոնի «Արսենալը» առանց եվրոպական մրցաշարերում հաղթանակի։

Ի դեպ, «Աթլետիկոյի» հետ հանդիպմանը «զինագործների» հիմնականում տեղ չէր գտել Հենրիխ Մխիթարյանը։ Հայ ֆուտբոլիստը միայն երկրորդ խաղակեսում փոխարինման մտավ, սակայն նրա մոտ չստացվեց այնպես անել, որ «Արսենալը» կարողանա պատասխան գնդակ խփել։

Մեկ շաբաթ առաջ Ֆրանսիայում «Մարսելին» հաջողվեց երկու գնդակի առավելության հաղթել մրցակցին՝ «Զալցբուրգին»։ Ավստրիայում կայացած պատասխան հանդիպման առաջին կեսում ցուցատախտակին վառվում էր 0-0 հաշիվ, որը միանշանակ ձեռնտու էր ֆրանսիական թիմին։ Երկրորդ կեսում, սակայն, «Զալցբուրգին» հաջողվեց երկու գնդակ ուղարկել «Մարսելի» դարպասը։

Հանդիպման հիմնական ժամանակը չորոշեց, թե թիմերից որն է արժանի եզրափակիչում խաղին։ Լրացուցիչ ժամանակում «Մարսելը» կարողացավ անկյունայինի խաղարկումից հետո Ռոլանդուի ջանքերով կրճատել հաշվի տարբերությունը 115-րդ րոպեին։ Սա նշանակում էր, որ մնացյալ 5 րոպեներում ավստրիական թիմը պետք է այս խաղում եւս երկու գնդակ խփի։ Դա գործնականում անհնարին առաքելություն էր։ Անգամ մեկ գնդակ խփել չհաջողվեց։

«Մարսելի» համար ՈՒԵՖԱ-ի հովանու տակ անցկացվող մրցաշարի եզրափակիչը կլինի առաջինը 2004 թվականից այս կողմ։ Թե՛ 1999-ին, թե՛ 2004-ին հայտնվելով ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակիչում ֆրանսիական թիմը պարտություն էր գրել։

ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգա մրցաշարի եզրափակիչ խաղը կկայանա մայիսի 16-ին Լիոնում։