Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 06-05-2018
Ընթերցողները հանդիպեցին Ծով alizé Բանուչյանի հետ
Այս օրերին Հայաստանում է Ֆրանսիայում ուսում ստացող երիտասարդ ստեղծագործող Ծովինար Բանուչյանը (Ծով alizé Բանուչյանը): Ընթերցողներից նամակներ հաճախ է ստացել. ուզում էին հանդիպել: Ծովինարն առիթը բաց չթողեց եւ նախաձեռնեց հանդիպում:

«Քանի որ այստեղ էի, քաղաքում էլ հայտնի իրադարձություններ են, բոլորը դրսում են, մտածեցի, որ ամենաճիշտը կլինի՝ այս ձեւաչափով լինի հանդիպումը: Բացի դրանից՝ այսպես ավելի մտերմիկ է»,- մեզ հետ զրույցում նշեց Ծովինարը:



Ֆեյսբուքյան «event»-ի միջոցով երիտասարդ ստեղծագործողն ընթերցողներին հրավիրել էր Անգլիական այգի, խոստացել մակագրության փոխարեն նապաստակ նկարել: Ասում է՝ մակագրելու համար անհրաժեշտ է անձնապես ճանաչել մարդուն. չի սիրում «շաբլոն» արտահայտություններ գրել: Դրա համար էլ որոշել էր նապաստակ նկարել: Փոքր ժամանակվանից նապաստակ էր լավ նկարում:

Հանդիպման ընթացքում 10 ընթերցող հեղինակի կողմից ստացավ գիրք: Նրանք նախապես մասնակցել էին խաղարկությանը:



«Մինչեւ Հայաստան գալս (ես դեռ չգիտեի, որ արագ գալու եւ հեղափոխության մի մասը դառնալու հնարավորություն կունենայի) ուզում էի մի լավ բան անել այստեղ գտնվողների համար: Խաղարկություն հայտարարեցի. առաջին երեք հոգին, ով հանրահավաքից իր սելֆին կուղարկի ինձ, գիրք նվեր կստանա: Միանգամից տասը հոգի լուսանկար ուղարկեց, եւ ես որոշեցի տասին էլ տալ»,- ասաց Ծովինար Բանուչյանը:

Ստեղծագործողին շատերը ճանաչում են Ծով alizé Բանուչյան: Սկզբնական շրջանում Alizé-ը «վերցրեց» սիրելի երգչուհու անունից: Տարիներ անց Ֆրանսիայում իմացավ, որ «alizé» նշանակում է քամի (երգչուհու անունը` Alizée): Այդպես ավելի հոգեհարազատ դարձավ, այսօր «alizé»-ն իր թալիսմանն է:



Երեկոյի ժամանակ հեղինակն ու ընթերցողները կարդացին Ծով alizé Բանուչյանի բանաստեղծություններից:

Ընթերցողներից Սյուզի Մարտիրոսյանը Ծովինարի ստեղծագործություններին հետեւում է մոտ 4 տարի. «Իր բանաստեղծություններից դրախտային հանգստություն ես ստանում, հայտնվում ես լրիվ ուրիշ աշխարհում, փորձում ես հասկանալ ու գրվածքին նայել այլ տեսանկյունից, մտածում ես՝ նույն պահին դու ինչպես կվարվեիր: Երեւակայելու առիթ է»:



Ծովինարը ստեղծագործում է վաղ տարիքից: Նրա առաջին գիրքը «Տես, որ լռում եմ»-ն է, որը նվիրված է մարտի 1-ի զոհերի հիշատակին: «Երեք քաղաքներ»-ը հեղինակի երկրորդ գիրքն է, որում տեղ են գտել Երեւանում, Մոնպելյեում եւ Փարիզում գրված բանաստեղծությունները: Երիտասարդ հեղինակն ունի նաեւ պատմվածքներ: