Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 10-05-2018
Մեկնարկեց Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 5-րդ մրցույթը
Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 10-ին մեկնարկեց Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 5-րդ մրցույթը:

Փակ քննարկման արդյունքում մրցութային փուլին մասնակցության իրավունք են ստացել 11 պատանի ստեղծագործողներ՝ բաժանվելով երկու խմբի (կրտսեր խումբ՝ մինչեւ 13 տարեկան, ավագ խումբ՝ 14-ից 18 տարեկան): Առաջին անգամ մրցույթին կմասնակցեն նաեւ հայազգի ստեղծագործողներ ՌԴ-ից եւ Գերմանիայից:

Մրցույթի գեղարվեստական ղեկավար Էդմոնդ Մակարյանն ուրախությամբ փաստեց, որ այս տարի մրցույթին մասնակցում են ոչ միայն Հայաստանի տաղանդները: Նրա խոսքով՝ հրաշալի է, որ արտերկրի հայերը եւս ստեղծագործում են:



Մրցույթի մեկնարկին անցկացվեց մասնակիցների ելույթների վիճակահանությունը:

Այս տարի մրցույթը նվիրված է Երեւան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին։ Մրցույթի ավագ խմբի (14-18 տարեկան) մասնակիցները, բացի գործիքային մեկ ստեղծագործությունից, կներկայացնեն նաեւ մեկ երգ, որը նվիրված կլինի քաղաքամայր Երեւանին։ Ի դեպ, լավագույն երգի հեղինակը կպարգեւատրվի Երեւանի քաղաքապետի պատվոգրով: Կրտսեր խմբում (մինչեւ 13 տարեկան), նախորդ տարիների համեմատ, կատարվել է փոփոխություն․ պատանի կոմպոզիտորը կարող է ներկայացնել ցանկացած գործիքի համար գրված մեկ ստեղծագործություն՝ նախկինում պարտադիր պայման հանդիսացող դաշնամուրային ստեղծագործության փոխարեն։



Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են անվանի կոմպոզիտորներ՝ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանը, ՀՀ ժողովրդական արտիստներ Մարտին Վարդազարյանը, Երվանդ Երզնկյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ Էդուարդ Հայրապետյանը, Արզաս Ոսկանյանը, Երվանդ Երկանյանը, ինչպես նաեւ մրցույթի գեղարվեստական ղեկավար Էդմոնդ Մակարյանը:

Մրցույթի գալա համերգն ու մրցանակաբաշխությունը կկայանան մայիսի 12-ին՝ Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը: 

Հայաստանի կոմպոզիտորների միության դահլիճում անցկացվող միջոցառումն իրականանում է ՀՀ մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Պատկերասրահ՝ Մեկնարկեց Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 5-րդ մրցույթը