Նյութը՝ Նելլի Անդրեասյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 15-05-2018
Արեգ Գրիգի «Սղագրեր»-ը Ֆրանսիայում ճանաչվել է տարվա լավագույն գիրք
Մասնագիտությամբ լրագրող, հաղորդավար, իրավաբան եւ հրապարակախոս Արեգ Գրիգի «Սղագրեր» անվամբ բանաստեղծությունների ժողովածուն հասանելի է նաեւ Ֆրանսիայում:

Փարիզում գործող «Bonheur Retrouvé» մշակութաբանական կազմակերպությունը լրագրողի անդրանիկ ժողովածուն արժանացրել է «Տարվա լավագույն գիրք» կոչմանը` շնորհելով հուշամեդալ եւ վկայական: 

Ֆրանսիայում գործող ԱՅԲ FM հայկական ռադիոկայանի «Արեւմտյան Հայաստանի արահետներով» հաղորդաշարի կողմից «Սղագրեր» գրքում զետեղված «Մի բուռ հայրենիք» բանաստեղծությունն էլ ճանաչվել է լավագույնը` արժանանալով վկայականի: 

Այն հարցին, թե ինչպես ստացվեց, որ ժողովածուն հայտնվեց Ֆրանսիայում, եւ ինչպես կազմակերպվեց շնորհանդեսը, գրքի հեղինակը պատասխանեց. «Գրքիս երեւանյան շնորհանդեսից հետո «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով ինձ գրեցին «Bonheur Retrouvé» մշակութաբանական կազմակերպությունից՝ Ֆրանսիայում եւս շնորհանդես-վաճառք կազմակերպելու պատրաստակամություն հայտնելով, ու հրավերը չուշացավ: Քայլեր ձեռնարկվեցին, ու կարճ ժամանակահատվածում հասա Ֆրանսիա: Պետք է նշեմ, որ գրքերի վաճառքից գոյացած ողջ հասույթը նվիրաբերվել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Արայիկ Օրդուբեկյանի բազմազավակ ընտանիքին»:

«Սղագրեր»-ի հեղինակը, խոսելով գրական աշխարհում իր ստեղծագործական գործունեության ծրագրերից, նշեց, որ  ծրագրում է լույս ընծայել պոեմ, որը կրելու է «Քավարան» խորագիրը: Պոեմը չորս լեզվով՝ հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն եւ անգլերեն, հրատարակելու ցանկություն կա: Արեգը մեծ հույս ու ցանկություն ունի, որ այն՝ իբրեւ հոգեւոր արժեք, տեղ կգտնի քրիստոնեական աշխարհում: 

Ֆրանսիայում ստացած տպավորությունների մասին Արեգ Գրիգի վերհիշումն այսպիսին է. «Տպավորություններս անմեկնելի են, կրկին համոզվեցի, որ նախախնամությունը ավելի ազդեցիկ ու զորացուցիչ է, քան հորինված պատահականությունները կամ գրված ճակատագրերը: Միշտ փորձում եմ Բարձրյալի հետ խոսել, ասել, եթե քո կամոք է՝ թող լինի, քանի որ գրելը ինձ համար ինքնանպատակ չէ, ես ընդամենը միջոց եմ: Շնորհակալ եմ, Տե՜ր, որ զորավիգ ես լինում գրչիս»:

Հիշեցնենք, որ Արեգ Գրիգ կեղծանվամբ գրական աշխարհ մուտք գործած բանաստեղծի «Սղագրեր» անդրանիկ ժողովածուի երեւանյան շնորհանդեսը կայացել է 2017 թվականի նոյեմբերի 30-ին: