Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 15-05-2018
Կայացավ «Հոգեբանական վերնիսաժ 2018»-ը
Այսօր 8-րդ անգամ ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնը կազմակերպեց հոգեբանական վերնիսաժ։ ԵՊՀ 8-րդ մասնաշենքի դահլիճ էին շտապել մագիստրատուրայի եւ բակալավրիատի այն ուսանողները, որոնք այդ ոլորտում աշխատանք գտնելու, համապատասխան ծրագրերի դիմելու ցանկություն ունեն:

Ներկայացված էին հոգեբանության դաշտում գործունեություն ծավալող կենտրոններ, կրթական ծրագրեր իրականացնող եւ հոգեբաններին աշխատանք, կամավորություն, պրակտիկա առաջարկող կենտրոններ, կազմակերպություններ:

ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, հ.գ. դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանը, անդրադառնալով վերոնշյալ ցուցահանդեսի կազմակերպման գաղափարին, բարձր գնահատեց այն՝ նշելով, որ «Հոգեբանական վերնիսաժ-EXPO»-ն նախաձեռնել են ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի «Կառավարման հոգեբանության» ոլորտում մասնագիտացող մագիստրոսները, իսկ նպատակն է հանրությանն իրազեկել հոգեբանության եւ այդ ոլորտի մասնագետների կարողությունների մասին:

Հ. Ավանեսյանի հավաստմամբ՝ կարեւորագույն խնդիրներից մեկը, որը փորձում են լուծել վերնիսաժի միջոցով, շրջանավարտ-գործատու կապի հաստատումն է, ինչը հետագայում ուսանողին կապահովի աշխատանքով: 

Ելենան Մայր բուհի ուսանողուհի չէ, սակայն լսելով միջոցառման մասին՝ շտապել է վերնիսաժին, ավելին՝ ձեռքին ոչ թե մեկ, այլ երկու ինքնակենսագրական․ «Սովորում եմ Մանկավարժական համալսարանում, գրեթե միշտ մասնակցում եմ աշխատանքի տոնավաճառների, ինչպես նաեւ կրթական էքսպոների, կարեւորում եմ նմանօրինակ միջոցառումները: Մեզ համար անչափ կարեւոր է ծանոթանալ երկրում գործող կենտրոններին, դրանց գործունեությանը»։

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ «PSY AWARDS» հոգեբանության ոլորտում առաջին մրցանակաբաշխությունը:

Ինչպես նշեցին կազմակերպիչները, մրցանակաբաշխությունը նորամուծություն է: Կազմակերպիչներն առանձնացրել էին «Լավագույն դասախոս», «Լավագույն ուսումնամեթոդական ձեռնարկ», «Լավագույն մենագրություն» անվանակարգերը, իսկ ահա քվեարկությունը փակ գաղտնի անցկացվել է ուսանողների շրջանում։

Հ.Գ.: Ստորեւ ներկայացնում ենք անվանակարգերի հաղթողներին:

«Լավագույն դասախոս» - Էլինա Ասրիյան
«Լավագույն մենագրություն» - «Պրոյեկտիվ մեթոդների գիտակիրառական առանձնահատկությունների համակարգումը», հեղ.՝ Հրանտ Ավանեսյան
«Լավագույն ուսումնամեթոդական ձեռնարկ» - «Պալիատիվ հոգեբանություն», հեղ.՝ Դավիթ Գրիգորյան

Ի դեպ, Հոգեբանության ոլորտում կարեւոր գործունեության եւ ավանդի համար հատուկ մրցանակի արժանացավ նաեւ Էլդա Գրինը։

Պատկերասրահ՝ Հոգեբանական վերնիսաժ - 2018