Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 23-05-2018
Երեւանում կանցկացվի Լրագրողների ֆուտբոլի միջազգային II մրցաշարը
Հայաստանում մայիսի 26-ին կանցկացվի Լրագրողների ֆուտբոլի միջազգային II մրցաշարը:

Այս տարի մրցաշարը նվիրված կլինի Երեւանի 2800-ամյակին եւ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին: Մրցաշարին կմասնակցեն լրագրողների թիմեր Լատվիայից, Լիտվայից, Ռուսաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ուկրաինայից եւ 2 հայկական թիմ՝ Երեւանից եւ Գյումրիից: 

Հանրային հեռուստաընկերության մարզական հաղորդումների ղեկավար Կարեն Գիլոյանը մրցաշարի առթիվ կազմակերպված ասուլիսում տեղեկացրեց, որ այն Հայաստանում անցկացվում է երկրորդ անգամ: Նա ընդգծեց, որ հետխորհրդային երկրներում նմանօրինակ մրցաշարեր անցկացնելու ավանդույթ կա:



«Նախորդ տարի շատ լավ պայմաններում անցավ, յոթ երկրների հարյուրից ավելի լրագրողներ, վերադառնալով հայրենիք, գրեցին Հայաստանի, հայերի հյուրընկալության, գեղեցիկ երկրի, լավ մարդկանց մասին: Մայիսի 26-ին կլինի մեկօրյա պայքար, բոլորը բոլորի հետ ձեւաչափով խաղալու են 12 կամ 15 րոպե»,- նշեց նա:

«Մեդիամաքս» գործակալության գլխավոր խմբագիր, մրցաշարի կազմակերպիչ Դավիթ Ալավերդյանն էլ ընդգծեց, որ դա ոչ միայն մարզական միջոցառում է, այլ առավելապես Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելու նպատակ է հետապնդում:



«Համեստ միջոցներով կարողանում ենք Հայաստան բերել լրատվամիջոցների ներկայացուցիչների, նրանց հրապարակումները, նաեւ ֆեյսբուքյան հիացական գրառումներն անմիջականորեն նպաստում են Հայաստանի մասին դրական տեղեկությունների, դրական էմոցիաների աճին»,- նշեց նա՝ հավելելով, որ նախորդ տարի մասնակիցները հիացական հրապարակումներով են ողողել իրենց էջերը: 

Մրցումների հյուրերը ժամանելու են արդեն վաղը, մասնակիցների մի մասը մեկ օր շուտ գալու ցանկություն է հայտնել, որպեսզի ծանոթանա մշակութային վայրերին, մյուս մասը կժամանի մայիսի 25-ին, նրանց համար զբոսաշրջային ծրագիր են մշակել: Մայիսի 26-ին կկայանա մրցաշարը, իսկ հաջորդ օրը նախատեսվում է այց Սեւան: Մայիսի 28-ին մրցաշարի մասնակիցները ներկա կլինեն Առաջին հանրապետության հարյուրամյակի միջոցառումներին, որից հետո կմեկնեն իրենց երկրներ:



Ալավերդյանը նշեց նաեւ, որ այս տարի գավաթը կոչվելու է «Երեւանի 2800-ամյակի եւ Հայաստանի Առաջին Հանրապետության հարյուրամյակի» գավաթ, իսկ միջոցառումը որոշել են անցկացնել մայիսին, որպեսզի այն տոնական օրերի հետ համընկնի: