Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 25-05-2018
Երիտասարդները հանդիպեցին ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ
Եվրոպայի օրվա տոնակատարությունների շրջանակում տասնյակ երիտասարդներ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները ԵՄ անդամ պետությունների՝ հայաստանյան դեսպանությունների ղեկավարներից ստանալու բացառիկ հնարավորություն էին ստացել։

Արդեն քանի օր է, ինչ Հայաստանի մարզերում եւ մայրաքաղաք Երեւանում ակտիվորեն նշվում է Եվրոպայի օրը։ Տոնակատարությունները ներառում են բազմապիսի միջոցառումներ, որոնց թվում էր այսօր կայացած հայ երիտասարդների հանդիպում-քննարկումը Հայաստանում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկու եւ ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ։

Առաջին ձեռքից տեղեկություն ստանալու հնարավորությունը հայ երիտասարդները փորձեցին հնարավորինս օգտագործել՝ բազմաթիվ հարցեր ուղղելով տարբեր թեմաների վերաբերյալ։ Իրենց հերթին ԵՄ անդամ պետությունների դեսպանները բավականաչափ հետաքրքրված էին հայ երիտասարդների ակտիվությամբ եւ փորձեցին երկխոսություն ծավալել մասնակիցների հետ։

«Ինձ հետաքրքրում է բաց սահմանների եւ ազատ տեղաշարժի հետ կապված իրադրությունը ԵՄ երկրներում։ Այն ամենից շատ քննարկվող թեմաներից մեկն է այսօր։ Ուրախ եմ, որ կարող եմ ինձ հետաքրքրող հարցի պատասխանը ստանալ հենց դեսպանից»,- ասաց ԵՊՀ ուսանող Արեն Մելքոնյանը։

Ինչպես Արենը, այնպես էլ մյուս հայ երիտասարդները, որոնց շրջանում գերակշիռ տեղ ունեին հատկապես ուսանողները, փորձեցին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալ Չեխիայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Շվեդիայի, Մեծ Բրիտանիայի, Հունաստանի եւ ԵՄ անդամ մյուս երկրների հայաստանյան դեսպանությունների ղեկավարներից կամ բարձրաստիճան մյուս աշխատակիցներից։ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին եւս պատասխանեց երիտասարդների հարցերին՝ խոսելով վիզայի ազատականացման խնդիրների մասին։

Բացի ԵՄ անդամ պետությունների դեսպաններից եւ պաշտոնյաներից՝ միջոցառմանը մասնակցում էին նաեւ «Երիտասարդ եվրոպացի դեսպաններ» նախաձեռնության հայ ներկայացուցիչները։ Իրենց նախաձեռնության մասին պատմելուց, հայ երիտասարդներին ԵՄ-ի կողմից տրվող զանազան ու հետաքրքիր հնարավորությունները ներկայացնելուց հետո երիտասարդ դեսպանները հորդորեցին մասնակցել նախաձեռնության նոր անդամների համալրման գործընթացին, որը մեկնարկելու է այս ամռանը՝ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։

Միջոցառման ավարտին հայ երիտասարդներից շատերը փորձեցին պահը հիշարժան դարձնել՝ լուսանկարվելով ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ։

Պատկերասրահ՝ Հանդիպում ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ