Նյութը՝ Նունե Հարությունյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 28-05-2018
Բացառիկ սմարթ կենտրոն՝ Լոռվա մարզում
Մայիսի 27-ին Լոռու մարզի Դեբեդ համայնքում տեղի ունեցավ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի բացումը:
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի բացումը իրենց ներկայությամբ պատվեցին «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի բարերարները, աջակիցները, գործընկերները, մի շարք պաշտոնյաներ եւ այլ պատվավոր հյուրեր:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի շինության կառուցումը սկսվել էր դեռ 2015 թվականից, հետագայում նախագծային որոշ էական փոփոխությունների պատճառուվ այն ավելի երկար տեւեց, քան նախատեսված էր: Ճարտարապետ Փոլ Գալուստյանը հետաքրքիր եւ ոչ ստանդարտ լուծումներով, շրջակա միջավայրի վրա հնարավորինս քիչ ազդեցություն թողնելով, կարողացել է շինությանը տալ տարածքի ռելիեֆին համապատասխան տեսք:

Կենտրոնը նախատեսված է հարակից գյուղերի երեխաների, երիտասարդների եւ մեծահասակների համար, որի միջոցով նրանք կստանան այնպիսի կրթություն, որը կնպաստի իրենց եկամուտի աղբյուրներ ստեղծելուն եւ, ինչու չէ, նաեւ արտագաղթի մասին չմտածելուն:
 
Յուրաքանչյուր ուսումնական ոլորտի համար նախատեսված են սենյակներ, որոնք հագեցած են տվյալ բնագավառին բնորոշ տեխնոլոգիաներով: Կենտրոնի կրթական համակարգում ներառված են ծրագրավորում, համակարգչային դասընթացներ, անգլերենի ուսուցում, ռոբոտաշինություն, պար եւ այլն: Սրանց հետ մեկտեղ ծրագրեր են նախատեսվում գյուղատնտեսական ոլորտում, որը կխթանի համայնքներում գյուղատնտեսության զարգացումը: 



Կենտրոնում առանձնանում է բացառիկ հյուրատունը, որը նախատեսված է հրավիրված մասնագետների եւ զբոսաշրջիկների համար:

ՍՄԱՐԹ կենտրոնի գործառույթների տնօրեն Քրիստ Մարուքյանը նշեց. «Երեխաների, ուսուցիչների հետ աշխատելով՝ հասկանում ես, որ նրանք սահմանափակված են դպրոցի ծրագրերով, կողմնորոշիչներով, որոնք դրված են դպրոցների առջեւ, եւ անհրաժեշտություն է առաջանում ստեղծել մի միջավայր, որտեղ կարող ես ներկայացնել այլ ծրագրեր, որոնք կբխեն թե՛ տվյալ համայնքի շահերից, թե՛ կօգնեն անհատին դուրս գալ այդ սահմանափակման շրջանակներից, եւ պլաններ կան՝ առաջիկա 10 տարիների ընթացքում յուրաքանչյուր մարզում ունենալ մեկ ՍՄԱՐԹ կենտրոն»: 

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Գարո Արմենը իր ելույթում շնորհակալություն հայտնեց այն մարդկանց, ովքեր աջակցել են կենտրոնի ստեղծմանը՝ կենտրոնը համարելով  Հայաստանի եւ Սփյուռքի ձեռքբերումներից մեկը:

Շնորհակալական իր ելույթում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց. «Այն, ինչ մեր սերունդը չուներ երեկ, այսօր ունի այս սերունդը, իսկ վաղվա սերունդն ունենալու է միանշանակ ավելին: Իմ շա՛տ սիրելի պատանիներ, եղե՛ք երազող եւ հավակնոտ, որովհետեւ ձեր երազանքներն ու հավակնություններն են այն նպատակները, որոնք պիտի դրվեն մեր կառավարության սեղանին եւ առհասարակ ապագա բոլոր կառավարությունների սեղաններին»:

Շնորհակալական ելույթներին հաջորդեց համերգ Հայաստանի պետական կամերային նվագախմբի կատարմամբ, որով էլ եզրափակվեց միջոցառումը:

Պատկերասրահ՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի բացումը