Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Խաչատուր Մարգարյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 31-05-2018
Խաչատուր Մարգարյան. «Գիտելիքների բազան համալրելը երբեք ավելորդ չէ»
Eritasard.am-ը շարունակում է «Հաջողության գրավականը» խորագիրը կրող շարքը: Այս անգամ ներկայացնում ենք մասնագիտությամբ ակնաբույժ Խաչատուր Մարգարյանին:
Պատմում է ինքը՝ Խաչատուր Մարգարյանը: 

Մասնագիտության ընտրության հստակ որոշում, այլընտրանք, ծնողների վերաբերմունք…

Բժշկի մասնագիտությունն ընտրելու հարցում երբեք չեմ տատանվել: Ավելին, դեռ դպրոցական տարիներից մտածել եմ հենց բժիշկ դառնալու մասին: Չնայած նեղ մասնագիտական առումով ընտրել էի ակնաբուժությունը, սակայն հետաքրքրությանս շրջանակներն առնչվել են նաեւ դատական բժշկությանը, ուստի փորձում էի հավելյալ գրականության միջոցով բավարարել հետաքրքրություններս: Ընտրածս մասնագիտությունն էլ՝ ակնաբուժությունը, շատ հետաքրքիր է: Անկեղծ ասած, մինչեւ ԵՊԲՀ ընդունվելը մտածում էի կա՛մ իրավաբան դառնալ, կա՛մ կինոռեժիսոր: Իրավաբանությունը եւս հետաքրքիր է, սակայն ես այդքան էլ սեր չեմ ունեցել հումանիտար առարկաների նկատմամբ, չնայած դպրոցում գերազանց եմ սովորել: Ինչ կապված է կինոռեժիսորի մասնագիտության հետ, ապա նշեմ, որ ծնողներս հեռուստատեսության բնագավառի երկարամյա աշխատողներ էին, ուստի փոքրուց հետաքրքիր է եղել հետեւել աշխատանքային գործընթացին: 

Ծնողներս ոգեւորել եւ խրախուսել են բժշկի մասնագիտությունն ընտրելու առումով: Կլինիկական օրդինատուրան մի քանի ամիս առաջ եմ ավարտել, սակայն աշխատանքային ծանրաբեռնվածությունս հաշվի առնելով՝ դեռ չեմ հասցրել գործունեություն ծավալել իմ ոլորտում, սակայն ակնաբուժությունն իմ տարերքն է: 

Միջազգային կապերի գծով պրոռեկտորի օգնական…
 
5-րդ կուրսից  5 տարի եղել եմ միջազգային կապերի գծով պրոռեկտորի օգնական: Չնայած զբաղվածությանը՝ կարող եմ ասել, որ ուսմանս չէր խանգարում, քանի որ ես բնույթով այնպիսին եմ, որ որքան զբաղված եմ լինում, այնքան շատ բան եմ հասցնում անել: Պետք է նշեմ, որ մեր համալսարանը միջազգային ուսանողների թվով ամենամեծն է ՀՀ-ում եւ ներառված է  աշխարհի առաջին 100 համալսարանների ցանկում՝ արտասահմանյան ուսանողների քանակով եւ իհարկե ուսման որակով: Բավականին հետաքրքիր իրավիճակ է, երբ ինքդ ուսանող ես եւ շփվում ես քեզ պես ուսանողների հետ, սակայն՝ կարգավիճակի փոքր տարբերությամբ. հանդիսանում ես ադմինիստրացիայի ներկայացուցիչ: Իրականում դա շատ օգնում էր ուսանողների խնդիրներն արագ բարձրաձայնելու առումով, որովհետեւ երբ ինքդ այդ գործընթացում ես եւ ինքդ քեզ վրա ես զգում այդ խնդիրների առկայությունը, ուստի լծակ ունենալով, բավականին հեշտ է դառնում խնդիրների բարձրաձայնումը: Այդ ընթացքն անգնահատելի փորձ է եղել իմ կյանքում՝ թե՛ կոլեկտիվի, թե՛ ղեկավարի տեսանկյունից: Ես չգիտեմ՝ ինչպես կկառուցվեր իմ հետագա տեսլականը, եթե այդ շրջանը կյանքումս չլիներ: 
 

 
Բժիշկ ուսանողների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի նախագահ…
 
Բժիշկ ուսանողների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիան միջազգային կառույց է, որտեղ աշխատանքային գործունեությունս ծավալել եմ 2009 թ.: Ես մտածեցի, որ Ատամնաբույժ ուսանողների միջազգային ասոցիացիան, Դեղագետ ուսանողների համաշխարհային ֆեդերացիան եւ Բժիշկ ուսանողների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիան պետք է միավորվեն Հայաստանում եւ սկսեն համատեղ աշխատել: Համատեղ աշխատանքը թույլ կտար ռեսուրսները ճիշտ օգտագործել: Եվ այդ միտքն ի վերջո իրականություն դարձավ: Այդ ընթացքում ուսանող ընկերներով որոշեցինք Հայաստանում անցկացնել երիտասարդական միջազգային ֆորում, որն անցավ ԵՊԲՀ 90-ամյակի շրջանակում: Ֆորումը բավականին մեծ արձագանքներ ստացավ, քանի որ քննարկվում էին երիտասարդության հետ կապված կարեւոր եւ սուր հարցեր, մասնավորապես չճանաչված երկրների քաղաքացիների կրթություն ստանալու իրավունքը, որը մինչեւ այսօր կա: 

Հերացի արհեստակցական կազմակերպության հիմնադիր-անդամ, միջազգային նախագծերի պատասխանատու… 

Կրկին ընկերներով, տարբեր սերնդի ներկայացուցիչներով համախմբվեցինք մի գաղափարի շուրջ, որն ուղղված էր աշխատակիցների իրավունքների պաշտպանությանը, սոցիալական կարգավիճակի բարելավմանը: Այս գաղափարը եւս իրականություն դարձավ, քանի որ Հերացի արհեստակցական կազմակերպությունն իսկապես շատ անհրաժեշտ կառույց է: 

Կարիերայի կենտրոնի ղեկավար…
 
Համալսարանում աշխատանքի անցնելու առաջին պահից Կարիերայի կենտրոն ունենալու միտք ծագեց: Նպատակ կար ստեղծել մի դաշտ, որտեղ հնարավոր կլիներ նպաստել ուսանողների, երիտասարդ մասնագետների աշխատանքային գործունեությանը, կարիերայի զարգացմանը: Բավականին  երկար ժամանակ այդ գաղափարը թրծվեց, որպեսզի ճիշտ թիրախներ ընտրվեն, քանի որ, ի վերջո, կենտրոնի գլխավոր նպատակը մարդկանց օգուտ բերելն է: Նպատակները հստակեցնելուց եւ համապատասխան ճանապարհային քարտեզը գծելուց հետո անցանք Կարիերայի կենտրոնի գործունեության բուն աշխատանքներին: Իրականում Կարիերայի կենտրոնի նպատակները շատ բազմազան են: Իմ անձնական փորձի արդյունքում կարող եմ ասել, որ շատ բաներ կան, որ պետք է սկսել հենց ուսանողական տարիքից: Մենք, շատ հաճախ մտնելով բուհ, դառնալով ուսանող, լավ չենք պատկերացնում մեր ապագա ճանապարհը: Շատ կարեւոր է, որ երիտասարդ մասնագետն ավարտելուց հետո չհիասթափվի, ուստի անհրաժեշտ է աջակցություն՝ մասնագիտական գիտելիքներն ու որակներն իրացնելու համար:


 
ԳլՕԲ-ՈւՍ  (Գերլարված օրակարգով բժշկական ուսուցում) ծրագրի ղեկավար…
 
Բժշկության մեջ կան բազմաթիվ բժշկագիտական դպրոցներ, որոնց հիմնական տարբերությունը նույն վերջնարդյունքներին՝ գիտելիքին եւ հմտություններին հասնելու տարբեր մեխանիզմների կիրառությունն է: Մեր երկրում պատմականորեն կիրառվում է գերմանական դպրոցը, սակայն հաշվի առնելով, որ ուսանողական տարիներին միշտ արդիական է ապագայում գործունեության նեղ ոլորտում կողմնորոշվելու հարցը, իրականացնում ենք «ԳլՕԲ-ՈւՍ» նախագիծը,  որի նպատակն է տարբեր բժշկագիտական դպրոցներով անցնելը: Տարբեր բժշկագիտական դպրոցների մեխանիզմով  դասավանդում է իրականացվում: Այս պահին գործում է «ԳլՕԲ-ՈւՍ»-ի ամերիկյան եւ հնդկական մոդելը: Վերջինս ուղիղ իրավահաջորդն է բրիտանական մոդելի: Գաղտնիք չէ, որ մեզ մոտ Հնդկաստանից ուսանողները շատ են: Նպատակը հենց այդ մոդելներով ուսանողներին անհրաժեշտ բազային գիտելիքները սովորեցնելն է: Ի վերջո, որքան էլ բժիշկը սովորի, միեւնույնն է, միշտ սովորելու, զարգանալու տեղ կա: Գիտելիքների բազան համալրելը երբեք ավելորդ չէ, հատկապես՝ աշխարհում ընդունված առաջատար մեխանիզմներով:

Ուսանողական խորհրդարանն ու դրա դերը կյանքում…
 
2011-2017 թվականներին ուսանողական խորհրդարանում եմ եղել: Այն ՀՀ միակ ուսանողական ինքնակառավարման մարմինն է, որը խորհուրդ չէ, այլ խորհրդարան է իր կառուցվածքով: Այդ տարիները շատ հատկանշական են ընկերների, աշխատելաոճի, ինքնաիրացման տեսանկյունից: Միջազգային գործունեության հիմքը դրվել է հենց այդ շրջանում: Խորհրդարանում կրկին եղել եմ որպես միջազգային կապերի հանձնաժողովի հիմնադիր-նախագահ: Կյանքից իսկապես շնորհակալ եմ այդ տարիների, ձեռք բերած ընկերների եւ գիտելիքների համար: Իսկ եթե կարողացել եմ իմ գործունեությամբ որեւէ բան թողնել, ապա միայն երջանիկ եմ:

Ձեր բժիշկ Մարգարյանը…
 
Ընկերներիցս մեկը հայտարարություն էր տեսել, որ հեռուստաընկերություններից մեկը կազմակերպում է առողջապահական հաղորդում, եւ նրանց հաղորդավար է անհրաժեշտ: Որոշեցինք գնալ: Փորձեր արվեցին, եւ օրեր անց հրավիրեցին հաղորդումը վարելու: Հաղորդումը կոչվեց «Ձեր բժիշկ Մարգարյանը»: Մոտ երկու տարի վարեցի այդ հաղորդումը, իսկ հետո այլ հեռուստաալիքով ընկերներով որոշեցինք պիլոտային ծրագիր իրականացնել, որտեղ ես հանդես եկա որպես պրոդյուսեր: Հաղորդումն ինքնին յուրահատուկ ձեւաչափով էր եւ նման չէր մյուսներին: Մոտ 19-20 հաղորդում նկարվեց: Ժամանակի սղության պատճառով դադար վերցրեցինք, սակայն մոտ ապագայում, իհարկե, կրկին գործարկելու նպատակ կա, բայց՝  նոր մոտեցմամբ, նոր գաղափարներով: 



«Что? Где? Когда?»-ի գիտակ…

Շաբաթ օրերը մեր համալսարանում մշտապես կազմակերպվում էր «Что? Где? Когда?» ինտելեկտուալ խաղ, որին որոշեցի մասնակցել: Ձեւավորեցի թիմ՝ կրկին ընկերներիցս բաղկացած, իսկ ամենակարեւորը՝ լավ մարդկանցով: Առհասարակ մարդկային տեսակն ու մարդկային հարաբերությունները կարեւորում եմ: Առաջին հերթին գնահատում եմ մարդկային արժանիքները, իսկ հետո՝պրոֆեսիոնալիզմը: Վերջինս կարելի է զարգացնել, սակայն մարդկային արժեքները փոխել եւ սերմանել չի լինում: Խաղի շրջանակում մեր թիմով վստահ առաջ էինք գնում՝ հաջողություններ գրանցելով: 

Երաժշտական մի շարք գործիքներին տիրապետելն ու սպորտային նախասիրությունները…

Իրականում դեռ փոքր տարիքից մեծ հետաքրքրություն եմ ունեցել նկարչության հանդեպ, սակայն, չգիտես ինչու, չէր ստացվում լավ նկարել, ուստի արվեստի հանդեպ հետաքրքրություններս լրացրեցի երաժշտության ոլորտում: Ունեմ ջութակահարի բազային կրթություն, սակայն որպես հոբբի երբեմն նվագում եմ կիթառ, դաշնամուր, շրթհարմոն, դուդուկ: Սպորտի հետ կապված եւս հետաքրքրություններ ունեցել եմ: 7 տարի լողով եմ զբաղվել: Ցավում եմ, որ ժամանակի սղության պատճառով չեմ կարողանում սպորտին ժամանակ տրամադրել:



Մասնագիտական գործունեությունը բացառապես հայրենիքում ծավալելու մասին…
 
Երբեք չի եղել ձգտում, որ այս կամ այն տարիքում պետք է որեւէ նշաձողի հասնեմ: Եղել են հստակ տեսլական, նպատակ: Իմ առջեւ դրված նպատակներին հասնելու համար դեռ շատ ճանապարհ ունեմ: 

Այնպես է ստացվել, որ աշխատանքային գործունեությունս մշտապես կապվել է միջազգային ուղղության հետ: Հանդիսանում եմ նաեւ արտասահմանյան ուսանողների դեկանի տեղակալ: Ուստի արտերկրում աշխատելու շատ առաջարկներ են եղել, սակայն մերժել եմ: Ես ծնվել եմ այստեղ՝ Հայաստանում, ճանապարհ եմ անցել, կայացել եւ դեռ շարունակում եմ սովորել, զարգանալ, ուստի որոշակի պարտավորություն եմ զգում հենց իմ երկրի առաջ՝ օգտակար լինելու մեծ պարտականություն: Մյուս կողմից ես ինձ չեմ պատկերացնում այլ վայրում, քանի որ այստեղ իմ ընտանիքն է, հարազատները, ընկերները, այն ամենը, ինչ ձեռք եմ բերել: Եթե գնալ, ապա՝ միայն կարճ ժամանակով, այն էլ՝ մասնագիտական գիտելիքները խորացնելու նպատակով եւ այդ գիտելիքներն այստեղ իրացնելու միտմամբ:

Հաջողության գրավականը…

Համառությունը, բարությունն ու շնորհակալ լինելու զգացողությունը: Կյանքում շատ իրավիճակներ են լինում, երբ ստիպված ես լինում հանձնվել: Սակայն չպետք է հանձնվել ոչ մի պարագայում, քանի որ ցանկացած անկում մի նոր վերելքի սկիզբ է: Այս առումով համառությունը շատ է օգնում: Ինչ վերաբերում է բարությանը, ապա կարծում եմ, որ եթե բարի չես շրջապատիդ նկատմամբ, ապա շատ դեպքերում աշխարհայացքը նեղանում եւ դառնում է տեսակետ: Շնորհակալ լինելն ամենալավ զգացումներից մեկն է: Եթե դու շնորհակալ ես, ապա պատրաստ ես ընդունել ճակատագրի նվերները, որոնք ճակատագիրը տալիս է: Այսինքն՝ պատրաստ ես ընդունել եւ դրա դիմաց վերադարձնել լավն ու դրականը: