Նյութը՝ Հովհաննես Կարապետյանի, Լեհաստանում «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի» կամավոր
Լուսանկարները՝ Հովհաննես Կարապետյանի
Տեղադրվել է 05-06-2018
Եվրոպական հարեւանության օր
Տոն՝ Եվրոպական հարեւանության օր. այն մայիսին նշվում է Եվրոպական ֆեդերացիայի տեղական համերաշխության նախաձեռնությամբ: Առաջին տոնակատարությունները 2000 թվականին տեղի են ունեցել Փարիզում:

Այս օրը նշվում է Եվրոպայի ավելի քան 30 երկրներում, ինչպես նաեւ Կանադայում: 
Դա Եվրոպայում տեղական համայնքների ամենամեծ տոնն է, որը գտնվում է Եվրոպական հանձնաժողովի հովանու ներքո եւ աջակցություն է ստանում Տարածաշրջանների կոմիտեի կողմից: 2008 թ.-ին հարեւանների օրն ընդգրկվել է  Եվրոպական տարվա միջմշակութային երկխոսության տոնակատարությունների ցանկում:

2007 թ.-ին տոնակատարություններին մասնակցել է ավելի քան 7 մլն մարդ՝ 28 երկրների ավելի քան 700 քաղաքներից եւ կազմակերպություններից, իսկ 2008 թ.-ին՝ 8 միլիոն մարդ՝ ողջ Եվրոպայի 800 քաղաքներից եւ կազմակերպություններից:

Տոնակատարություններն անցկացվում են նաեւ Լեհաստանի շատ քաղաքներում` Գդանսկում, Կատովիցեում, Լոձում, Վարշավայում, Պոզնանում, Վրոցլավում, Վիսլայում եւ իհարկե Գդինիայում:

Այդ օրը կազմակերպվում են փառատոներ, մրցույթներ եւ խաղեր: Տարեսկզբին բնակիչները խրախուսվում են, որպեսզի հանդիպեն իրենց հարեւանների հետ, խոսեն, միմյանց հետ ավելի լավ ծանոթանան, միմյանց տուն հրավիրեն: Անչափ հաճելի եւ միեւնույն ժամանակ պարտավորեցնող է այդ տոնակատարությունների մաս կազմել եւ լինել կամավոր: Այդ օրը մենք օգնում էինք Նինային՝ վրացի կամավորին, ով իր կամավորական աշխատանքն է անում «Kreatywni» կազմակերպությունում: Տարբեր կազմակերպություններ իրենց գործունեությունն էին ներկայացնում եւ ներկաներին առաջարկում իրենց ծառայությունները: Գրեթե բոլոր տաղավարներում սննդի անվճար հյուրասիրություն էր: Մեր տաղավարում մենք պատրաստել էինք տարաբնույթ պաստառներ, խաղեր եւ հարցեր՝ օրվա խորհրդի հետ կապված: Հարցերից մեկը, օրինակ, հետեւյալն էր.  «Հավասարությունը եւ հարգանքը բոլորի համար…», եւ մարդիկ իրենց պատկերացմամբ պետք է լրացնեին նախադասությունը: Բոլոր մասնակիցները ստանում էին խրախուսական մրցանակներ, քաղցրավենիք: Նաեւ բոլոր կամավորներիս համար շատ լավ առիթ էր ստեղծվել լեհերենը պրակտիկայում կիրառելու համար: Տոնը հաջողված էր, բոլորն ուրախ էին եւ ժպտում էին: Ես էլ անմասն չմնացի նվերներից, ինչի համար հատուկ շնորհակալություն «Kreatywni» կազմակերպության աշխատակից Ալեքսանդրային: